Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայտնաբերման ճանապարհին

Հունվար 17,2024 12:30

Սկիզբը՝ այստեղ:

17. Հայերս հոտային զգացումով օժված լինելու դեպքում…

Երեւանից «Արենի» զբոսաշրջության գրասենյակի տնօրեն Մարինե Փափազյանը հայտնեց, որ Դահո, ապա եւ Երեւան թռիչքի ազատ տոմս չկա: Ուրեմն մեկ ամիս պատք է ժամանակ վատնել, մինչեւ թռիչքի օրը գա:

Ամեն հարցում ես անընդհատ մերժում եմ ստանում ոչ թե այն գործի համար, որոնք ներկայացնում եմ հանրությանը,  ուղղակի հակասությունը իմ անձի հետ է կապված: Օրինակ, երբ ես «Արդշինբանկի» բաժնետերերից մեկի հետ նախնական պայմանավորվածության համաձայն բանկի խորհրդին ներկայացրի արցախյան Քաշաթաղի շրջանի Վարազգոմեր քարանձավային գյուղի IX դարի կիսաքանդ եկեղեցու վերականգնման նախագիծն ու նախահաշիվը, խորհրդի անդամները քննարկեցին ոչ թե միջնադարյան եկեղեցու փրկության, այլեւ այդ գաղափարի հեղինակի հարցը, եկան այն հետեւության. քանի որ Բակուրը մի հոդվածում քննադատել է իրենց խորհրդի նախագահին, ուրեմն նրա ներկայացրած  նախագիծը մերժվում է: Ճիշտ է, այս եւ նման այլ հարցերի շուրջը մենք հակասություններ ու անհամաձայնություններ ունենք, մանավանդ կոռուպցիայի, պաշտոնի չարաշահման եւ կոռուպցիային տուրք տալու առումով /դա մեր բոլոր «ընտրյալների» ապրելակերպն է ու գոյութան իմաստը/,  բայց դա չի խանգարում միշտ շեշտել, որ նաեւ նրա եւ հաջորդ նախագահի ջանքերի շնորհիվ էր 1992-94 թթ.  պատերազմում փայլուն հաղթանակը թուրքերի նկատմամբ: Մանավանդ այսօր, երբ ՀՀ կառավարության կամքով թուրքերին է հանձնվել հայրենի եզերքը՝ Արցախը, իսկ նրա 120 հազար հայ բնակչությունը ենթարկվել է մի նոր ցեղասպանության, մտածում ես, որ վատից  վատթարագույնն էլ կա: Մնում է մեղադրել նախկին կառավարիչներին, որ երկիրը ինքնակամ հանձնեցին թշնամուն:

Զգալով, որ սոցցանցերից թվիթերյան արձագանքները տասն անգամ  գերազանցում են Ֆեյսբուքի իմ էջի այցելուներին, բացի այդ, Թվիթերի այցելուները, մանավանդ Արցախի խնդրում, մեծամասնությամբ անծանոթ լրագրողներ են, գործարարներ, արվեստագետներ, գիտնականներ, պետական այրեր, ինքս ավելի տուրք տվեցի դեպի Թվիթերը: Երբեմն քաղաքական թեմաները կատակերգությամբ եմ արտահայտում՝ ողբերգությունը համեմելով հումորի հետ: Օրինակ, Արարատ լեռան մեր պահանջատիրության խնդիրը ներկայացնելու համար տեղադրեցի լեռան պատկերը՝ նկարահանած արբանյակից, կից տեղադրելով նռան հատիկներով կազմած Սիս եւ Մասիս լեռներով: Թուրքերին առաջարկեցի վերադարձնել հայերիս բիբլիական լեռը, փոխարենը առաջարկելով նռան հատիկներով «Արարատը»: Գրեցի մեր մայրաքաղաքի՝ Անին վերադարձնելու մասին: Մի թուրք պատասխանեց, որ երբեք Անին չեն վերադարձնի հայերին: Անշուշտ, կամովին չեն զիջի ոչինչ, ընդհակառակը, ձգտում են ոչնչացնել հայերի հետքերը: Դրա ապացույցը Արցախի եւ ՀՀ շուրջը իրադարձություններն են:

Տեղադրեցի Շուշի բերդաքաղաքի Հին գերեզմանոցի կիսաջարդ տապանաքարի լուսանկարը: Այդ գերեզմանոցում ես հին տապանաքար էի փնտրում, հետո տեսա մի քարակույտ, որտեղ հավաքել են ջարդած տապանների բեկորները: Ամեն բեկոր մի քանի տառ, թիվ էին պարունակում: Այդ բեկորները թուրքերը լցնում էին հենց այդ գերեզմանոցում կառուցվող առանձնատների հիմքում, այդպես ոչնչացնում հայկական գոյության վկայությունները: Ճիշտ է, նման գրառումները կոնկրետ քաղաքական խնդիրներ չեն լուծում, սակայն կարեւոր են հասարակական կարծիք ձեւավորելու գործում: Հաճախ ասում են՝ հասարակական կարծիքին ո՞վ է բանի տեղ դնում: Սակայն այս կամ այն խնդրի հետ կապված հասարակական կարծիքն է որոշում նրանց ճակատագիրը: Եթե ինքնատիպ բարձրաքանդակներով Շուշիի գերեզմանատան ջարդած տապանաքարի լուսանկարին ու գրառման տակ նշան են թողնում շուրջ ութ հազար այցելու, ապա գրառումը հաջողված եմ գտնում: Իհարկե, եթե նման նյութեր տեղադրեին Շերը, Կիմ Քարդաշյանը, Սերժ Թանկյանը, որոնց երկրպագուները միլիոններով են հաշվում, այս խնդրում մենք հեշտությամբ կհաղթեինք թուրքերին: Սակայն նրանք չարձագանքեցին իմ կոչին:

Կամո Մկրտչյանն առաջարկեց հանդիպենք հայտնի գործարար Վահե Կարապետյանին, որին կարող եմ ներկայացնել սփյուռքահայության հետ կապված ծրագրերս: Երկար փնտրտուքներից հետո գտանք գործարանը:  Փակ թափքով մեքենաներ էին հավաքում: 2020 թ. Վահեն տեղափոխվեց Երեւան եւ ԵՐԱԶ գործարանում  ներդնելով 25 հազար դոլար, սկսեց ԿամԱԶ-ի հիմքի վրա հատուկ նշանակության մեքենաների արտադրությունը: Երբ Ադրբեջանը Թուրքիայի ու Սիրիայից թուրք ահաբեկիչների հետ հարձակվեցին Արցախի վրա, Վահեն 40 ավտոմեքենաները վերափոխեց ռազմաճակատային շտապօգնության մեքենաների: Սակայն երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց գործարարի հետ նրա ներդրան շուրջ բանակցել, պատասխանելով, թե այդ հարցով պետք է դիմի նախարարին: Վերջինս հրաժարվեց հանդիպել գործարարին ու վճռել մեքենաների՝ ռազմաճակատ ուղարկելու հարցը: Վահե Կարապետյանը ստիպված էր վերադառնալ Լոս Անջելես: Իսկ թե ինչ ճակատագիր ունեցան մեքենաները, անհայտ է:

Նրա օգնական Ալիկ Ջանջուղազյանը հայտնեց, որ Վահեն հիվանդ է, սակայն կարող է հեռախոսով կապվել նրա հետ եւ հայտնել մեր մասին:

Վահե Կարապետյանին հեռախոսով հայտնեցի ԱՄՆ բերած իմ ցուցահանդեսի նյութերի ու դրանց ճակատագրի մասին: Ավելացրի, որ դրանից բացի, կարեւոր առաջարկություն ունեմ: Նա պատասխանեց, որ եթե չբարդանա վիճակը, ապա անպայման տեղյակ կպահի ու կհանդիպենք:

Վահեն ժամանակին փորձել էր կյանքի կոչել ազգային տուրք ծրագիրը, ըստ որի՝ յուրաքանչյուր հայ տարեկան 20-ական դոլար պետք է մուծի համահայկական ֆոնդին: Սակայն այդ ծրագրին հենց Հայաստանում շատ մարդիկ դեմ էին, քանի որ ներկա դրամահավաքին ավելի շահագրգիռ էին, իսկ նոր համակարգը իրենց ոչինչ չի խոստանում:

Երբեմն թվում է, թե ողջ հայությունը մեթոդորեն խուսափում է որեւէ բնագավառի հաջող ընթացքից եւ ուրախանում այս կամ այն հայ մարդու անհաջողությամբ, չկասկածելով, որ դա հենց ի՛ր անհաջողությունն է: Անհաջողությունների շարքում որոշեցի, որ կառուցվող Հայ-ամերիկյան թանգարանի տնօրեն Պերճ Կարապետյանի հետ հանդիպումը  կարող է դրական արդյունք ունենալ: Սակայն նրա հետ հանդիպումը ձախողվեց: Նա ուղղակի խուսափեց հանդիպելուց, հայտարարելով, թե դեռ պետք է պարզի, թե ով  է այդ Բակուր Կարապետյանը:

Հայկական Սփյուռքը իրո՞ք նվաղում է: Այս իրավիճակը բացատրվում է նաեւ հայկական իշխանությունների վերաբերմունքով:  Դիտարկել Սփյուռքը որպես կթու կով, բերում է նաեւ հիասթափության ու անտարբերության, հավատքի կորստի: Հիշում եմ. բոստոնցի բժշկուհի Քարոլան Նաջարյանը, որը սկսած 1988-ից բարեգործական բեռներ է բերում Արցախ, որոշելով իր հենարանն ունենալու Մայր հայրենիքում, Հրազդանի ձորահայաց շինություն սկսեց կառուցել: Իր վստահած անձը ինքնակամ ու բժշկուհուց գաղտնի շինությունը գրանցեց իր անունով, ապա վաճառեց ՀՀ գլխավոր իրավապահին: Վերջինս անընդհատ կարճում էր բժշկուհու հարուցած գործը, միչեւ որ օրինական տերը հոգնեց ու հրաժարվեց պայքարելուց:

Իսկ Սփյուռքը շունչը պահած սպասում էր, թե ինչ կլինի, որպեսզի ինքն էլ կողմնորոշվի: Ահա գործարար Վահե Կարապետյանն էլ առիթ ունեցավ կողմնորոշվելու…

Մտահոգիչ է Հայաստանում վաշխառության մասին օրենքի տակ հայտնված քաղաքացիների քանակը։ Փաստորեն, իր սեփական գումարը բակերի համար սահմանված տոկոսը գերազանցելու մեղադրանքի տակ են հայտնվել հազարավոր քաղաքացիներ, որից օգտվում են ֆինանսական խարդախները, որոնք օգտվելով գործող օրենքից, հրաժարվում են վերադարձնել մարդկանց գումարը, ասելով՝ դատարան դիմիր։ Շատերը չդիմանալով այս անարդարությանը, հեռանում են երկրից։ Օրենսդիրներին այս վիճակը պիտի որ մտահոգի եւ համապատասխան փոփոխություն մտցնեն օրենքում։

Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԱՄՆ, Լոս Անջելես, Գլենդել

«Առավոտ» օրաթերթ
15.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031