Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ ապրում են ոչ միայն «օգուտի» կամ «հաճույքի» համար

Հունվար 17,2024 13:30

Իսկ ազատ միավորումները ոչ միայն «հ/կ»-ներ են

Արիստոտելն իր «Նիկոմախի էթիկայում» ընկերական հարաբերությունները բաժանում է երեք տեսակի. առաջինը հիմնված է փոխադարձ օգուտի վրա, երկրորդի նպատակը փոխադարձ հաճույք ստանալն է, իսկ երրորդի հիմքում առաքինությունն է: Եթե մի փոքր ընդլայնենք այդ դասակարգումը, ապա կարելի է ասել, որ այն վերաբերում է մարդկային ցանկացած շփմանը, սոցիալական ցանկացած վարքին:

Արիստոտելի դասակարգումն եմ ես հիշում, երբ երիտասարդներն ինձ հարցնում են՝ ինչի՞ համար է ինձ պետք այս գիտելիքը, կամ այս գիրքը (ֆիլմը, երաժշտական ստեղծագործությունը), այս միջավայրում գտնվելը: «Ինչի՞ համար է պետք» հարցի պատասխանը նրանք պատկերացնում են իբրեւ հետեւյալ այլընտրանք՝ կա՛մ նա դրանից պետք է ինչ-որ օգուտ քաղի, կոպիտ ասած՝ «քյար ունենա» (դա ինչ-որ կերպ նպաստի իր կարիերային, եկամուտի, աշխատավարձի բարձրացմանը եւ այլն), կա՛մ նա պետք է դրանից հաճույք՝ «կայֆ» ստանա: Բնականաբար, այդպես են մտածում ոչ միայն երիտասարդները, բայց վերջիններս գոնե այդ հարցը տալիս են, իսկ ահա մեծահասակների համար ամեն ինչ վաղուց «պարզ է»:

Եթե մենք վերադառնանք Արիստոտելին, ապա մենք գործ ունենք ընկերություն անելու առաջին երկու տեսակների հետ՝ կա՛մ բիզնես, կա՛մ հաճույք: Բայց բացի դրանից կա շփման եւս մի ձեւ, որը հիմնված է «առաքինությունների», արժեքների, հոգեւոր միասնության վրա. մասնավորպես, այսօր դա ներկայանում է որպես շփում «քաղաքացիական հասարակության» շրջանակներում: Ժամանակակից Հայաստանում այդ հասկացությունը խեղաթյուրված է, եւ, գոնե ինձ համար՝ վարկաբեկված: Ասելով «քաղաքացիական հասարակություն»՝ մենք սովորաբար հասկանում ենք «հ/կ»-ներ, այսինքն՝ արեւմտյան դրամաշնորհներով սնվող կառույցներ, որոնք այդ դրամաշնորհների դիմաց իրականացնում են որոշակի քաղաքականություն: Այդ դեպքում դրանք դառնում են բիզնես կառույցներ եւ այլ նմանատիպ կառույցներից, օրինակ՝ ՍՊԸ-ներից չեն տարբերվում:

Մինչդեռ իրական ազատ միավորումների իմաստն այն է, որ դրանք տարբերվում են մի կողմից բիզնես նախագծերից, իսկ մյուս կողմից՝ այն «հաճելի ժամանցից», որի նպատակը բացառապես հաճույք ստանալն է: Երկուսն էլ՝ թե՛ բիզնեսը, եւ թե՛ «ժամանցը» (սպառման անզուսպ ցանկությամբ) ժամանակակից հասարակության հիմնասյուներն են: Ընդ որում՝ 21-րդ դարում ժամանցի մեջ մտնում է սոցցանցերում «ինքնարտահայտվելը», հաճախ՝ գռեհիկ եւ անքաղաքավարի եղանակով: Այն հաճույքները, որոնք այսօր տրամադրում են սոցցանցերը, համեմատելի են մոլախաղերի, թմրանյութի եւ հարբեցողության հետ:

Բայց ինչո՞ւ չընտրել մարդկանց միավորող մեկ այլ չափանիշ, որն, իհարկե, իր մեջ կարող է պարունակել «օգտակարության» եւ «հաճույքի» տարրեր, բայց դրանով չի սահմանափակվում, ավելի ճիշտ՝ դրանք ինքնանպատակ չի դարձնում: Այս իմաստով որպես մարդու հնարավորությունների իրագործման ազատ տարածք կարելի է դիտարկել առաջին հերթին, իհարկե, կրոնական համայնքը, որն, իմ կարծիքով, անհատների ստեղծագործական ուժերի արտահայտության ասպարեզ է: Այստեղ, անշուշտ, կա կարգապահություն, բայց դա նույն կարգապահությունն է, որը կա, ասենք, կոմպոզիտորի մոտ, երբ նա երաժշտություն է գրում: Նա կարիք չունի ամեն անգամ նոտագրության ձեւ հայտնագործելու, այն արդեն ձեւավորվել է դարերի ընթացքում, բայց թե ինչպես է նա նոտային նշանները դասավորելու՝ դա արդեն ի՛ր անհատական որոշման խնդիր է: Մենք՝ հայերս, ունենալով ավելի քան 17 դար մշակված հոգեւոր համակարգ, «հեծանիվ հորինելու» կարիքը չունենք, բայց դրա վրա ամեն անգամ ուժ եւ ժամանակ չծախսելով, ձեռք ենք բերում ստեղծագործելու լայն հնարավորություն:

Իմ պատկերացմամբ՝ նույն «կարգապահության» շրջանակներում ստեղծագործական ազատ միավորումներ պետք է գործեն կրթական, գիտական եւ մշակութային բնագավառներում: Դրանք չպիտի հակադրվեն համապատասխան պետական կառույցներին, այլ՝ լրացնեն դրանք: Պետությունն էլ, իր հերթին, չպիտի ճնշի այդ ազատ միավորումները՝ հայտարարելով, թե դրանք «էլիտար» են ու անիմաստ: Ինչպես եւ կրոնական համայնքի դեպքում, ես պատկերացնում եմ դպրոցներ եւ համալսարաններ, որտեղ մարդիկ գիտելիք են ստանում ու փոխանակում ո՛չ անմիջական «կիրառման», ո՛չ էլ նեղ հասկացված «հաճույքի» համար, այլ՝ պարզապես այն պատճառով, որ դա հետաքրքիր է, որ կարեւորվում է մարդու ինքնազարգացումը: Այդ առումով Հերման Հեսսեի «Ուլունքախաղում» նկարագրած Կաստալիայի ուխտը կարող է օգտակար ուտոպիա լինել:

Մի խոսքով. բացի օգուտից եւ հաճույքից, կարող է լինել «առաքինություն», նվիրվածություն, լոյալություն: Ի՞նչ օգուտ կամ հաճույք էի ես ստանում նրանից, որ Արցախը հայկական հող էր: Ինչպե՞ս է իմ կարիերային կամ զվարճանքներին նպաստում այն, որ ես հայ եմ եւ Հայաստանի քաղաքացի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031