Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս անհետացավ փոխգնդապետի բանկային հաշիվների վրա դրված կալանքը

Հունվար 16,2024 23:00

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունվարի 12-ին երեկոյան փոխգնդապետ Լեւոն Հարությունյանը էլեկտրոնային ծանուցմամբ տեղեկացել էր, որ կալանք են դրել իր գույքի ու բանկային հաշիվների վրա: Այսօր Հարկադիր ծառայությունից կապվել են փոխգնդապետի հետ ու հայտնել, որ իր բանկային հաշիվները եւ Երեւանում գտնվող տունը կալանքի տակ չեն: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց փոխգնդապետի պաշտպան Աննա Թամազյանը:

«Հանելուկները շարունակվում են: Եթե իմ պաշտպանյալին չեն հայտնաբերել, որ Զավեն Գրիգորյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար դատարան ներկայացված հայցադիմումի մի օրինակը կամ հայցը վարույթ ընդունելու դատարանի որոշումը մեզ հանձնեն, ապա զարմանալիորեն իմացել են պաշտպանյալիս վերջերս ձեռք բերած հեռախոսահամարը, ու այսօր կեսօրին զանգել են Հարկադիրից ու բացատրություններ տվել հայցի շրջանակներում նրա գույքի վրա դրված կալանքի մասին: Չգիտես ինչու հարկադիր վարույթը Եղեգնաձորում է հարուցված ու հենց Եղեգնաձորի հարկադիրն է զանգահարում ու հայտնում, որ կալանքի տակ է իմ պաշտպանյալի՝ Մեծամորում գտնվող իր հորական տունը եւ տատիկի ժառանգություն թողած տունը, որի սեփականատերը պաշտպանյալս դեռ չի դարձել:

Բայց Նոր- Նորքում գտնվող պաշտպանյալիս տունը, որտեղ նա փաստացի ապրում է, կալանքի տակ չէ: Հարկադիրից այսօր նաեւ հայտնեցին, որ բանկային հաշիվների վրա էլ կալանք չկա:Բայց տարօրինակն այն է, որ հունվարի 12-ին պաշտպանյալիս ուղարկված էլեկտրոնային ծանուցման մեջ նշված էր, որ ամբողջական գրավադրում է դրված անշարժ գույքի, բանկային հաշիվների ու մեքենայի վրա: Մենք այդ ծանուցման սքրին շոթերն էլ ունենք:

Թե ինչպես արագ վերացավ կալանքի որոշումը բանկային հաշիվներից, մեզ համար մնաց հանելուկ: Հիմա նայում ենք, իսկապես, բնակային հաշիվների վրա չկա կալանքը, զարմանալիորեն արգելանքից հանված են: Բոլորս էլ գիտենք, որ արգելանքը հանվում է երեք աշխատանքային օրում, ստացվում է մեկուկես աշխատանքային օրվա մեջ արագ հանվեց»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց փոխգնդապետ Լեւոն Հարությունյանի փաստաբանը:

Հիշեցնենք, որ Հարությունյանը Հայաստանի զինված ուժերի սպա Արա Մխիթարյանի ընկերն էր: Արա Մխիթարյանին Եղեգնաձոր քաղաքում 2019թ. սեպտեմբերի 17-ին ծեծի էին ենթարկել, գլխի շրջանում ծանր մարմնական վնասվածք հասցրել, եւ 4 տարի կոմայի մեջ մնալուց հետո Արա Մխիթարյանը մահացել էր անցած տարվա հուլիսի 23-ին։

Հիշեցնենք նաեւ, որ սպանված Արա Մխիթարյանի ընկերները՝ Լեւոն Հարությունյանն ու Մխիթար Մելքոնյանը, որոնք դեպքին ականատես են եղել եւ վկայություն տվել, մեղադրվում են սուտ մատնության մեջ։ Փոխգնդապետներ Լեւոն Հարությունյանի ու Մխիթար Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չբացակայելու արգելք եւ պաշտոնավարման կասեցում։

Հարությունյանն իր գույքի ու հաշիվների վրա դրված կալանքից է պարզել, որ իր դեմ պատվի եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով դատարան է դիմել Զավեն Գրիգորյանը, որը Վայոց ձորի նախկին ՔՊ-ական մարզպետի օգնականի եղբայրն է: Գրիգորյանը վիրավորվել է Aravot.am-ին տված հարցազրույցում Լեւոն Հարությունյանի հայտնած տեղեկություններից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031