Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Գյումրին ունենար Թբիլիսիի զարդարանքի 30 տոկոսը, ՀՀ քաղաքացիների մեծ մասն Ամանորը Վրաստանում չէր նշի»․ Կարեն Հարությունյան

Հունվար 16,2024 22:00

Գյումրու պատմական կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով կոլորիտային այս քաղաքի զբոսաշրջային խնդիրներին, կարծիք հայտնեց, որ Գյումրին ճաշակով զարդարելու ու հետաքրքիր միջոցառումներ անցկացնելու դեպքում, կարող էր լուրջ մրցակից դառնալ հարևան հանրապետության մայրաքաղաքին՝ Թբիլիսիին, որտեղ և Ամանորը նշեցին Հայաստանի Հանրապետության մեծ թվով քաղաքացիներ։

«2022 թվականից սկսած՝ քովիդից ու 44-օրյա պատերազմից հետո Նոր Տարին Գյումրիում նշող զբոսաշրջիկների թիվն ավելացել էր։ Անցած տարիներին շատ մեծ էր հոսքը, անգամ պատրաստ չէինք դրան։

Այս ամենը նկատի ունենալով՝ 2023 թվականի վերջին սկսեցինք պատրաստվել, բայց ինչպես տեսանք, Հայաստանի բնակչության մեծամասնությունը Նոր Տարին նշեց Հայաստանից դուրս՝ հարևան պետությունում։

Կարող եմ ասել, որ Ամանորին մոտավորապես 30-40 տոկոսով զբոսաշրջիկների այցը պակասել էր Գյումրիում։

Կարծում եմ՝ հետաքրքրությունը քիչ էր Գյումրիում, կարելի էր տոն օրերին ավելի շատ միջոցառումներ կազմակերպել, որովհետև զբոսաշրջիկի համար յուրաքանչյուր օրը հետաքրքիր պիտի լինի, բայց Գյումրին այս առումով լուռ էր։

Յուրաքանչյուր կազմակերպություն, որը զբոսաշրջիկներին հյուրընկալում է, ինքն էր միջոցառում նախատեսել, բայց քաղաքային միջոցառումներ գրեթե չկային՝ բացի գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությունից, բայց դա էլ դեկտեմբերի վերջ էր, հունվարին միջոցառումներ չկային», -ասում է Կարեն Հարությունյանը։

Նա նշում է, որ հարևան Վրաստանի մայրաքաղաքը երկրորդ տարին է՝ շատ գեղեցիկ են ձևավորում։

«Ես միշտ մտածում եմ՝ եթե Գյումրին ունենա այդ ձևավորման 30 տոկոսը, Գյումրիում Ամանորին ներգնա տուրիզմը մեծ հետաքրքրություն կներկայացնի», -համոզված է Կարեն Հարությունյանը։

Ըստ նրա, Վրաստանում սպասարկման որակը զիջում է Հայաստանի Հանրապետությանը, հետևաբար և պիտի հետևություններ անել ու այնպիսի միջավայր ստեղծել, որ ՀՀ քաղաքացին չգերադասի հարևան երկրի մայրաքաղաքը։

Կարեն Հարությունյանի ամբողջական հարցազրույցն՝ առաջիկայում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031