Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Ստեփանավանի քաղաքապետարանը չհրապարակեց քաղաքացու անվնաս ելումուտը փաստող տեսանյութը

Հունվար 16,2024 22:30

«Եթե տեսանյութը առկա է, ինչու մենք հերքման տեքստում չենք տեսել, եթե առկա է այդպիսի տեսանյութ, որ Գագիկ Կարապետյանն անվնաս մտել է քաղաքապետարան, անվնաս դուրս է եկել, թող հրապարակեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը, որը օրեր առաջ Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետ Արմեն Գրիգորյանի կողմից մի քաղաքացու նկատմամբ բռնության դեպքի մասին էր ահազանգել:

Հիշեցնենք, որ փաստաբանն ահազանգել էր, որ Գագիկ Կարապետյանը անաշխատունակության տեղեկանք ստանալու համար դիմել էր Ստեփանավանի քաղաքապետարան, որտեղ էլ նրան ծեծել են քաղաքապետի անվտանգության աշխատակիցները, իսկ քաղաքապետը դանակով փորձել է քաղաքացու կոկորդը կտրել: Հիշեցնենք նաեւ, որ փաստաբանի հայտնած տեղեկությունները հերքել էին նաեւ Ստեփանավանի քաղաքապետարանից:

«Բնականաբար, քաղաքապետարանից այլ հրապարակում, հերքում չէի էլ սպասում, պետք է այդպես էլ լիներ: Այո՛, քաղաքացին իր վրդովմունքը հայտնել է, բայց արտահայտել է նախ պատշաճ, եւ այդ վրդովմունքը եղել է տեղին: Որովհետեւ անձը մտել է քաղաքապետարան տեղեկանք վերցնելու, իրեն ամբողջ օրը սպասեցրել են, վերջում ասել են՝ քաղաքապետը ժողովի է, հետո տեսել են այդ քաղաքապետը շենքում խնձոր կտրելով շրջել է, այսինքն՝ ակնհայտ անհարգալից վերաբերմունք քաղաքացու նկատմամբ: Սա այն է, ինչ Գագիկ Կարապետյանն է ներկայացնում եւ իր հետ եղել է:

Այո՛, իրավապահները պետք է պարզեն, նաեւ պետք է պատասխան տան՝ ինչու, երբ Ստեփանավան քաղաքի քննիչը լրիվ օբյեկտիվ, բազմակողմանի քննություն էր իրականացնում, գործը վերցվեց քննիչից ու տարվեց մարզային վարչություն: Հասկանալի է, չէ՞, որ կանխատեսելի ավարտ ապահովելու նկատառմամբ է սա արվել: Բայց, եթե այդ տեսանյութերը առկա են, որ Գագիկ Կարապետյանը մուտք ու ելք է արել քաղաքապետարան առանց վնասվածքի, ես կարող եմ հրապարակայնորեն հայտարարել, որ Կարապետյանի հայտնած տեղեկությունները ակնհայտ զրպարտչական բնույթի են եղել ու շարժվել առաջ:

Բայց, եթե մի բան հերքում է քաղաքապետարանն ու ասում ՝ առկա է այս տեսանյութը, ինչո՞ւ մենք հիմա չենք տեսնում այդ տեսանյութը: Հերքման տակ ոչինչ չկա, բացի՝ խոսքերից: Այդ իրադարձություններն օբյեկտիվորեն տեղի ունեցել են, այս առումով արդյունավետ քննություն է պետք… մի կողմ դնենք՝ Կարապետյանը ճիշտ է, թե սխալ է, հիմա քաղաքացին մտել է ոստիկանություն ու հայտնում է, որ իր կոկորդն ուզում էին կտրել, ներկայացնում է իր վնասվածքն ու վերարկուն: Արդյոք սա առերեւույթության մակարդակում չի խոսում այն հանգամանքի մասին, որ հանցափաստ է եղել ու մատնանշված անձն առնչություն ունի: Սրան պետք է անմիջապես հաջորդեր քաղաքապետի ձերբակալումը, նրա հարցաքննությունը, եթե հիմնավոր կասկածի շեմը չհաղթահարվող ապացույցներ ձեռք չբերվեին, ազատ արձակվեր: Այս նվազագույնը չի արվել: Նույնիսկ վկայի կարգավիճակում քաղաքապետը չի հարցաքննվել, ու սա իմ մեջ ավելի է խորացնում այն համոզվածությունը, որը ես մամուլում եմ կարդացել, որ նա ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի քավորն է, թե սանիկը: Այս առումով երեւի թե այդ լուրին պետք է հավատալ ու դրա համար էլ աչք է փակվում կատարվածին»:

Քաղաքապետարանի տեսախցիկների առգրավման մասին միջնորդություն տուժող կողմը ներկայացրել է, բայց տեղեկություն չունի՝ արդյոք առգրավվե՞լ են, թե՝ոչ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031