Վավերագրող, հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում խոսելով Հայաստանի իշխանությունների՝ խաղաղության մասին շարունակվող հայտարարությունների համատեքստում Իլհամ Ալիեւի ռազմատենչ ելույթների մասին՝ ասաց․ «Ադրբեջանը հասնում է իր նպատակների վերջնակետին՝ Հայաստանի պետականության, ազգային ինքնության վերացմանը։ Ու գրեթե բան չի մնացել։ Այս տարի ամենայն հավանականությամբ Նիկոլի, Ալիեւի եւ Էրդողանի համատեղ աշխատանքով Հայաստանի Հանրապետությունն այլեւս գոյություն չի ունենա, եթե այս համակարգը, որ եկել է իշխանության 2018 թվականին՝ կատարելու Ալիեւի երազանքների ցուցակը, մնա։
Ամեն ինչ սկսվեց Արցախն ազատագրողների անունը վարկաբեկելով, հետո դատարանները զավթելով, Հայաստանի Հանրապետության դաշնակիցների եւ պոտենցիալ դաշնակիցների, գործընկեր պետությունների հետ հարաբերությունները փչացնելով։ Վերջում եղավ նոյեմբերի 9-ը։ Մենք ոչ միայն կորցրեցինք տարածքներ, այլեւ հանդուրժեցինք ունենալ այն իշխանությունը, որը պարտվել է, որը կատարում է Ալիեւի երազանքը։
Ազգային մտածողության ամբողջ դաշտն էլ կիսահամախմբվելով, սակայն ընտրելով սահմանադրական ճանապարհը, ոչ բռնի անհնազանդության փողոցային պայքարը, ուզում էր փողոցով իշխանության գալ, բայց տարբեր վարկաբեկիչ անուններով վանում էր իրենից Հայաստանի քաղաքացիներին։ Արդյունքում դա չհաջողվեց։
Հիմա մնացել է վերջին ինստիտուտը՝ եկեղեցին,, որին ջախջախում է Ալիեւ-Նիկոլ ադրբեջանական կլանը։ Ու ազգային թեւը նորից ինքնաքննադատությամբ, սխալները վերացնելով չի զբաղվում, միայն մեղադրանքներ է հնչեցնում։ Մի խոսքով, մնացել է նույն դասարանում։ Այսպես շարունակելով՝ ամենայն հավանականությամբ տարվա վերջին կունենանք մի շարք քաղբանտարկյալներ, անարդարության բանտարկյալներ, ցեղասպանության բանտարկյալներ։ Չի բացառվում նաեւ, որ ապրիլի 24-ին հերթական ռեյդը լինի ու նոր փաշաներ մտավորականներին տանեն Ավինյանի կառուցած մետրոյի «Շինարարների» նոր կայարան։
Կարդացեք նաև
Վերջերս անցնում էի Տավուշի այն տարածքներով, որոնք ուզում են տալ Ադրբեջանին։ Չեմ պատկերացնում, թե դրանից հետո ինչ պետք է անեն այնտեղի բնակիչները։ Կրկնում եմ, ազգային թեւը որեւէ բան՝ հետեւություններ չի անում, սխալների շտկում չի անում։ Գրեթե վստահ եմ, որ ոչ մի պլան չի մշակում։ Ու մենք ավելի շատ համախոհների ենք կորցնում։
Հովհաննես Իշխանյանը նաեւ անդրադարձավ արդեն այս տարի բանակում զինծառայողների մահվանը, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը կարծիք էր հայտնել, թե այդ երեւույթը բանակում թմրամիջոցների շրջանառության հետեւանք է։
<Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը կարծիք ունենալ չի կարող։ Նա սովորական դանակ է, որով մորթում կամ քերթում են, կամ էլ խփում են, որ սպանեն։ Բոլոր մահերն, իհարկե, նրա պատասխանատվության տակ են»,-ասաց նա։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ