Լրահոս
Օրվա լրահոսը

«Օղակաձեւ այգու բարեկարգման ծրագրում կոռուպցիոն լուրջ ռիսկեր կան, հատկապես, որ ընկերության հետեւում կանգնած մարդիկ 264 միլիոն դրամ են տրամադրել քաղաքապետարանին՝ անհատույց»․ Երիցյան

Հունվար 16,2024 20:40

Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն Օղակաձեւ այգու բարեկարգման ծրագրում կոռուպցիոն ռիսկեր է տեսնում։

Երեւանի քաղաքապետարանը, հիշեցնենք,  մտադիր է Սայաթ Նովա-Նալբանդյան փողոցների միջնամասում օղակաձեւ այգու 4-րդ հատվածը հայտարարել հանրային գերակա շահ եւ «Գրին ռոք մենեջմենթ» ՍՊԸ-ին տալ այդ հատվածի կառուցապատման իրավունք՝ առանց մրցույթի։
Երեկ քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ սա սոցիալական ծրագիր է, ներդրվելու է 8-9 միլիոն դոլար։

Aravot․am-ի հետ զրույցում ասում է՝ այստեղ կոռուպցիոն ռիսկեր եմ տեսնում, քաղաքապետարանը չի կարող առանց որեւէ մրցույթի որեւէ մասնավոր կազմակերպության խնդրի, որ իր համար անվճար կամ վճարովի նախագիծ մշակի, հետո էլ խոստանա, որ այդ մեկ ընկերությունն է նախագիծն իրականացնելու․ «Սա լուրջ կասկածի տեղիք է տալիս։ Բացի այդ, որեւէ պայմանագրային հիմք չկա, որպեսզի Ավինյանը հայտարարի, որ թենիսի կորտերը քանդվում են, կառավարությունը գերակա շահ չի ճանաչել այդ տարածքը։ Պայմանագիր չկա ստորագրած, սա մեկ անձի ցանկություն է, որ կորտերը քանդվեն ու միանձնյա որոշում է, հանրային քննարկում էլ չի եղել։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այդ ընկերությունները՝ «Գրին ռոք»-ն ու «Էվոկաբանկ»-ը զգալով հանրության բողոքը՝ հետ են կանգնել այս որոշումից։ Հիմա մի իրավիճակ է, երբ քաղաքապետը խոստացել է՝ քանդվելու են կորտերը, ու այգին բարեկարգվելու է, իսկ բիզնես ընկերությունն ասում է՝ ես ստորագրած փաստաթուղթ չունեմ, չունեմ հաստատված նախագիծ, ոչ էլ որոշել եմ՝ ես ուզու՞մ եմ այդ 8,5 միլիոն դոլարը ներդնել ու նման ծրագիր իրականացնել»։

Ընդ որում, ինչպես Երիցյանն է նկատում, Տիգրան Ավինյանը հունվարի 8-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է, որ կառուցապատման համար քաղաքապետարանին դիմել է «Գրին ռոք մենեջմենթ»-ը, իսկ «Գրին ռոք մենեջմենթ»-ն իր պաշտոնական հաղորդագրության մեջ նշում է՝ «․․․ընկերությունն ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանի կողմից ստացել է առաջարկ ներկայացնել Երևանի Օղակաձև զբոսայգու վերափոխման և բարեկարգման նախագիծ (O4 Green Urban Hub)»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ է քաղաքապետարանը նախընտրում առանց մրցույթի իրականացնել այս սոցիալական ծրագիրը, եւ ինչո՞ւ քաղաքապետարանը նախագիծ չի ներկայացնում, ըստ դրա էլ մրցույթ հայտարարում, Երիցյանը պատասխանում է՝ ստացվում է՝ քաղաքապետարանը չունենալով նախագիծ, միայն հստակ որոշում ունի թենիսի կորտերը քանդել․ «Զբոսայգու վերականգնման տեսլական չունեն, ամբողջ հույսը դրել են ընկերության նախագծի վրա։ Ընկերությունը տասը նախագիծ կարող է ներկայացնել, բայց այդ նախագծերն առաջին հերթին արտացոլելու են այդ կազմակերպության բիզնես շահերը, ինչը տեսնում ենք նախնական նախագծում՝ առեւտրային կետեր, ամֆիթատրոն, սրճարաններ, 70% այգու բետոնապատում։ 8,5 միլիոն դոլար ներդնելու համար գումարը պետք է հետ աշխատեն։ Ավինյանի սիրուն աչքերի համար չի ներդրվելու»։

Երիցյանն ասում է՝ քաղաքապետարանը պետք է ունենա իր նախագիծը, մրցույթ հայտարարի ու ծրագրի իրականացման համար պետք է հնարավորություն լինի, որպեսզի դիմեն եւ տեղական եւ միջազգային ընկերություններ, ապա ընտրվի լավագույնը․ «Իսկ երբ մեկին են տալիս՝ կասկածներ է առաջացնում։ Հատկապես, որ այդ ընկերության հետեւում կանգնած մարդիկ արդեն 264 միլիոն դրամ են տրամադրել քաղաքապետարանին՝ անհատույց, սա լուրջ կասկածների տեղիք է տալիս»։

Երիցյանը հիշեցնում է՝ «Էվոկաբանկը» 264 միլիոն դրամ է նվիրաբերել Երեւանի քաղաքապետարանին՝ Գեղասահքի դպրոցի վերակառուցման համար․ «Ավինյանն այդ մասին հայտարարել է, որ «Էվոկաբանկ»-ը նվիրատվություն է արել։ Բայց հիմա տեսնում ենք, որ այդպես չէ, քանի որ բանկի բաժնետերն այսօր ստանում է առաջարկ 8,5 միլիոն դոլար ներդնելու։ Սխեման պարզ է՝ բանկին ասել են՝ եթե դու մեզ տրամադրես այսքան գումար, մենք կդիմենք կառավարությանը, Օղակաձեւ այգու նշված հատվածը գերակա շահ կճանաչեն եւ ձեզ էլ կտանք միանձնյա կառուցելու իրավունք, ձեր գումարը հետ կբերեք»։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031