Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փաստորեն, իրենք էլ ճանճերի նման հավաքվում էին․ Փաշինյանն առաջիններից էր, որ «Էլեկտրիկ Երեւան» քաղաքացիական շարժումը փորձեց քաղաքականացնել»․ Գրիգոր Երիցյան

Հունվար 16,2024 20:00

«Անթույլատրելի, գռեհիկ, դեռահասի վարքագիծ»,-այսպես արձագանքեց Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը՝ երեկ քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ արած հայտարարությանը։

Երեկ Տիգրան Ավինյանը գործակարգավարականի ժամանակ, անդրադառնալով Օղակաձեւ այգու բարեկարգմանն ու թենիսի կորտերի քանդման դեմ հանդես եկող քաղաքացիական, հանրային եւ քաղաքական դեմքերին, ասել է․ «․․․ Իսկ բոլոր մնացածներին, որոնք այսպես ասած, ճանճերի նման հավաքվել էին այս թեմայի շուրջ, որ մի փոքր քաղաքական դիվիդենտներ շահեին, ցավով պետք է նշեմ, որ կարծում եմ՝ դա չի ստացվելու»:

Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, երբ ընդդիմադիր էին, հանրային հնչեղության ցույցերին միանում էին, ակտիվ պայքարում էին, օրինակ՝ «Էլեկտրիկ Երեւանը», տրանսպորտի թանկացման դեմ պայքարը եւ այլն։ Ի պատասխան մեր այս հիշեցմանը, Երիցյանն ասաց․«Փաստորեն, իրենք էլ ճանճերի նման հավաքվում էին հանրային հնչեղություն ստացած ցանկացած ակցիայի շուրջ»։

Ավագանու անդամի խոսքով՝ այն ինչ կարելի էր իրենց՝ որպես ընդդիմություն, մեզ չի կարելի, այս սկզբունքով է առաջնորդվում նախկին ընդդիմությունը, որն այսօր իշխանություն է․ «Եթե իրենց ժամանակ փողոց փակել կարելի էր, հիմա չի կարելի, իրենց ժամանակ կարելի էր սուր խոսել ԱԺ ամբիոնից, հիմա դրա համար նկատողություն են տալիս։ Իրենք ցանկացած ամենափոքր հարցից մինչեւ ամենամեծ խնդիր փորձում էին քաղաքական դիվիդենտներ շահել։ «Էլեկտրիկ Երեւանը» քաղաքացիական շարժում էր, եւ այդտեղ քաղաքական ուժեր ներգրավված չէին։ Նիկոլ Փաշինյանն առաջիններից էր, որը փորձեց այդ շարժումը քաղաքականացնել եւ առաջին ընդդիմադիր գործիչն էր, որ հայտնվեց այնտեղ։ Փորձում էին տարբեր շարժումներ իրենցով անել, չստացվեց։ 2018-ի շարժումը սկսվեց «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությամբ, առաջին այս նախաձեռնությունը ցույց սկսեց, հետո՝ Փաշինյանը սկսեց քայլել ու միացավ։ Իրականում սրանք նորմալ քաղաքական գործընթացներ են»։

Երիցյանի ներկայացմամբ՝ իրենք որպես ընդդիմադիր, ՔՊ-ի պես չեն անում․ «Մենք ավագանու անդամ ենք եւ մեր գործն ենք փորձում անել, մեր գործառույթն է վերահսկել քաղաքապետի աշխատանքը։ Ինչ, չանենք դա, որպեսզի Ավինյանի որակումներին չարժանանա՞ք, «Հանրային ձայն»-ի նման դառնանք իրենց սատելիտ կուսակցությունը։ Այսօրվա ընդդիմությանն իրենք պառակտել են, մի մասին քաշել են իրենց կողմ, մասնավորապես «Հանրապետություն կուսակցությանը որը ընդդիմադիր դիրքավորվեց, «Հանրային ձայն»-ը ռադիկալ ընդդիմություն էր, հիմա ռադիկալ իշխանության կողմնակից է։ Այսինքն՝ ազգային եւ քաղաքային իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս երկար մնա իշխանության»։

Երիցյանը հիշեցնում է, որ Տիգրան Ավինյանը, երբ նոր էր ընտրվել, հրավիրել էր բոլոր ուժերին եւ ասել՝ կապ չունի իշխանություն, ընդդիմություն, միասին պետք է կառավարենք քաղաքը, համագործակցենք․ «Բայց միեւնույն ժամանակ համագործակցության համար ստեղծեց անհնար միջավայր, եւ բնականաբար, նման որակի քաղաքական գործչի հետ մենք որեւէ համագործակցություն չենք կարող տեսնել»։

Երիցյանի խոսքով՝ ՔՊ-ի՝ քննադատություն ընդունելու նշաձողը բավականին ցածր է, մարդիկ, որոնք այդքան վստահությամբ եկել են իշխանության, իրենց մոտ այդ նշաձողը կարող էր մի քիչ բարձր լինել ու բաց լինեին քննադատության համար․ «Եթե իրենք լինեին ընդդիմություն, այդ քննադատությունը շատ ավելի այլ գործիքակազմով էին անելու էին, ընդհուպ մինչեւ նստացույց, շոուներ, այն ամենը, ինչ արել են տարիներ շարունակ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031