Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերթական որևէ լուրջ հիմք չունեցող առաջարկությունն է»․ Տիգրան Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ սպառազինությունների՝ փոխադարձ վերահսկողության առաջարկի մասին

Հունվար 16,2024 19:44

«Հերթական որևէ լուրջ հիմք չունեցող առաջարկությունն է, հայտարարությունը, վստահ եմ, որ նույնիսկ տարբեր ինստիտուտների կողմից երևի չի էլ քննարկվել բավականին խորը մակարդակով։ Այսինքն՝ սա պետք չէ որպես լուրջ առաջարկություն դիտարկել․ ավելի շատ արձագանք է Ալիևի այն սպառնալիքին, որ եթե Հայաստանը ավելի լուրջ սպառազինություններ ձեռք բերի Ֆրանսիայից, Ադրբեջանը կոչնչացնի այդ սպառազինությունը, այդ թվում՝ նաև երրորդ երկրների տարածքում»,-Aravot.am-ի հարցին՝ եթե անգամ Ադրբեջանը համաձայնի սպառազինությունների փոխադարձ վերահսկողությունների մեխանիզմին, որն առաջարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դա որքանո՞վ ձեռնտու կլինի ՀՀ-ին և կլինի գործող տարբերակ, այսպես պատասխանեց «Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

Ըստ նրա՝ այս սցենարը շատ փոքր հավանականություն ունի կյանքի կոչվելու։ Այն մոտավորապես նման է զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ առաջարկությանը, որն առաջին անգամ արվեց 2021-ի մայիսյան դեպքերից հետո․ «Այսինքն՝ Ադրբեջանը որևէ պարագայում չի գնալու այդ քայլին, որովհետև դա չի բխում նրա շահերից։ Ինչպես զորքերի հայելային հետքաշման պարագայում, այնպես էլ այս թեմայով դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը, որն իրեն զգում է՝ որպես հաղթած կողմ, որ մեծ հաշվով առաջ է քաշում բանակցային օրակարգ, որը բխում է այդ հետպատերազմյան իրողություններից, այսինքն՝ որ կա հաղթող կողմ և  պարտված կողմ, դժվար է պատկերացնել, թե Ադրբեջանն ինչպես կարող է համաձայնել, որ ՀՀ-ն ինչ-որ վերահսկողություն ունենա սպառազինությունների ձեռքբերման՝ իր քաղաքականության վրա»։

Հիշեցրինք՝ Նիկոլ Փաշինյանի մյուս առաջարկությունը միջանցքային խոսույթին էր վերաբերում։ Նա առաջարկում է՝ ինչ պայմանով Իրանը տրամադրում է կապ Ադրբեջանին`Նախիջևան հասնելու համար, նույն պայմանով մենք էլ ենք պատրաստ տրամադրել այդ կապը եւ երկաթուղային եւ ավտոճանապարհային»։ Հետաքրքրվեցինք՝ սա իրականանալի՞ տարբերակ է, թե որպես պատասխան Ալիևի հայտարարություններին ասված մի բան էր, Տիգրան Գրիգորյանը պատասխանեց․ «Այո, ինչպես գիտենք՝ Ալիևը վերջին հարցազրույցի ընթացքում հայտարարել էր, որ այդ հարավային հաղորդակցությունը պետք է գործի առանց սահմանային և մաքսային վերահսկողության։ Ավելին, Ալիևը նշել էր, որ եթե այդ տարբերակով այդ հաղորդակցությունը չբացվի, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև որևէ հաղորդակցություն չի բացվելու։ Նա ուղիղ տեքստով անվանել է խաղաղության խաչմերուկի ծրագիրը՝ որպես ՀՀ-ի փորձ խուսափել հենց այդ ճանապարհը տրամադրելուց կամ երկաթգիծը բացելուց։ Այդ առումով սա ևս հերթական փորձն է ՀՀ իշխանությունների կողմից հակադարձել Ադրբեջանի իշխանություններին և նրանց խոսույթներին, սակայն դժվար թե այս առաջարկությունը կյանքի կոչվելու շանսեր ունենա»։

Մեր դիտարկմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է,  որ Ալիևի հայտարարությունները վնասում են բանակցային գործընթացին, իսկ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծես դրանք արդարացնում է՝ հիմնավորելով, թե «մենք ասում էինք՝ Ղարաբաղը, Նախիջևանը Հայաստան է, հիմա էլ Ալիևն է ասում, թե Երևանն իրենց «Էրիվանն» է», Տիգրան Գրիգորյանն արձագանքեց․ «Վստահաբար Ալիևի կողմից հնչեցվող հայտարարությունները ոչ միայն հայտարարությունները, ընդհանրապես Ադրբեջանի քաղաքականությունը կարծես հակված չէ խաղաղ, կառուցողական լուծումների, այստեղ չեմ կարծում, թե պետք է հավասարության նշան դնել Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունների և այդ պետության վարած քաղաքականության և հայաստանյան որոշ պաշտոնյաների բավականին ցածր մակարդակ ունեցող հայտարարությունների միջև։

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի հայտարարություններին, այստեղ պետք է պարզապես երկու պարզ արձանագրում կատարել։ Առաջինն այն է, որ ՀՀ-ի որևէ իշխանություն երբեք չի հայտարարել, որ Նախիջևանը Հայաստան է, կամ որ Բաքվում թեյ ենք խմելու։ Միակ իշխանությունը, որը հայտարարել է, որ Արցախը Հայաստանն է, դա հենց իրենց իշխանությունն է։ Եվ այդ առումով 30 տարվա նարատիվների մասին խոսելը անիմաստ է։ Երկրորդ հանգամանքն այն է, որ կարելի է քաղաքական անգրագիտություն համարել հայաստանյան տարբեր խմբերի և գործիչների տեսակետների նույնացումը հարևան պետության ղեկավարի պաշտոնյաների հայտարարությունների հետ։

Այսինքն՝ ՀՀ-ում պարզ է, որ ինչ-որ խմբեր, գործիչներ, անհատներ  կրկնում էին այդ խոսույթները, որի մասին խոսեց Ալեն Սիմոնյանը, բայց դա նույնացնել պետության ղեկավարի պաշտոնական հայտարարությունների և դիրքորոշումների հետ առնվազն անլուրջ է։ Մյուս հանգամանքն էլ այն է, իհարկե, թե ինչու է ընդհանրապես Ալեն Սիմոնյանը խոսում այդ թեմաներով․ նա ոչ ներգրավված է բանակցություններում, ոչ ակտիվ մասնակցություն է ունենում և ինչպես իրավացիորեն նշեցիք, մեծ հաշվով հակասում է հենց իրենց քաղաքական ուժի առաջնորդի  հայտարարություններին, որը օրեր առաջ նշել էր, որ Ալիևի այդ հայտարարությունները լրջագույն հարված են խաղաղության գործընթացին։

Փաշինյանը նաև նշել էր, որ Ադրբեջանի կողմից պատրաստվող փաստաթղթից երբեմն տպավորություն է ստեղծվում, որ այդ փաստաթուղթը հենց ապագա պատերազմները լեգիտիմացնող  փաստաթուղթ է։ Այդ առումով Երևանի՝ այս արտաքին քաղաքական բազմաձայնությունը, իհարկե, որևէ օգուտ չի տալիս ՀՀ-ի արտաքին քաղաքականությանը։ Ադրբեջանական քարոզչությունն արդեն ակտիվորեն օգտագործում է Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Ալիևի ապակառուցողական հայտարարությունները լեգիտիմացնելու համար, և տվյալ պարագայում պետք է արձանագրել, որ ՀՀ ԱԺ նախագահը, մի քիչ կոպիտ ձևակերպում օգտագործեմ, պարզապես տվյալ պարագայում ինչ-որ օգտակար հիմարի (useful idiot) կարգավիճակում է հանդես եկել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031