Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նրան թվում է, որ եթե կախիչի ու ցնցուղի համար մարդկանց ազատի աշխատանքից, հանրությունը կների իրեն Արցախի հանձնումը»․ Արմենուհի Կյուրեղյան

Հունվար 16,2024 19:07

«Հունվարի 4-ին, 5-ին մենք բոլորս դիտեցինք վարչապետի աթոռը պինդ գրկածի էժանագին շոուների շարքից երկու նոր արար։ Այդ մարդը այդպես էլ ասֆալտի ու պատին ծեփելու մակարդակից չբարձրացավ։ Նրան թվում է, որ եթե պոկվող կախիչի ու ցնցուղի համար մարդկանց ազատի աշխատանքից, ապա հանրությունը կների իրեն ամեն ինչ՝  հայրենի Արցախի հանձնումը, հայրենիքի սահմաններից ներս թշնամու ներխուժումը հանդուրժելը, հազարավոր երիտասարդների մահը։ Չի ներվելու»,- Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

«Սպորտդահլիճի կամ դպրոցի շինարարության վրա ուշադրություն դարձնողը մոռանում է կամ չի էլ հասկանում,  որ դպրոցաշինությունը համալիր մոտեցում է պահանջում։ Առաջին հերթին դրանք որակյալ կրթության համար անհրաժեշտ դպրոցական ծրագրերն են, դպրոցներում մանկավարժների համարժեք մակարդակի ապահովումը։ Ինչ-որ կախարդական հոտառությամբ կամ կոնկրետ հուշումով դպրոցում պոկվող կախիչի տեղը գուշակողը, ցնցուղի անորակությունը արտաքինից հասկացողը չի կարող չտեսնել, որ այսօր իր ղեկավարած կառավարությունը քանդում է կրթական համակարգի կարեւոր հենասյուները։ Կամավոր ատեստավորման անվան տակ իրականում իրականացվում է պարտադիր ատեստավորում, քանի որ առաջին ատեստավորումը չանցնելու դեպքում պարտադիր վերաատեստավորվելուց եւ բավարար արդյունք չունենալուց հետո ուսուցիչն ազատվում է աշխատանքից։ Բավարար արդյունքը 60 տոկոսն է։ Եվ այստեղ խնդիրը ոչ 60 տոկոսն է, ոչ էլ առաջադրանքների բարդությունը, այլ հարցերի, ենթահարցերի քանակի, դրանց լուծման համար բավարար ժամանակի ու ատեստավորման համար տրամադրված ժամանակի անհամարժեքությունը։ Պարզ է, որ կամավոր ատեստավորման համար առաջինը դիմում են իրենց մասնագիտական ոլորտում համեմատաբար առավել կայացած, իրենց առարկան տիրապետող ուսուցիչները։ Իսկ երբ համեմատում ենք դիմած եւ ատեստավորված ուսուցիչների թվերը, տեսնում ենք, որ շատերը չեն ատեստավորվել եւ ենթակա են աշխատանքից ազատվելու։ Եվ դա շատ դեպքերում ժամանակային անհամարժեքության պատճառով»,- ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ փաստորեն, աշխատանքից ազատվում են մասնագիտական համեմատաբար բարձր որակ ունեցողները եւ մնում են նրանք, ովքեր նույնիսկ ատեստավորման համար չեն էլ դիմում։ Նա հարցադրում արեց՝ հիմա սա ի՞նչ է, եթե ոչ դպրոցները առարկայական համեմատաբար լավ ուսուցիչներից, իսկ մարզային դպրոցները, այդ թվում՝ նաեւ սահմանամերձ, համապատասխան առարկայական ուսուցիչներից ընդհանրապես զրկելու գործընթաց։

«Հիմա հարց՝ սա անկարողությո՞ւն է, թե՞ հատուկ ծրագրով կրթական համակարգը քանդել։ Ես նորից ու նորից պնդում եմ, որ այս իշխանությունները եկել են երկիրը քանդելու հատուկ ծրագրով։ Բայց իմացեք, որ դա ձեզ չի հաջողվելու։ Դա դուք չեք մարսելու»,- հայտարարեց Կուրեղյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031