Լրահոս
Օրվա լրահոսը

«Երասխի գործարանը տեղափոխվեց, ծրագրի իրականացման վայրը կարո՞ղ է հասնել Երեւան, ՀՀ կառավարության նստավայր»․ Թադեւոս Ավետիսյան

Հունվար 16,2024 18:44

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն ասաց, որ ուզում է անդրադառնալ տնտեսական անվտանգության հարցերին։

Նա հիշեցրեց, որ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ընկերությանը նվիրաբերությամբ նորից տրամադրվեց հողամաս Արարատի մարզի՝ այս անգամ Արարատ բնակավայրում՝ պողպատի գործարան կառուցման համար, քանի որ ընկերության կողմից Երասխում այս նույն ծրագիրն արդեն դադարեցվել է։

«Որոշման հիմնավորման մեջ որպես պատճառ բերված է՝ «դադարեցվել է՝ ելնելով որոշ հանգամանքներից»։ Իրական պատճառները հետեւյալն են՝ որքան էլ կոծկեք, բայց դրանք ակնհայտ են՝ թուրքը կրակում է Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող օտարերկրյա ներդրումների վրա, նրանց աշխատողների վրա, պարբերաբար, բոլորի աչքի առաջ՝ անհետեւանք։ Ռազմական ուժի բացահայտ գործադրմամբ պարտադրում է իր կամքը մեր երկրում կայացվում տնտեսական որոշումներ վրա, այդ թվում՝ ձեր իշխանության կողմից կայացվող որոշումների վրա։ Նախորդ շաբաթ էլ կառավարության որոշմամբ ընկերությանը տրամադրվեց 3,5 մլրդ դրամ բյուջետային վարկ՝ արտոնյալ պայմաններում։ Ինչո՞ւ, նույն պարզ պատճառով՝ օտարերկրյա այս ընկերությունը պողպատի գործարանի կառուցման նպատակով Երասխում կատարել էր ներդրումային ծախսեր, կորցրել էր դրանք, որոնց ընդհանուր գումարը 2 մլրդ դրամ է։ Իսկ ներդրումային ծրագիրը կասեցվել է, քանի որ Երասխ բնակավայրում անհնար է դարձել աշխատանքների հետագա շարունակությունն անվտանգային սպառնալիքների եւ դրանց բացահայտ գործադրման պայմաններում։ Ծրագիրը մի քիչ ավելի անվտանգ վայր տեղափոխելու նպատակով ընկերությանը փաստորեն տրամադրվում է 3,5 մլրդ դրամի արտոնյալ վարկ։ Ի դեպ, այս որոշումը կառավարությունն ընդունեց առանց բարձրաձայնելու, ծածուկ եւ առանց քննարկման։ Դե ասելու բան չունեն։ Բայց հետաքրքիր կլիներ պարզել՝ այս տրամաբանությամբ տեղափոխելով՝ ծրագրի իրականացման վայրը կարո՞ղ է հասնել Երեւան, Կենտրոն, ՀՀ կառավարության նստավայրի մոտակայք, իսկ օտարերկրյա ներդրումն էլ դառնա միայն պետական բյուջեից ֆինանսավորվող»,- ասաց նա։

Ավետիսյանը նշեց, որ թշնամին դիրքավորված է նաեւ Գեղարքունիքի մարզի Սոթքի հանքավայրում, իր կամքն է պարտադրում՝ ուժի գործադրմամբ։ Հետեւանքները եւս նույնն են՝ հանքի շահագործման դադարեցում, հարյուրավոր բարձր աշխատավարձով աշխատատեղերի զանգվածային կրճատումներ, բյուջեի՝ միլիարդավոր դրամների հարկային մուտքերի կրճատում, տարածաշրջանում սոցիալ-տնտեսական լարվածության էական խորացում։ «Նմանատիպ փաստերը եւ դրանց անդառնալի հետեւանքները շատ են, եւ այս իշխանության օրոք օր օրի ավելանում են, քանի որ նրանց առաջնորդության բացարձակ հիմքը եւ միակ շահի կենտրոնը ամեն գնով սեփական աթոռը պահելն է՝ պետության եւ ազգային անվտանգության շահերին բացահայտ հակադրվելով»,- հավելեց պատգամավորը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031