Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ղեկավարներ, որոնք խախտել են տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը. ԻԱԿ սև ցուցակը

Հունվար 16,2024 18:11

ՍԵՎ ՑՈՒՑԱԿ 2023

 Այս գերատեսչությունների ղեկավարները 2023 թվականի ընթացքում խախտել են մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկություն ստանալու հարցումները։ Սև ցուցակը կազմվում է հետևյալ չափանիշների հիման վրա։

2023 թվականի ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումների առցանց հարթակում գրանցվել է 70 տեղեկություն ստանալու հարցում։ Հարցումների 86%-ի դեպքում ստացվել է ժամանակին լիարժեք պատասխան, 7%-ի դեպքում՝ ուշացած լիարժեք: Հարցումների մեկ տոկոսին տրվել է «անհիմն մերժում», ևս մեկ տոկոսը ստացել է «անհիմն պատասխան» կարգավիճակը։ Հարցումների 4%-ը մնացել է անպատասխան։ 

  • Լևոն Հովհաննիսյան, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար (17.03.2023-13.10.2023)

Ինֆորմացիայի ազատության կենտրոն է դիմել ՀՀ քաղաքացի Արսեն Չալյանը՝ խնդրելով աջակցել տեղեկություն ստանալու գործում։ 2023 թ.-ի հուլիսի 3-ին Երևանի քաղաքապետարան է ուղարկել տեղեկություն ստանալու հարցում՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ վարչական տույժի արդյունքում բռնագանձված և Երևանի քաղաքապետարանին փոխանցված գումարի վերադարձի ընթացակարգի վերաբերյալ։ Պատասխան գրությամբ, սակայն, Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել ներկայացված հարցերի պատասխանները։ Քաղաքացի Չալյանը 2023թ. հուլիսի 10-ին ուղարկել է կրկնակի հարցում, որին ի պատասխան ստացված գրության մեջ ևս հարցերից և ոչ մեկին անդրադարձ չկա։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ. օգոստոսի 21-ին քաղաքացու հարցերն ուղղել է քաղաքապետարան այս անգամ արդեն ԻԱԿ-ի անունից։ Պատասխան գրությամբ, սակայն, Քաղաքապետարանն անհիմն պատասխան է տրամադրել։ Ավելի ուշ, ԻԱԿ-ի կրկնակի հարցմանն ի պատասխան Քաղաքապետարանը տրամադրել է պահանջվող տեղեկությունը։

  • Սամվել Առաքելյան, ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թվականի հուլիսի 7-ին դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ խնդրելով տրամադրել Արդարադատության նախարարության կողմից ներկայացված տեղեկանքի պատճենը (կամ փաստաթղթի հասանելիությունն ապահովող ակտիվ հղումը), որի մասին հիշատակվում է ՀՀ Սահմանադրական դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված` «ՀՀ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴՈ-1175 որոշման մեջ։  ՍԴ-ն 10.07.2023 թ.-ին պատասխան գրությամբ մերժել է տրամադրել պահանջվող տեղեկությունը։ ՍԴ աշխատակազմի ղեկավարի մերժումը ԻԱԿ-ը որակել է անհիմն (հիմնավորումները՝ կրկնակի հարցման մեջ) և բողոքարկել՝ ուղարկելով կրկնակի հարցում, որը մնացել է անպատասխան (ծածկանիշը e-request հարթակում՝ SD44-B461-2D42-595E)։

Առաջին հարցումը՝ այստեղ:

Կրկնակի հարցումը՝ այստեղ:

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

ԻԱԿ-ը 2023 թվականի օգոստոսի 23-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ խնդրելով Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ տեղի ունեցած՝ կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում գումար հանգանակած նվիրատուների ցանկը, ինչպես նաև նույն դրամահավաք-երեկոյի ընթացքում կուսակցությանը հանգանակած և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանաչափը գերազանցող նվիրատվությունների գումարի վերադարձման մասին տեղեկություններ: ԻԱԿ-ի հարցման առիթ դարձել էր «Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական հասարակական կազմակերպության «infocom.am» լրատվական կայքի դիմումը։

Կուսակցությունը չի պատասխանել ԻԱԿ-ի առաջին հարցմանը, անպատասխան է թողել նաև 2023 թ.-ի սեպտեմբերի 11-ին ուղարկված տեղեկություն ստանալու կրկնակի հարցումը՝ արդյունքում խախտելով ԻԱԿ-ի՝ տեղեկություն ստանալու իրավունքը։

2023 թ․ դեկտեմբերի 4-ին ԻԱԿ-ը տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան։ 2023 թ․-ի դեկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը որոշել է հայցն ընդունել վարույթ. դատական գործ N: ԵԴ2/41477/02/23։ Ավելի ուշ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկով՝ կողմերի միջև կնքվել է հաշտության համաձայնագիր, որով կուսակցությունը 2024թ. հունվարի 12-ին ԻԱԿ-ին է փոխանցել պահանջվող տեղեկությունները։

Առաջին հարցումը՝  այստեղ:

Կրկնակի հարցումը՝ այստեղ:

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031