Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի՞թե պետությունը ծախսում է 300 հազար դրամ, որ «մեր ժամանակների հերոսը» նման անթույլատրելի հայտարարություններ անի»․ Գեղամ Նազարյան

Հունվար 16,2024 18:22

«Այսօր մեր ժամանակների աշխատանքի հերոսը հայտարարում է, մեջբերում եմ, «թուրքերը մտել են այն տարածք, որոնք սովետական միության ժամանակ իրենցն է եղել, Հայաստանինը չէ։ Նրանք պատերազմում հաղթել են, իրենց տարածքներին տեր են կանգնել»»,- այս մասին Ազգային ժողովի հայտարարությունների ժամին «Մեր ժամանակների հերոսը – 2023» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացած մաթեմատիկայի ուսուցիչ, գորիսեցի Սևադա Խոջաբաղյանի հայտարարությանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Նազարյանը հարցադրում արեց․ «Մի՞թե պետությունը, օգտագործելով հանրային միջոցները, իրականացնում է մրցանակաբաշխություն, ծախսում 300 հազար դրամ, որ «մեր ժամանակների հերոսը» նման անթույլատրելի հայտարարություններ անի։ Մի՞թե մենք հերոս ենք անվանում նրան, ով պնդում է, որ Ջերմուկին կամ Սոթքին հարակից տարածքները ադրբեջանական են։ Մի՞թե  «մեր ժամանակների հերոսը» պետք է անհարգալից արտահայտվի իսկական հերոսների եւ նրանց ծնողների հանդեպ։ Մեր ժամանակների այսպես կոչված հերոսը նաեւ ասել է՝ «պատերազմը միշտ էլ ունեցել է իր զոհերը, եթե ամեն զոհի ծնող կամ ծնողներ որոշ ծնողների նման սարքեն ողբերգություն, երկիրը չի կարող ոտքի կանգնել»։

Երկիրը ոտքի չի կանգնում ոչ թե 18 տարեկան որդու շիրիմի մոտ կամ տանը որդու կարոտից  տառապող մոր արցունքների, այլ այդ արցունքները չտեսնողների պատճառով։ Երկիրը ոտքի չի կանգնում, երբ իրական հերոսներին չեն հարգում, երբ իրական հերոսների ծնողներին համապատասխան վերաբերմունք չեն ցուցաբերում, երբ անխոհեմություն են ունենում եւ ասում, թե պատերազմ էր, բա զոհեր էլ պետք է լինեին, ի՞նչ եք ողբերգություն սարքում։ Դուք պատկերացում չունեք եւ Աստված էլ չանի, որ երբեւէ ունենք, թե ինչ է կատարվում որդու կարոտից տառապող մոր եւ հոր սրտերում, զգույշ եղեք, երբ խոսում եք հերոսների, նրանց ծնողների եւ պատերազմի մասին։ Իրական հերոսների ծնողները թեեւ ամեն վայրկյան տառապում են կարոտից, բայց ողբերգություն չեն սարքում։ Նրանց գերակշիռ մասն ապրում է արժանի իրենց որդիների սխրանքներին»։

Գեղամ Նազարյանն ասաց, որ երբ կսովորենք հարգել իրական հերոսներին, երբ իրենց իրական տեղը ցույց տանք նրանք, որոնք հերոսների, նրանց ծնողների, երկրի, պետության ու հայրենիքի մասին անհեթեթություններ են դուրս տալիս, եւ ոչ թե նրանց մրցանակ կամ պարգեւ հանձնենք, երկիրն աստիճանաբար ոտքի կկանգնի։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031