Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա մի կոչում, որը Հայաստանում պարտադիր պետք է սահմանվի, դա վաստակավոր սուտասանի կոչումն է»․ Հայկ Մամիջանյան

Հունվար 16,2024 17:55

«Վերջին օրերին շատ քննարկվեց վաստակավոր եւ ժողովրդական կոչումների անհրաժեշտությունը Հայաստանում։ Բայց ես միանշանակ վստահ եմ, որ կա մի կոչում, որը Հայաստանում պարտադիր պետք է սահմանվի, դա վաստակավոր սուտասանի կոչումն է»,- այս մասին Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա հավելեց․«Եկեք հասկանաք, թե ով է հավակնում այդ կոչմանը։ Օրինակ՝ մի մարդ, որն իշխանության գալով՝ խոստացավ սեփական կետից սկսել բանակցությունները, իսկ մինչեւ հիմա անդադար մեղադրում է նախկիններին, ընդ որում՝ անգրագիտաբար է մեղադրում իր բացթողումների ու կորուստների համար։ Գուցե այն մարդը, ով ասաց՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», իսկ դրանից մի քանի տարի հետո Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Գուցե այն մարդը, որը խոսում էր Արցախի քաղաքացիների իրավունքներից եւ ազատություններից, իսկ հետո բախտի քմահաճույքին թողեց նրանց։ Կամ այն մարդը, որը խոստանում էր արագաչափերը պակասեցնել, եւ իշխանության գալուց հետո դրանց թիվը շեշտակիորեն աճեցրեց։ Կամ այն մարդը, որը «կարմիր գծերի» դեմ էր պայքարում, իսկ հիմա դրանց համար պահանջում է, որ վճարեն 160 հազար դրամ։ Գուցե այն մարդը, որը կոռուպցիայից էր խոսում իշխանության գալու համար, բայց հիմա ՀՀ բյուջեի մեծ մասը պարզապես լափվում է մեկ անձից գնումների միջոցով։ Կամ այն մարդը, որը խոսում էր ժողովրդավարությունից, իսկ հիմա բանտերը լցրել է քաղբանտարկյալներով, որոնք նստած են բացառապես ճշմարտությունը բարձրաձայնելու կամ ՔՊ-ին այս կամ այն քաղաքում հաղթելու համար։ Այն մարդը, որը խոսում էր ընտրախախտումներից, բայց կարծես սեփական քաղաքական կուսակցության ընտրություններն էլ է խախտումներով անում։ Ու հիշեցնեմ, որ Երեւանում կարգվեց քաղաքապետ մի մարդ, որը Երեւանի բնակիչների ձայների 9 տոկոսն էր վաստակել։ Կամ այն մարդը, որը խոստանում էր «խաղաղության դարաշրջան», ու այդ դարաշրջանում հարյուրավոր զոհեր եղան։ Կամ այն մարդը, որը բանակի ռեֆորմներից էր խոսում, իսկ հիմա ցավոք սրտի, ոչ մարտական զոհերի մասին նորությունները մի տեսակ ստատիստիկա են դարձել իրենց հաճախականությամբ»։

Մամիջանյանը նշեց, որ ժամանակն ու ժողովուրդը լավագույնս կտան գնահատական, թե յուրաքանչյուր վաստակավորից ով կմնա պատմության մեջ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031