Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր հորիզոններ պետք է կարողանանք բացել երկու երկրների միջեւ հարաբերություններում. Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմի

Հունվար 16,2024 17:59

Հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությունը բազմադարյա պատմություն ունի: Փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված բարեկամությունը բացառիկ արժեք է, որի հենքը պատմամշակութային ընդհանրություններն են, փոխադարձ տնտեսական շահերը. հունվարի 16-ին ՀՀ ԱԺ-ում ողջունելով Հայաստանում ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիին եւ նրա ղեկավարած պատվիրակությանը` ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի ղեկավար Խաչատուր Սուքիասյանը: Հանդիպմանը մասնակցել են բարեկամական խմբի անդամներ` ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորներ:

Անդրադառնալով երկկողմ փոխգործակցությանը, որն ընդգրկում է քաղաքական, տնտեսական, մշակութային եւ բազմաթիվ այլ ոլորտներ` Խաչատուր Սուքիասյանն ընդգծել է առեւտրաշրջանառության ծավալներն ավելացնելուն ուղղված ջանքերը: Բարեկամական խմբի ղեկավարը կարեւոր ձեռքբերում է համարել այն փաստը, որ 2023 թվականի արդյունքներով Էմիրությունները Հայաստանի երկրորդ ամենախոշոր առեւտրային գործընկերն է: Նա դրական ձեռքբերում է համարել ՀՀ եւ ԱՄԷ միջեւ կանոնավոր ուղիղ չվերթների առկայությունը, կարեւորել նաեւ ՀՀ քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրության ուժի մեջ մտնելը:

Խոսելով տարածաշրջանային անվտանգային խնդիրներից` Խաչատուր Սուքիասյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական գործողությունները, որոնք վտանգում են տարածաշրջանի կայունությունը եւ խաղաղությունը: Նրա խոսքով` Հայաստանն ունի քաղաքական կամք կարգավորելու հարաբերությունները հարեւան երկրների հետ` որդեգրելով խաղաղության օրակարգ:

«Բոլոր այս ծրագրերի իրականացման հարցում իր ներդրումը կունենա ՀՀ կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն ինքնին, տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնումն է եւ զարգացումը»,- արաբ գործընկերներին ասել է պատգամավորն ու նշել, որ ՀՀ համար առանցքային է, որ այս գործընթացի հիմքում ընկած լինեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության եւ հավասարության սկզբունքները:

«Նոր  հորիզոններ պետք է կարողանանք բացել երկու երկրների միջեւ առկա հարաբերություններում», – ասել է ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար: Ընդգծելով տնտեսական համագործակցության առաջնահերթությունները` նա նշել է, որ ԱՄԷ-ն նպատակ ու ներուժ ունի ՀՀ համար ամենախոշոր առեւտրային գործընկերը դառնալու. երկու երկրները բանակցում են համապարփակ տնտեսական համագործակցությանն առնչվող արձանագրության եւ հուշագրի կնքման մասով: Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին նկատել է, որ քաղաքական կայուն եւ ուժեղ համակարգ ունենալու համար պետք է ունենալ ուժեղ տնտեսություն եւ կոչ արել աջակցել ՀՀ կողմից բանակցող կողմին համապարփակ տնտեսական համագործակցության համաձայնագիրը հնարավորինս շուտ վավերացնել:

Հայ խորհրդարանականներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային խնդիրներին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին շեշտել է, որ ԱՄԷ-ն աջակցում է դրան եւ իրենց երկրի վարած քաղաքականությունը չի հակասում «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են միջմշակութային երկխոսության խորացման մասին` բարձր գնահատելով ԱՄԷ իշխանությունների վերաբերմունքը հայկական համայնքի նկատմամբ: Կարեւորվել է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը: Կողմերը հույս են հայտնել, որ առաջիկայում երկկողմ համագործակցությունը շոշափելի արդյունք կարձանագրի:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031