Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարունակաբար գործուղումների մեկնող, ոչ մի հարսանիք, կնունք ու ծնունդ բաց չթողնող Սուրեն Պապիկյանին չի՞ հուզում, թե ինչի է վերածվել բանակն իր օրոք»

Հունվար 16,2024 17:42

«Վերջին օրերին բանակում ոչ մարտական պայմաններում կորցրեցինք երիտասարդ հայ տղաների՝ անտարբերության, անկազմակերպվածության եւ անփութության հետեւանքով։ Եվ ընդհանրապես, բանակում օրինաչափ են դարձել դժբախտ պատահարները, ինքնասպանությունները, սպանությունները։ Մինչե՞ւ երբ է շարունակվելու այս շղթան, ո՞վ է պատասխան տալու այս իրավիճակի համար»,- այս մասին Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Գառնիկ Դանիելյան

Նա հարցադրում արեց՝ շարունակաբար գործուղումների մեկնող, ոչ մի հարսանիք, կնունք ու ծնունդ բաց չթողնող նախարարին չի՞ հուզում, թե ինչի է վերածվել բանակն իր օրոք։

«Հաղթանակած բանակն այսօր ասոցացվում է շարունակական մահերի, դժբախտ պատահարների հետ։ Չկա այս երկրում մի պաշտոնյա, որն այնքան ազնվություն ու համարձակություն կունենա, որ խոստովանի իր անկարողությունը, հեռանա զբաղեցրած պաշտոնից։ Գրեթե վեց տարի է՝ Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է մի վարչախմբի ձեռքին, որտեղ պաշտոնների են նշանակվում հիմնականում անկարողները։ Աղետալի իրավիճակում են կրթությունը, գյուղատնտեսությունը, սարսափազդու իրավիճակ է սոցիալական ոլորտում։ Նույնիսկ անտուն մնացած արցախցիներին չեն տրամադրում անհրաժեշտ սոցիալական աջակցությունը։ Ամեն օր ստանում եմ բազմաթիվ ահազանգեր, որ կառավարության վատ աշխատանքի պատճառով աջակցություն չեն ստանում մարդիկ, որոնք պետք է ստանան անհրաժեշտ օգնությունը։ Շատերը հայտնվել են անելանելի վիճակում՝ չկարողանալով վճարել բնակարանային վարձավճարները։ Ո՞րն է ձեր նպատակը, որ հայրենիքից, տնից-տեղից կտրված արցախցիները կրկի՞ն բռնեն գաղթի ճանապարհը։ Ասացիք՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», հետո մեր հայրենիքի մի մասը Ադրբեջան ճանաչեցիք։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերեվարված է, իսկ Ադրբեջանի նախագահը խոսում է տարածքային նոր նկրտումների մասին։ Խաղաղություն հաստատում են երկիրը հզորացնելով եւ ոչ թե այն մուրալով։ Դադարեցրեք մանիպուլացնել պատերազմից հոգնած, սպառված հանրությանը։ Այցելեք դպրոցներ, ստուգեք խողովակները, կախիչները, բայց հեռու մնացեք երկրի կառավարությունից։ Ձեր ամեն օրը նոր չարիք ու նոր պատերազմներ ու նոր արհավիրքներ է բերում մեր երկրին»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031