«Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցությունների փաստաթղթից սահմանների դելիմիտացիայի-դեմարկացիայի եւ ռեգիոնալ ապաշրջափակման մասին դրույթների առանձնացումն ու զուգահեռ գործընթաց տանելը ամբողջությամբ զրոյացնում է, այսպես կոչված, «խաղաղության օրակարգի» իրացումը»,- Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Եթե պարզ խոսենք, ապա խաղաղության պայմանագիրն իր մեջ երեք առանցքային հարց էր պարունակում՝ սահմանների ճշգրտում, ճանապարհների բացում՝ ապաշրջափակում եւ Արցախի հարց: Արցախի հարցը Հայաստանի իշխանության լուռ համաձայնությամբ Ադրբեջանը փորձեց լուծել ռազմական ճանապարհով, իսկ մյուս երկու դրույթների շուրջ ստեղծված հակասությունները փորձում են լուծել՝ դրանք պարզապես հիմնական փաստաթղթից հեռացնելով: Ի՞նչ է ստացվում: Մի կողմից ընթանում է բանակցություններ բարի ցանկությունների ու մաղթանքների մասին փաստաթղթի մասին, որը Հայաստանի իշխանությունն ինչ-որ փուլում փորձելու է թանկ ծախել հասարակության վրա, իսկ զուգահեռ իրականությունում բանակցություններում անկյունաքարային հարցերի վերաբերյալ կա փակուղային իրավիճակ»,- ասաց նա։
Ըստ Աբրահամյանի՝ սա նշանակում է, որ մեր տարածաշրջանում այդպես սպասված ու չարչրկված երկարաժամկետ խաղաղության ու կայունության մասին պետք է պարզապես մոռանալ: «Իշխանությունը մի օր, ըստ քաղաքական նպատակահարմարության, խոսում է խաղաղությանը մոտ լինելու մասին՝ փափուկ բարձ դնելով հասարակության գլխի տակ, մեկ այլ իրավիճակում ստիպված է խոստովանել իրականությունը՝ խոսում խաղաղության գործընթացի տորպեդավորման կամ գործընթացի վտանգավորության մասին: Խաղաղություն բառը երբեք այսքան ոչնչացված չէր եղել՝ մի կողմից միջազգային դերակատարների լռությունը, մի կողմից Ադրբեջանի ագրեսիվ դիրքավորումը, մյուս կողմից շարունակ ստեր ու կեղծիքներ հայաստանյան իշխանության կողմից, որոնք անընդհատ իրենց հետ նոր մարդկային եւ տարածքային կորուստներ են բերում: Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն աննախադեպ բռնաբարության է ենթարկվում, իսկ իշխանությունը շարունակում է պնդել, որ պետք է թուլանալ եւ հաճույք ստանալ: Այս իշխանությունը հասարակությունը ոչ թե խաղաղության, այլ երկրի փլուզման համակերպմանն է տանում»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ