Ուրախ եմ ողջունելու ձեզ Հայաստանի Ազգային ժողովում: Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են եւ այս համատեքստում շատ կարեւոր է միջխորհրդարանական համագործակցությունը: Կարծում եմ` երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա է չօգտագործված մեծ ներուժ: Կա արդեն փոխգործակցության հուշագրի նախագիծ, որի ստորագրումը նոր մակարդակի կհասցնի երկկողմ հարաբերությունները: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակության հետ հունվարի 16-ին կայացած հանդիպմանը:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանը, Էդուարդ Աղաջանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Գուրգեն Արսենյանը եւ Լենա Նազարյանը:
Սարգիս Խանդանյանը կարեւոր ձեռքբերում է համարել առաջիկայում Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացումը:
Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրին: Նշվել է, որ չնայած դժվարություններին` Հայաստանը հավատում է, որ տարածաշրջանում ի վերջո խաղաղություն եւ կայունություն կհաստատվի, ու այդ նպատակով հայկական կողմը գործուն քայլեր է ձեռնարկում: Սարգիս Խանդանյանը խոսել է նաեւ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հարյուրամյակներով ապրող հայերի բռնի տեղահանման մասին:
Կարդացեք նաև
Հայ խորհրդարանականները ողջունել են հյուրերին, խոսել մի շարք ոլորտներում երկկողմ գործակցության զարգացման անհրաժեշտության մասին, ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին ներկայացրել է ԱՄԷ-ի` որոշ երկրների հետ խնդիրներ ունենալու պարագայում հարաբերություններ կարգավորելու փորձը: Հյուրը համոզմունք է հայտնել, որ հարեւանների հետ փոխգործակցությունը կարող է նպաստել խաղաղության հաստատմանը: Կարեւորելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին նշել է, որ աջակցում են նախաձեռնության իրագործմանը:
ՀՀ ԱԺ