Մեկնարկել է «Մենք ենք մեր սարերը» գործակալության՝ «Աջակցություն արցախցի վարպետներին» ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում կազմակերպվում են դասընթացներ արհեստ սովորելու կամ որոշակի արհեստում հմտանալու հայտ ներկայացրած մասնակիցների համար, և անհրաժեշտ գործիքներ ու սարքավորումներ են տրամադրվում գործող վարպետներին:
Ծրագրի առաջին փուլում ստացվել և ամփոփվել են մասնակցության համար ներկայացված հայտերը: Շուրջ 120 դիմորդից ընտրվել է ծրագրի չափորոշիչներին համապատասխանող 80 շահառու: Ծրագիրը նախատեսում է, որ բոլոր շահառուներին կտրամադրվեն անհրաժեշտ գործիքներ ու սարքավորումներ, իսկ նրանցից շուրջ 30-ը կմասնակցեն նաև դասընթացների:
«Կարելի է ասել, որ հիմնականում երեք մեծ խումբ է առանձնացվել՝ հրուշակագործներ, բյութի ոլորտի մասնագետներ՝ մատնահարդար–վարսահարդարներ և վերանորոգող արհեստավորներ: Հրուշակագործների, վարսահարդարների ու մատնահարդարների համար դասընթացներն արդեն մեկնարկել են, իսկ վերանորոգող վարպետները հիմնականում դիմել են գործիքներ ու սարքավորումներ ստանալու համար, քանի որ նրանք ամեն ինչ թողել են Արցախում»,-ասում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության սոցիալական ծրագրերի ղեկավար Արմեն Մանգասարյանը:
Դասընթացները տևելու են մեկ ամիս և անցկացվելու են մասնագիտացած լավագույն ընկերություններում: Ավարտից հետո մասնակիցներին կտրամադրվեն անհրաժեշտ գործիքներ, որպեսզի արդեն կարողանան աշխատել իրենց նոր մասնագիտությամբ:
Կարդացեք նաև
«Սա գործակալության փոքրամասշտաբ ծրագրերից է, որը սակայն յուրաքանչյուր մասնակցի համար զբաղվածության հարց է լուծում: Մենք սկսեցինք ծրագիրը՝ հաշվի առնելով, որ շատ վարպետներ զուտ գործիքների բացակայության պատճառով չեն կարողանում այստեղ շարունակել իրենց գործը: Մեր գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը միշտ կարևորել է այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք միջավայր և հնարավորություն են ստեղծում, որպեսզի մարդիկ ինքնարտահայտվեն, կարողանան աշխատել և արարել: Այս ծրագիրը նույնպես ոչ թե մեկանգամյա աջակցություն է ենթադրում, այլ հնարավորություն է տալիս, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել և հոգալ իրենց ընտանիքների կարիքները, ինչը հիմա շատ կարևոր է արցախցի մեր հայրենակիցների համար»,-ասում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը:
Հնարավորության դեպքում գործակալությունը մտադիր է շարունակել ծրագիրը՝ ընդլայնելով մասնակիցների շրջանակը:
«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը հիմնադրվել է 2022 թվականին՝ Ռուբեն Վարդանյանի և նրա գործընկերների կողմից: Կազմակերպության ներկա ծրագրերն ուղղված են Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների աջակցությանը:
«Մենք ենք մեր սարերը» գործակալություն