Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կարող եմ ցույց տալ, թե ինչպես է հնարավոր չափի զգացողությունը կորցնել, բայց ես դրան պատրաստ չեմ». Սարգիս Խանդանյանը՝ Մարիա Զախարովային

Հունվար 16,2024 15:40

ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս ճեպազրույցում անդրադարձել էր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հայտարարություններին, թե Բաքվի հետ բանակցությունները Վաշինգթոնի և Բրյուսելի հարթակներում «միջազգային հեղինակություն ունեն, և դա նրանց լեգիտիմություն է տալիս»:

Նա ասել էր․ «Գիտեք՝ արևմուտքին հաճոյանալու ձգտման համար չարժե ընկել ծայրահեղությունների գիրկը և աբսուրդի մեջ ընկնել։ Այնպիսի զգացողություն ունեմ, որ ցավոք, մի շարք մարդիկ, որոնք հայտարարում են նման բաներ, չափի զգացողությունը կորցրել են։ Դա մեր՝ չհասկացվածության հարցը չէ։ Նման դիրքորոշման մենք միայն սա չէ, որ տեսել ենք, սա Հայաստանի համար կարևոր հարց է։ Խաղաղության հաստատումը տարածաշրջանում եռակողմ պայմանավորվածությունների համակարգ է՝ ՌԴ-ի, Ադրբեջանի և ՀՀ-ի միջև բարձրագույն մակարդակով։ Վաշինգթոնն ու Բրյուսելը կա՛մ պատճենել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածություններից, կամ դրանք վերաշարադրել են ՝ ի նպաստ սեփական կոնյուկտուրային շահերի։ Ի՞նչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել այսպիսի պսևդո միջնորդների դեպքում»:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Սարգիս Խանդանյանն ասաց. «Իմ գործընկերները մեկնաբանել են, կարծում եմ, այլ մեկնաբանության կարիք չկա: Ես կարող եմ, իհարկե, նույն կերպ վիրավորական բառամթերքով արձագանքել, բայց կարծում եմ՝ դիվանագիտության նորմերը եւ էթիկան չի կարելի այդպես ցածր մակարդակի խախտել: Ես այդ մակարդակում քննարկման պատրաստ չեմ»:

Հարցին՝ ընդունո՞ւմ եք քննադատությունը, որ չափի զգացողությունը կորցրել եք՝ նա պատասխանեց. «Ես նորից եմ կրկնում՝ ես կարող եմ ցույց տալ, թե ինչպես է հնարավոր չափի զգացողությունը կորցնել, բայց ես դրան պատրաստ չեմ»:

Հարցրեցինք՝ ինչի՞ հետ եք կապում այսպիսի արձագանքը ձեր հայտարարությանը, նա պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, իսկ ի՞նչ եմ ես ասել, որը կարող էր նման կերպ հունից հանել մեր գործընկերներին»:

Զախարովան հայտարարում է, որ ռուս խաղաղապահներն իրենց դերակատարումն ամբողջությամբ կատարել են, Խանդանյանն արձագանքեց. «Հարմար առիթի դեպքում առաջարկում եմ տիկին Զախարովային, եթե հնարավորություն ունենաք, հարցնեք՝ ինչով են այժմ զբաղվում ռուս խաղաղապահները ԼՂ-ում»:

Հարցին, որ Զախարովան հորդորում է էթնիկ զտման մասին վկայող փաստաթղթերը, միջազգային հայտարարությունները դնեք սեղանին, չկա՞ն նման փաստաթղթեր՝ Սարգիս Խանդանյանը պատասխանեց. «Ռուս խաղաղապահները ԼՂ-ում հենց դրա համար էին, որպեսզի՝ ա) կանխեին էթնիկ զտումը, բ) երբ որ դա տեղի ունենար, արձանագրեր: Ես ցինիզմ եմ որակում նման մեկնաբանությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031