Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ընդհանրապես բիզնեսով չեմ զբաղվում… Ձե՞ռ եք առնում, լավ, խայտառակություն է, անհարմար է, որ նման բան եք ասում». Խաչատուր Սուքիասյան

Հունվար 16,2024 14:26

Այսօր լրագրողների հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը «Սիլ ինշուրանսի»՝ պետական գնումներում հաղթելու, իր ընտանիքին պատկանող ընկերությունների մատուցած ծառայությունների հետ կապված հարցին ի պատասխան՝ ասաց. «Ես ընդհանրապես տեղյակ չեմ, ես ընդհանրապես բիզնեսով չեմ զբաղվում, կարող եք տնօրենի հետ խոսել: Բայց տեսեք ընդհանուր քանի կազմակերպություն կա, քանիսն են պատվերի հայտ ներկայացնում ու նայեք` որ կազմակերպությունը ինչ աստիճանի մասնակցություն ունի: Ուղղակի դուք վերցնում եք կազմակերպություններից մեկի անունը, որն ունի պայմանագրային հարաբերություն, դա եք ի հայտ բերում: Ես խնդրում եմ բոլոր այն կազմակերպությունները, որոնք ՀՀ-ում գրանցված են որպես ապահովագրական ընկերություններ, նայեք, թե ամեն մեկը քանի տոկոս մասնաբաժին ունի պետական պատվերների մասով»:

Դիտարկմանը, որ միայն ապահովագրական ընկերության մասին չի խոսքը, անգամ ջուրը ձեռք են բերում պետական հիմնարկները հենց նրանց ընկերությունից՝ Սուքիասյանը պատասխանեց. «Ձե՞ռ եք առնում, լավ, խայտառակություն է, անհարմար է, որ նման բան եք ասում: Նորից խնդրում եմ ձեզ պետական մարմիներում նայեք, կարծում եմ, 200 անգամ «Սիլ» ջուրը քիչ կլինի, քան մնացածը: Խայտառակություն է, ուրեմն ընդհանրապես էդ ընտանիքը պետք է թողի Հայաստանից գնա, դուք հասկանո՞ւմ եք` ինչ եք ասում: «Սիլ» ջուրը 1000 անգամ զիջում է մնացածին թե՛ պետական պատվերների առումով, թե՛ ընդհանուր այլ կազմակերպություններում վաճառքի առումով: Ծիծաղելի է: Ես կարծում եմ, պետք է նման ընտանիքները հեռանան էս երկրից, անհնար է: Ի՞նչ անի այդ մարդը, եթե ջուր է արտադրում, 1% ջուր է վաճառել, մնացածը՝ 99: Դուք էդ մի տոկոսին վերցնում եք ու ամեն օր ասում եք՝ բա «Սիլ» ջուրը: Խայտառակություն է սա: Նույնն էլ ապահովագրականի մասով է: Դուք չեք նայում մնացած կազմակերպությունները պետական մարմիների հետ ինչ պայմանագրեր ունեն: Եթե կապված է Սուքիասյանների հետ, ասում եք` տեսեք: Բայց էդ կազմակերպությունը հարկ վճարող է, նա էլ աշխատակիցներ ունի, նա էլ է գին տալիս, ի՞նչ եք ուզում էդ կազմակերպություններից: Ես ձեզ խնդրում եմ, եթե մի այլ օրենքի խախտում կլինի, հերն անիծեք, ով ուզում է լինի, մեր ընտանիքի կառույցը կլինի, թե ցանկացածինը: Դուք տեսնում եք` ամբողջ Հայաստանի պետական մարմիններում այլ ջրեր են դրված, լավ ի՞նչ անի, գործարանը փակե՞ն էդ մարդիկ, 0,1% էլ չի լինի նրա վաճառքը»:

Հարցին՝ տարվա կտրվածքով ինչքա՞ն են մատակարարում՝ Սուքիասյանը պատասխանեց. «Չգիտեմ, ես բիզնեսից կիլոմետրերով հեռու եմ, ես ընդհանրապես չեմ էլ հարցնում, այլ մարդիկ են կառավարում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031