«Ադրբեջանը թող առաջարկի այլ քարտեզ, որը կունենա իրավական հիմնավորվածություն: Կարելի է բերել քարտեզ, ենթադրենք, մթա 2-րդ դարի, դա լուրջ չէ: Կարելի է բերել քարտեզ 1828թ-ի Թուրքմենչայի պայմանագրից հետոյի, դա էլ լուրջ չէ: Մենք պետք է բերենք քարտեզ, որտեղ ՀՀ-ն ու Ադրբեջանը եղել են անկախ պետություններ, կամ, եթե անկախ չեն եղել, ԽՍՀՄ կազմում են եղել եւ եղել են որոշակի սահմաններ, որոնք իրավական հիմքեր են ունեցել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ պատգամավոր Գեւորգ Պապոյանը:
Նա նշեց, որ առանց իրավական հիմքի քարտեզ ներկայացնելը, որ կողմն էլ ուզում է ներկայացնել, բերելու է էլ ավելի լարման ու պատերազմի. «Քարտեզը պետք է դրվի խաղաղության պայմանագրի հիմքում: Սա բերենք կադաստրի վկայականի օրինակով, կարեւորը թուղթն է, եթե թուղթն ունենք, որ սահմանն անցնում է այս տարածքով, մնացածն արդեն տեխնիկական հարց է»:
Պապոյանն ասաց, որ երկու կողմի զորքերն էլ պետք է հետ քաշվեն, դիտարկմանը, որ իրենք մեր տարածք են մտել՝ նա հայտարարեց. «Դուք հիմա Ջերմուկը նկատի ունեք, բայց ձեզ ասեմ՝ մենք 32 տեղ այդպիսինն ունենք: Մենք Տավուշի մարզում բազմաթիվ գյուղեր ունենք, որի գյուղը իր դասական իմաստով մեր կազմում է, բայց 90-ականների պատերազմի արդյունքում վարելահողերը իրենք գրավել են, բա ինչի՞ դրա մասին չենք խոսում: Այդպես բազմաթիվ դրվագներ մենք ունենք: Հիմա մենք ասում ենք այն հատվածում, որ կան զինված ուժեր, ծանր տեխնիկա, իրենք հետ են քաշվում, նույն հատվածում գալիս են սահմանապահներն են կանգնում երկու երկրների, որոնք բնականաբար բոլորովին այլ զենքերով են զինված եւ սկսում ենք սահմանազատում, սահմանագծում քարտեզով»:
Խոսելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ Պապոյանն ասաց. «Այն պայմաններով, որով Իրանը տալիս է Ադրբեջանին ճանապարհ, մենք այդ պայմաններով կարող ենք տրամադրել ճանապարհ Ադրբեջանին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ