Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ինչ-որ պաշտոնյայի մակարդակը եւ գիտելիքը արվեստի վերաբերյալ այդքան է, ուրեմն իրավունք չունի խոսելու». Փարավոն Միրզոյան

Հունվար 16,2024 12:24

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ԱԺ ամբիոնից հարց էր հնչեցրել. «Ծատուրյան Նիկոլայ, Չթչյան Գեղունի, Բալյան Վլադիլեն, Բաբայան Դավիթ, Միրզոյան Փարավոն, Սողոյան Ֆրիդրիխ։ Ամենայն հարգանքով այս արժանավորագույն մարդկանց նկատմամբ, կարող էի ցանկն ավելի ընդլայնել, բայց չեմ հասցնի ժամանակի մեջ։ Որևէ մեկս մի՞թե ճանաչում է այս անձանց որպես ժողովրդական արտիստ։ Եթե դուք հիմա հարցում անեք, ժողովրդի մեծամասնությունն իրոք չի ճանաչում»։

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Փարավոն Միրզոյանը տարակուսանք հայտնեց, ապա հավելեց, որ որեւէ մեկն իրավունք չունի այդ կոչումները հանելու: «Եթե գտնում եք, որ դրանք խորհրդային մտածելակերպի արդյունք են, ձեւը փոխեք… Բայց ինչի՞ համար, ի՞նչ է տալիս երկրին կոչում հանելը: Ավելի լավ է՝ դուք երկիրը նորմալ ղեկավարեք, որ ժողովրդին էս օրը չգցեք… Անհարմար է, ամոթ է, ես ամաչում եմ այս ղեկավարության մտածելակերպի համար… Եթե քո արվեստագետներին քո երկրի ներսում չեն ճանաչում, դա արվեստագետի խնդիրը չէ, այլ պետության, որ պատշաճ ուշադրության չի արժանացնում արվեստագետին եւ նրա ստեղծագործական ժառանգությանը… Իսկ այդ տիկնոջ նշած բոլոր անունները եւ ընդհանրապես բոլոր արվեստագետները արժանի են կոչման, ու եթե ինչ-որ պաշտոնյայի մակարդակը եւ գիտելիքը արվեստի վերաբերյալ այդքան է, ուրեմն ինքն իրավունք չունի խոսելու»:

Անվանի արվեստագետը ծիծաղեց փոխնախարարի այն հարցի վրա, թե արդյոք ճանաչում են իրեն ու մյուսներին, քանի որ Փարավոն Միրզոյանին ոչ միայն Հայաստանում են ճանաչում, այլ նախկին խորհրդային տարածքում, Եվրոպայում, նրա աշխատանքները գտնվում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Սիրիայի, Իսպանիայի թանգարաններում եւ մասնավոր հավաքածուներում։ Նրա աշխատանքներից մեկով դրոշմանիշ է տպագրվել Բելառուսում, ստեղծագործությունների կատալոգները հրատարակվել են եվրոպական երկրներում:

Փարավոն Միրզոյանը մշտապես ցուցահանդեսներ է ունենում տարբեր երկրներում, նրա «Խորհրդավոր ընթրիք» աշխատանքն ընդգրկված է 7- 21-րդ դարերի այդ թեմայով լավագույն աշխատանքների ցանկում: Փարավոն Միրզոյանը 20 տարի Հայաստանի գեղարվեստի ակադեմիայում ամբիոնի վարիչ է եղել, նա պետական մրցանակի դափնեկիր է, Ֆրանսիական ակադեմիական դափնիների ասպետ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031