Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ եւ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ Հայկ Սարգսյանի հետ պայմանավորվել է, պատրաստ է ցանկացած ձեւաչափով բանավեճի մասնակցել նրա հետ։ «Ուզում եմ քվեարկությունից առաջ պատգամավորներին հիշեցնել, որ հարակից զեկուցող պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն այս ամբիոնից հայտարարել է, որ պաշտպանության նախարարությունը վերապահում ունի, դեմ է Հայկ Սարգսյանի առաջարկած օրենքի նախագծի կոնկրետ մի կետի, որը վերաբերում է 27 տարին լրանալուց հետո քաղաքացիություն ստանալուն»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Նախագիծն ընդունվեց 61 կողմ, 27 դեմ, 6 ձեռնպահ ձայներով։
Կողմ քվեարկեց նաեւ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ավելի վաղ ասել էր Հայկ Սարգսյանին. «Ես ամեն ինչ կանեմ, որ ձեր նախագիծը չընդունվի, բայց եթե ընդունվի, յուրաքանչյուր 1 վերադարձի համար մենք ունենալու ենք 100 հատ գնացող»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հ․ Գ․ Հարցի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Հովիկ Աղազարյանի հետ:
-Պարո՛ն Աղազարյան, խոստացել էիք՝ ամեն ինչ անելու եք, որ Հայկ Սարգսյանի նախագիծը չընդունվի, ինչո՞ւ մտափոխվեցիք ու այսօր կողմ քվեարկեցիք նախագծին:
-Ես չկարողացա իմ ընկերներին հակառակը համոզել, ես միշտ քվեարկում եմ այնպես, ինչպես քվեարկում է խմբակցությունը:
-Մի՞շտ եք որոշումներն այդպես կայացնում՝ մի կողմ եք դնում ձեր անձնական կարծիքը ու վարվում եք այնպես, ինչպես թիմը որոշի:
-Միշտ այդպես է եղել, այդպես էլ լինելու է: Ես իմ առանձին կարծիքն ունեմ, ես հայտնում եմ իմ առանձին կարծիքը, բայց իրավունք չունեմ մտածելու, որ իմ կարծիքն ամենաճիշտն է: Հետևաբար, երբ իմ ընկերների մոտ իմ կարծիքն ընդհանուր ըմբռնում չի առաջացնում, ես ենթարկվում եմ մեծամասնության որոշմանը:
-Իսկ ինչո՞ւ չհաջողվեց ձեր թիմակիցներին համոզել:
-Երևի լավ չկարողացա հիմնավորել իմ թիմակիցներին, բայց հիմա էլ համոզված եմ, որ դա վատ նախագիծ է, որ բացի վնասից օգուտ չի տալու, շատ շուտ դրանում կհամոզվենք՝ մի 6-7 ամսում կհամոզվենք, որ դրանից միայն վնաս է լինելու, կարող է այդ ժամանակ վերանայեն:
-Պարո՛ն Աղազարյան, ստացվում է՝ կանխատեսում եք, որ նախագիծը վնաս է հասցնելու պետությանը, հասարակությանը, բայց աչք եք փակում դրա վրա ու միայն ձեր թիմի ասածով եք շարժվում:
-Հիմա ես մտահոգություններ հայտնել եմ, որ իմ ընկերներն էլ այդ ուղղությամբ մտածեն, բայց միանշանակ չէ, որ պետք է նրանք դեմ քվեարկեին՝ կարող է ճիշտն իրենք են:
Իմ սկզբունքն է եղել երիտասարդ տարիքից, որ թիմի անդամը լսելի լինի, բայց չհավակնի, որ իր ասածն ամենաճիշտն է, պայքարի իր տեսակետի համար, բայց եթե իր տեսակետը լայն շրջանակներում հավանության չի արժանանում, ապա պարտավոր է ենթարկվել թիմի որոշմանը: