«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը
Ինձ ասում են՝ 7-րդ դասարանի Հայոց պատմության աղմկահարույց և սխալաշատ դասագրքում ի՞նչն է, որ այնպես չի գրված Էրեբունու մասին:
Հիմա փաստերով նշեմ, թե ինչ է գրված Էրեբունու մասին: Ընդամենը մի քանի տող: Նախ, հեղինակը մոռացել է Արգիշթիի կառավարման տարեթվերից առաջ գրել Ք. ա., և, որքան գիտեմ, հիմա շատ դպրոցականներ արդեն իրենք են դասագրքում մատնացույց անում նման սխալներ:
Հեղինակն Էրեբունու մասին նշում է ընդամենը հետևյալը: Մեջբերում եմ՝ Ք. ա. 782 թ. Արգիշտիի զորքերն անցան Արաքս գետը, հաստատվեցին Սևանի ավազանում: Այս տարածաշրջանում ամրապնդվելու նպատակով նույն թվականին կառուցվեց Էրեբունի քաղաք-ամրոցը:
Կարդացեք նաև
Եվ վերջ: Նախ, տեքստը կարդալիս թյուր տպավորություն է ստեղծվում, թե Արգիշթի արքան Էրեբունին հիմնադրել է Սևանի ավազանում: Մինչդեռ Էրեբունին հիմնադրվել է Արարատյան դաշտում: Բայց, ամենակարևորը, ոչ մի խոսք Էրեբունու և Երևանի կապի, ժառանգականության մասին, ոչ մի խոսք: Էլ չխոսեմ, որ դասագրքի սխալներով հագեցած արդեն քաջ հայտնի քարտեզում ևս չկա Էրեբունին: Բայց ցավալին այն է, որ դասագրքի հեղինակը 50-րդ էջում ցույց է տալիս Ուրարտուիի և այսօրվա կապը, նշում, որ այսօր որոշ մարդիկ իրենց նորածինների անունները դնում են ուրարտական արքաների անունով, ֆուտբոլային ակումբներ և խանութներ են անվանվում ՈՒրարտու, մարդիկ զարդեր և կենցաղային իրեր են պատրաստում ուրարտական դեկորատիվ կիրառական արվեստի և ճարտարապետության տարրերի կիրառմամբ: Սակայն, ոչ մի տող Էրեբունու և Երևանի կապի մասին: Որ ամեն տարի նշվում է Էրեբունի-Երևան տոնակատարությունը ,երևի այդ մասին նպատակահարմար չի եղել նշել: Բայց ասենք իր կողմից ենթադրությունները փաստեր հրամցնել ու հարեմի մասին գրել կարելի էր:
Հիմա՝ ինչին է Էրեբունի-Երևան կապը չնշելը ջուր լցնում, թողնում եմ ողջամիտ դատողությունների: Հիշենք, թե ովքեր են ամեն-կերպ փորձում Երևանը ներկայացնել առանց Էրեբունու ու իր հնագույն անցյալի:
Ի դեպ, ՀՀ ԿԳՄՍ նախարար տիկին Անդրեասյանի և գիտնականների հետ տեղի ունեցած հանդիպումից անցել է արդեն մեկ ամիս: Հանդիպման ժամանակ նշվեց, որ Սմբատ Հովհաննիսյանը պետք է աղյուսակի տեսքով ներկայացնի, թե ավելի քան 60 էջ մասնագիտական դիտողություններից, որոնք է ընդունում և որոնք ոչ: Եվ եթե չի ընդունում, ապա մատնանշվի, թե ինչու, որովհետև իր չընդունելը դեռ դեռ հիմք չի: Բացի այդ, նույնկերպ պետք է լիներ երրորդ անաչառ կողմի կարծիքը: Չգիտեմ, ովքեր են լինելու այդ երրորդ կողմի անաչառ ներկայացուցիչները, որոնք որպիսությունը պահվելու է գաղտնի պայմաններում, բայց ինքս սպասում եմ: Հուսամ կարծիքները կլինեն մոտ օրերս, այլ ոչ թե մի քանի ամսից: