Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ագրեսորին զիջել չի կարելի։ Եթե զիջեցիր, ի վերջո քո երկիրը մի օր ինքնալուծարվելու է. Միխայիլ Ալեքսանդրով. «Հրապարակ»

Հունվար 16,2024 11:22

Հունվարի 10-ին ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Ալիեւը մի շարք նոր պայմաններ եւ վերջնագրեր ներկայացրեց Հայաստանին։ Լսելով նրան՝ հասկանում ես, որ Ալիեւին ամենեւին չի հետաքրքրում խաղաղության գործընթացը, եւ նա բանակցությունները վարում է սպառնալիքի դիրքերից։ Զրուցել ենք ՌԴ հայտնի վերլուծաբան, քաղաքագիտության դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովի հետ։

Փաշինյանին լսելով թվում էր, թե բանակցություններն Ալիեւի հետ նորմալ ընթանում են, բայց, փաստորեն, հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ ոչ մի պայմանավորվածություն չկա, Ալիեւը նոր պահանջներ է դնում՝ կրկին խոսում է Մեղրիի միջանցքի մասին, որ դեմարկացիայի հիմք ընդունվեն ոչ թե 70-ականների քարտեզները, այլ ավելի վաղ շրջանի։ Ի՞նչ է սա նշանակում։

– Դե չէ, որոշակի պայմանավորվածություններ, իհարկե, եղել են։ Նրանք ստորագրել են, չէ՞, Բրյուսելում դեկլարացիա կամ Պրահայում։ Ավելի վաղ էլ Ալիեւն ինչ-որ փաստաթղթեր էր ստորագրում կամ նրա ներկայացուցիչները։ Օրինակ, նրանք համաձայնեցրել եւ հաստատել էին Մադրիդյան սկզբունքները, բայց վերջին պահին Ալիեւը հրաժարվեց դրանք ստորագրելուց։ Ես դեռ Լաչինի միջանցքի հայտնի դեպքերից եւ Ղարաբաղի դեմ ագրեսիայից առաջ էի ասել, որ ոչ մի համաձայնություն Ադրբեջանի հետ չի աշխատի։ Ալիեւը չի կատարում իր վրա վերցրած պարտականությունները։ Ադրբեջանն ու Թուրքիան այդպիսի երկրներ են, նրանք մշտապես խախտում են իրենց ստանձնած պարտավորությունները։ Եվ հույս դնել, ինչպես Նիկոլն էր հույս դնում, խաղաղության պայմանագրի ստորագրման վրա, կամ որ ամեն ինչ կկարգավորվի, եթե Ղարաբաղը վերադառնա Ադրբեջանի կազմ, միամիտ երազանքներ են։

Հիմա ի՞նչ, պատերա՞զմ է լինելու։

– Ես հասկանում եմ, որ մարդկանց Հայաստանում խաղաղություն է պետք, որ ոչ ոք չի ուզում կռվել, բայց իրավիճակն այնպիսին է, որ եթե դու ապրում ես նման հարեւանների շրջապատում, պետք է լինես հզոր, մինչեւ ատամներդ զինված, քո երկիրը պետք է լինի ռազմականացված, ինչպես, օրինակ, Հյուսիսային Կորեան։ Գուցե ոչ այդ աստիճան, բայց դրան մոտ։ Միայն այդ ժամանակ կարող ես ունենալ հարաբերական անվտանգություն։ Իսկ Նիկոլը կա՛մ անփորձ է, կա՛մ գուցե լսել է Արեւմուտքի հեքիաթները, թե դու ստորագրի Ադրբեջանի հետ համաձայնագիր, եւ ամեն ինչ նորմալ կլինի։ Ահա, ստորագրել են դեկլարացիան, եւ ի՞նչ։ Մենք տեսանք, որ Ադրբեջանը հասավ իր նպատակներին Լեռնային Ղարաբաղում եւ անմիջապես նոր պայմաններ առաջ քաշեց։ Նա հետո էլ է դրանք առաջ քաշելու, դա անելու է անվերջ։ Բայց ագրեսորին զիջել չի կարելի։ Եթե ագրեսորին զիջեցիր, ի վերջո քո երկիրը մի օր ինքնալուծարվելու է, ինչպես Չեխոսլովակիան։ Կար երկիր եւ էլ չկա։

Ի՞նչ դաշնակիցներ մենք հիմա կարող ենք ունենալ։ Ռուսաստանն այլեւս մեր դաշնակիցը չէ։

– Ցավոք, Ռուսաստանի հետ այնքան էլ լավ չստացվեց։ Ես չգիտեմ, թե ինչը դրդեց Ռուսաստանի ղեկավարությանը վերակողմնորոշվելու Ադրբեջանի կողմը։ Դա եղավ, իմ խորին համոզմամբ, դեռ Սերժ Սարգսյանի օրոք, երբ մեր նախագահը Մեդվեդեւն էր։ Այն ժամանակ ստորագրվեց առաջին խոշոր պայմանագիրը՝ Ադրբեջանին զենք մատակարարելու շուրջ։ Երեւի ինչ-որ բան Հայաստանի գործողություններում դուր չեկավ Ռուսաստանին։ Ես այն ժամանակ ենթադրություն արեցի, որ Վրաստանի դեմ պատերազմում Հայաստանը մեզ այնքան էլ չաջակցեց։ Հետո Սերժ Սարգսյանը Սահակաշվիլուն շքանշան շնորհեց։ Իհարկե, զուտ խորհրդանշական ակտ էր, շրջափակված Հայաստանին պետք էր, չէ՞, գոնե Վրաստանի հետ հարաբերություններ պահպանել, բայց Մոսկվայում սա նեգատիվ ընկալվեց։ Հետո բանակցություններ էին գնում Եվրամիության հետ ասոցիացիայի ստորագրման շուրջ։ Հայաստանը հետագայում կտրուկ փոխեց դիրքորոշումը եւ ԵԱՏՄ-ի մեջ մտավ։ Այն ժամանակ ռուսական քաղաքականությունը պետք է շրջվեր կրկին Հայաստանի կողմը, բայց դա տեղի չունեցավ։ Կա՛մ ադրբեջանական լոբբին դեր խաղաց, կա՛մ ՌԴ ղեկավարության մոտ Հայաստանի հետ կապված ինչ-որ կասկածներ էին առաջացել։ Պետք է Ռուսաստանում հասկանան, որ աջակցելով Ադրբեջանին, Ռուսաստանը երբեք իր նպատակներին չի հասնելու։ Ադրբեջանի դաշնակիցը ՌԴ-ն չի լինելու երբեք։ Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Սա Ռուսաստանում ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ եւ ինչ հարաբերություններ էլ Հայաստանի հետ ունենան, Հայաստանը, միեւնույն է, մեզ ավելի մոտ երկիր է, որտեղ կանգնած են մեր զինված ուժերը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031