Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք լուսնից չեք իջել ու վերջին 30 տարում Հայաստանում եք ապրել, չգիտե՞ք, որ Հայաստանում լիքը մարդիկ չեն ծառայել, այդ թվում՝ գումար տալով»

Հունվար 16,2024 11:10

«Պարոն Մանուկյան, ասում եք՝ Հայաստանում երկու կատեգորիայի մարդ է լինելու, մարդիկ, որոնք կարող են տալ 2,5 մլն դրամ եւ ազատվել բանակից, եւ մարդիկ, որոնք պետք է գնան ծառայության։ Ես որքան գիտեմ՝ դուք լուսնից չեք իջել ու վերջին 30 տարում Հայաստանում եք ապրել։ Դուք չգիտե՞ք, որ Հայաստանում շատ արատավոր երեւույթներ են եղել եւ այդ երեւույթների արդյունքում լիքը մարդիկ չեն ծառայել տարբեր պատճառներով, այդ թվում՝ ձեր ասած գումարը տալով։ Ես խնդրում եմ, գոնե դուք, գոնե այս հատվածում նստած մարդիկ դրա մասին չխոսեն»,- Ազգային ժողովում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ եւ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին դիմեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։

Նշենք, որ Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով այս նախագծին, ասել էր․ «Հայաստանի Հանրապետությունում ուզում են հաստատել երկու կատեգորիայի քաղաքացի՝ մեկը 2,5 միլիոնով քաղաքացիություն ստանալով՝ բանակից ազատվում է, մեկը՝ պարտավոր է գնալ ծառայության»։

Պապոյանը նշեց, որ լավ օրից չէ, որ այսպիսի նախագիծ է մշակվել։ «Կա իրավիճակ, որ այս մարդիկ կամ չեն գալու Հայաստան այլեւս, կամ պիտի տասնյակ տարիներ սպասեն, կամ հնարավորություն են ունենալու վճարել գումար, այդ գումարով մենք կարող ենք, օրինակ, պայմանագրային զինծառայողների աշխատավարձը բարձրացնել կամ պայմանագրային զինծառայողներ ընդգրկել ծառայության մեջ եւ մեր սահմանների պաշտպանունակությունը բարձրացնել։ Ինձ հետաքրքիր է մեր գործընկերների տեսակետը, կարծես վերջին մի քանի տարին, որ եկել են Ազգային ժողով, մոռացել են՝ ինչ է տեղի ունեցել Հայաստանում, եւ այդպիսի դասակարգում են անում։ Ցավոք սրտի, այդպիսի դասակարգում եղել է, եւ այդ դասակարգումը եղել է այն ժամանակ, երբ դուք եղել եք իշխանության, հարգելի գործընկերներ»,- ասաց Պապոյանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ իր ելույթում ասաց․ «Եկեք ի սկզբանե ֆիքսենք՝ ինչի՞ մասին են խոսում։ Խոսում ենք այն մասին, որ մարդիկ ապօրինի խուսափել են զորակոչից, չեն ծառայել բանակում, օրենք են խախտել, փախել են զորակոչից։ Այդ նույն կարգավորումները, որ ինչ-որ բանի դիմաց կարելի է տուգանք վճարել, մեր քրեական, վարչական, բոլոր օրենսգրքերում էլ կան։ Ձեր կարգավորումներով հետեւյալն էր իրավիճակը՝ եթե մինչեւ զինապարտության հաշվառման կանգնելը մեկը քաղաքացիությունից հրաժարվում էր, գնում էր, ուրիշ երկրի քաղաքացի էր դառնում, հետո 27 տարին լրանում էր, էլի գալիս էր Հայաստանի քաղաքացի էր դառնում, ոչ մի բան, բարի գալուստ Հայաստան, հարգելի ընկեր։ Հիմա այս վերջին կարգավորումն այն մասին է, որ նման մանիպուլյացիաներ չլինեն»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031