Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրում ես հայրենիքդ` կողմ քվեարկիր անգամ իշխանական կամ ընդդիմադիր պատգամավորի այն նախաձեռնությանը, որն ի շահ քո պետության է»․ Հայկ Սարգսյան

Հունվար 16,2024 10:46

Ազգային ժողովում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ եւ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ փաթեթի հեղինակ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը դիմեց ընդդիմադիր պատգամավորներին։

«Հարգելի ընդդիմադիր պատգամավորներ, հիմա հակիրճ կներկայացնեմ մի քանի հիմնավորումներ, թե ինչու դուք պետք է կողմ քվեարկեք այս օրենքի նախագծին։ Առաջինը, նախագծի ընդունումը հնարավորություն կտա 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին, ծառայելով Զինված ուժերում կամ գումար վճարելով, ազատվել քրեական պատասխանատվությունից։ Եթե քաղաքացին ծառայի երկու տարի, նա որեւէ գումար չի վճարի։ Եթե չցանկանա կամ չկարողանա ծառայել, ստիպված կլինի վճարել 15 մլն դրամ՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք 2004 թվականին ընդունված եւ Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիների ընթացքում գործած այն օրենքի, երբ ծառայությունից խուսափած քաղաքացին վճարում էր ամեն բացակայած զորակոչի համար 100 հազար դրամ՝ ազատվելով պատասխանատվությունից։ Ձեր ժամանակ մեկ զորակոչին չներկայացած չծառայածը վճարում էր 100 հազար դրամ, իմ առաջարկած տարբերակով նա պետք է վճարի 15 մլն դրամ»,- ասաց նա։

Երկրորդ հիմնավորումն, ըստ Հայկ Սարգսյանի, այն է, որ այս նախագծով լուծվում է հաշվառման չկանգնած քաղաքացիներին ծառայության տանելու հարցը։ «Ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք հաշվառման չեն կանգնում մինչեւ իրենց 27 տարին լրանալը, հետեւաբար չեն ծառայում։ Հետաքրքիր զուգադիպությամբ նրանք բոլորը ներկայանում եւ հաշվառման են կանգնում 27 տարին լրանալուց հետո՝ այսպիսով ազատվելով ծառայելու պարտավորությունից։ Նախագծի ընդունման դեպքում նրանք նույնպես պարտավոր կլինեն ծառայել, եթե անգամ հաշվառման վերցվեն 27 տարին լրանալուց հետո։ Այս փոփոխությունը նույնպես կհամալրի ԶՈւ շարքերը եւ լրացուցիչ մուտքեր կապահովի պետական բյուջե։ Երրորդ, գործող կարգավորումներով այն անձինք, որոնք մինչեւ հաշվառման վերցվելը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից եւ Հայաստանի քաղաքացիություն են ստանում 27 տարին լրանալուց հետո, չեն ծառայում եւ ազատվում են ծառայելու պարտավորությունից։ Նաեւ այն անձինք, որոնք դիմում եւ ստանում են Հայաստանի քաղաքացիություն 27 տարին լրանալուց հետո, նրանք նույնպես չեն ծառայում։ Սա անարդարացի կարգավորում է։ Օրենքի ընդունմամբ այս խումբ անձինք նույնպես պարտավոր կլինեն ծառայելու կամ գումար վճարելու պետական բյուջե։ Թվարկածս հիմնավորումներին դուք չեք կարող բերել որեւէ հակափաստարկ, որն ինձ հետ բանավեճում կյանքի իրավունք կունենա։ Հետեւաբար, պետության շահն ասում է, որ այս օրենքին պետք է կողմ քվեարկեն բոլոր այն պատգամավորները, ում համար առաջնային է պետական շահը։ Սիրում ես հայրենիքդ՝ կողմ քվեարկիր անգամ իշխանական կամ ընդդիմադիր պատգամավորի այն նախաձեռնությանը, որն ի շահ քո պետության է»,- ասաց Հայկ Սարգսյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031