Հայաստանի թուլակամ իշխանությունների խեղճուկրակ, ամեն ինչ զիջելու պատրաստ պահվածքից լկտիացած Ադրբեջանի ղեկավարը կրկին պահանջում է Զանգեզուրի միջանցքը, անկլավները, նույնիսկ Երեւանն ու Ջերմուկն է ադրբեջանական տարածք համարում` խոստանալով վերականգնել պատմական արդարությունը։
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին ասացինք․ «Արցախը հանձնեցիք, բայց լավ չեք ապրում, ձեր ակնկալած Հայաստանի «կադաստրի վկայականն» էլ չեք ստանում»: Հիշեցրինք նաեւ իշխանականների հայտարարությունները` երբ Արցախը բլոկադայի մեջ էր, ասում էին` չենք միջամտում, քանի որ Ալիեւն այն բացելու դիմաց Զանգեզուրի միջանցքն է ուզում։ «Նախ, մենք Արցախը չենք հանձնել, այն կորցրել ենք, եւ այդ կորուստը ողջ հայ ժողովրդի կորուստն է, յուրաքանչյուրս մեղավոր ենք դրանում, մեկս՝ մի քիչ շատ, մեկը` քիչ»,- ասաց Աղազարյանը: Հարց տվեցինք՝ ձեր մեղքը պարզ է, ո՞րն է իմ մեղքը։ «Որ իմ նման անպետք պատգամավոր ունես»,- անկեղծացավ ՔՊ-ականը: «Ինչ վերաբերում է, որ մենք սպասում էինք, որ Արցախի հարցի լուծումից հետո Ադրբեջանը կդադարեցնի նկրտումները, այդպես չէ։ Ամբողջ աշխարհն էր ասում, որ Արցախն Ադրբեջանի տարածքային մաս է կազմում, մենք չենք հանձնողը, Արցախի հարցը պահում էին օրակարգում, որպեսզի լուծեին Զանգեզուրի կամ այլ հարցերը, որը մենք դիմակայեցինք եւ դիմակայում ենք, ու վստահեցնում եմ՝ դիմակայելու ենք, ու այդ բանը տեղի չի ունենա»,- ասաց ՔՊ-ականը։
«Ինչ վերաբերում է կադաստրի թղթին, Ալիեւը չպետք է տա, մենք պետք է դա ձեռք բերենք, բայց ես չեմ բացառում, որ Ալիեւը նոր ոտնձգություններ թույլ տա, եթե բոլորս գնանք` Լոս Անջելեսից սիրենք մեր հայրենիքը, չեմ կարող ասել, թե 20 տարի հետո ինչ տեղի կունենա: Սակայն վստահեցնում եմ, որ այսօր ուժերը հավասար են, իհարկե, ռազմական առումով մենք փոքր-ինչ զիջում ենք, բայց քաղաքական առումով մենք առավել ենք կամ հավասար։ Որովհետեւ աշխարհն ասում էր՝ Արցախն Ադրբեջանի մաս է, իսկ հիմա ասում է՝ Զանգեզուրը մեր տարածքն է»: Աշխարհը ձայն չի հանում Սեւ լճի, Ջերմուկի մասով, վաղը կարող է ասել, որ Զանգեզուրն էլ է Ադրբեջանինը։ «Դե հա, ես չեմ բացառում, ․․․որպեսզի այդ սցենարից հեռու մնանք, պետք է անընդհատ զինվենք»:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։