Կառավարությունը սկսում է պարտվել իր տարաբնույթ նախաձեռնություններում: Օրինակ՝ ամիսներ առաջ խոսվեց Վերին Լարսում լաստանավի շահագործման մասին, օրերս հայտարարվեց, որ այն չի գործում, ժամանակավորապես դադարեցվեց «Սեպուհ 1»-ի գործունեությունը: Որոշվեց, որ կենդանու միսը միայն սպանդանոցային մորթից հետո պետք է հայտնվի վաճառքի կետերում: Սա կարևոր նախաձեռնություն է, բայց հետո պարզվեց, որ բավարար քանակի սպանդանոցներ չկան երկրի տարածքում և այլն: Երբեմն անգամ առաջին հայացքից լավ ու կարևոր թվացող գաղափարներն իրականություն չեն դառնում: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն այս առնչությամբ ասում է․
«Օրինակ՝ լավ գաղափար է, չէ՞, որ Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ պետք է բյուջեից ամսական ստանա մեկ միլիոն դրամ գումար: Բայց եթե այդ թիվը բազմապատկենք հրապարակված երեք միլիոն բնակչության թվով, ապա կտեսնենք, որ Հայաստանի Հանրապետության բյուջեն չի բավարարի, որ այդ մեկ միլիոնները տրամադրենք: Դաշտ են նետում ի սկզբանե ձախողված գաղափար, որն ուղղակի անհնար է իրականացնել: Նույն լաստանավերի պատմությունը, երբ առանց հասկանալու շրջանառեցին, բազմաթիվ մասնագետներ բարձրաձայնում էին՝ հո դուք հիվա՞նդ չեք, դա ուղղակի չի կարող տեղի ունենալ, առհասարակ պատկերացնո՞ւմ եք Հայաստանի լոգիստիկ համակարգը, թե՞ ոչ, գիտե՞ք, թե որտեղից ենք ներմուծում և ուր արտահանում, ի՞նչ լաստանավերի մասին եք խոսում: Նույն պոպուլիզմով կերակրեցին ժողովրդին, որ այսպիսի աշխատանքներ են կատարում, բայց նույնիսկ իրենց ուղեղը չբավարարեց, որ հասկանան՝ դա չի աշխատելու: Հիմա լաստանավերի որոշումը չեղարկում են ու ասում՝ բիզնեսն է մեղավոր, որ չկարողացավ օգտագործել:
Անում են մի բան, որն անհնար է կյանքի կոչել, և վերջում մեղադրում են Հայաստանում քիչ թե շատ արդյունք ստեղծող համայնքին: Բարիք ստեղծողը բիզնեսն է: Խեղճ մարդիկ ի՞նչ անեն, որ այնպիսի որոշում եք ընդունում, որ նրանք չկարողանան օգտագործել, դեռ իրենց էլ անամոթաբար մեղադրում եք: Կամ՝ «Սեպուհ 1»: Մեքենաշինությունը մեկնարկելու համար պետք է բավականին շատ տնային աշխատանք կատարել և հայտարարել դրա մասին միայն այն դեպքում, երբ նորարարություն է ստեղծվել, օրինակ՝ կարող ենք մրցակցել Ֆոլքսվագենի, Տեսլայի և այլոց հետ: Պետք է հաշվարկենք, թե աշխարհում ովքեր են արտադրողները: Տրանսպորտային միջոցների գուրուները Գերմանիան և Ճապոնիան են, աշխարհում ընդունելի է նրանց բրենդը: Չինաստանը բոլորին ձեռնոց է նետել էժան գնով որոշակի որակ ստանալով: Եթե «էժանում» դիրքավորվում ենք, Չինաստանի հետ չենք կարող մրցակցել, եթե բրենդի մեջ ենք դիրքավորվում, Գերմանիայի և Ճապոնիայի հետ չենք կարող մրցակցել: Գտե՞լ ենք այն երրորդ բանաձևը, դեռևս ոչ: Հնարավո՞ր է գտնել, իհարկե: Եթե գտնենք, կարող ենք համաշխարհային խաղի մեջ մտնել: Բայց առանց դա կատարելու հայտարարում ենք «Սեպուհ 1»-ի մասին և ևս մեկ անգամ խայտառակ ենք լինում»:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում