Ցանկացած միջոցառման, ցանկացած նախաձեռնության մասին կարելի է վերջնական դատողություն հայտնել, ղեկավարվելով մեկ պարզ չափանիշով՝ որքանով էր դա արդյունավետ, որքանով են իրականացվել հայտարարագրված նպատակները: Այդ առումով թույլ տվեք բերել երեք օրինակ:
1/ Երեւանի կենտրոնում կայանելու վարձը 15 անգամ ավելացնելու նպատակը, ըստ պաշտոնական բացատրության, «Կենտրոնը տրանսպորտային միջոցներից բեռնաթափելն է»: Եվ ի՞նչ, բեռնաթափվե՞ց: 15 օրվա փորձը ցույց է տալիս, որ՝ ոչ: Կենտրոնի փողոցներում մեքենաները կայանում են նույն խտությամբ, ինչ անցյալ տարի: Դա մի կողմից վկայում է այն մասին, որ մեզանում, բարեբախտաբար, շատ են մարդիկ, որոնց համար տարեկան 160 հազար դրամը շոշափելի գումար չէ: Մյուս կողմից՝ որ կայանելու վարձը բարձրացնելը Կենտրոնի ծանրաբեռնվածության հարցը չի լուծում: Ավելին՝ ենթադրում եմ, որ եթե նույնիսկ կայանողները քչանան, դա էապես չի նպաստի խցանումների վերացմանը. դրա համար այլ միջոցներ են պետք:
2/ Արդեն մեկ տարի է՝ լրատվամիջոցներին արգելված է գովազդել շահումով խաղերը եւ բուքմեյքերական գրասենյակները: Չէի ասի, որ դա սխալ է՝ այնպես չէ, որ ուշքս գնում է խաղամոլներին գովազդելու համար: Բայց կա՞ն արդյոք որեւէ լուրջ տվյալներ, որ մեկ տարվա ընթացքում խաղամոլների թիվը պակասել է: Իհարկե, չկան: Օրինական դաշտում աշխատող լրատվամիջոցները համացանցի հազիվ 10 տոկոսն են կազմում, իսկ մնացած 90 տոկոսում «ղումարբազության» քարոզչությունը ծաղկում է: Հետեւաբար դա, լավագույն դեպքում, 10 տոկոս արդյունավետություն ունեցող միջոցառում էր, որը բացառված չէ՝ կապված է իշխանական որոշ շրջանակների բիզնես շահերի հետ: Պետությունը պետք է մտածի խաղամոլության դեմ պայքարի այլ մեթոդների մասին:
3/ «Վաստակավոր» եւ «ժողովրդական արտիստ» կոչումներից հրաժարվելը սկզբունքորեն ճիշտ որոշում է: Տարիների ընթացքում բազմիցս գրել եմ, որ պետությունը չպիտի որոշի, թե ով է լավ երգում կամ պարում: Երբ այդ գործառույթը տրվում է պետությանը, անխուսափելի է դառնում, որ կոչումներ տվող չինովնիկները (որոշում են ընդունում հե՛նց նրանք, ոչ թե ձեւական հանձնաժողովները) ղեկավարվեն ոչ ստեղծագործական չափանիշներով: Բայց ասել, որ այդ կոչումները վերացնելուց հետո արվեստում ստեղծվելու է առողջ մրցակցության մթնոլորտ՝ չափազանցություն կլինի: Հիմա էլ, ինչպես նախորդ տարիներին, ինչպես նաեւ կոմունիստների ժամանակ, պետական մարմինները տարբեր ձեւով են վերաբերվում իշխանությանը լոյալ եւ ոչ լոյալ արվեստագետներին ու մշակութային կառույցներին: Օրինակ, փակում են «ոչ լոյալ» թատրոնը:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ռուս ուկրաինական պատերազմ չէր լինի, եթե այդ ժողովուրդներն ունենային զարգացած սուբյեկտ քաղհասարակություններ: Մենք էլ, եթե ունենայինք զարգացած քաղհասարակություն, ոչ ոք ռիսկ չէր անի մեր վրա հարձակվել, ինչպես, ասենք, ռիսկ չէին անի հարձակվել Շվեյցարիայի վրա: Այն, որ դրսից է հրահրված ռուս ուկրաինական պատերազմը, կարծում եմ ոչ մեկս չենք կասկածում, իսկ ի՞նչ կանեին ռուսներն ու ուկրաինացիները, եթե ունենային զարգացած քաղհասարակություններ: Այդ քաղհասարակությունները կստեղծեին վերազգային ռազմավարական դաշինք, ոչ թե ինչ որ ճղճիմ անգյալի խաղաղություն, այլ ագրեսիվ մարտնչող վերազգային ռազմավարական դաշինք, երբ մեկը կիսում է, մյուսը ընտրում է իր կեսը, երբ մեկը արկեր է արտադրում, մյուսը՝ հրանոթներ, մեկը ինքնաթիռի շարժիչներ է արտադրում, մյուսը ինքնաթիռի մնացածը: Իսկ եթե մենք էլ նրանց հետ ունենային զարգացած քաղհասարակություն, մենք էլ այդ երկու հնդեւրոպական լեզվաընտանիքի ժողովուրդների հետ կմտնեինք վերազգային ռազմավարական դաշինքի մեջ եւ ասենք ինքնաթիռի միկրոէլեկտրոնիկան էլ մենք կարտադրեինք: Սովետ երկո՞ւս է հիշեցնում, բայց սովետում բացարձակ բացակայում էր քաղհասարակությունը ( պատգամավոր կթվորուհիները չհաշված 🙂 ) , մեզ սովետ երկուս պետք չի, մեզ պետք է բարձր քաղաքացիական գիտակցությամբ կրթված ու դաստիարակված ժողովուրդների ռազմավարական դաշինք, երբ մեկին նեղացնում են, մյուսները նրա թիկունքին են կանգնում: Մենք կարող ենք ընտրել երկուսից մեկը՝ կամ քաղաքականապես անգրագետ ժողովրդով պատերազմ եւ ուրիշների օրակարգով ինքնաոչնչացում կամ էլ մեր ժողովուրդներով զանգվածային անցնում ենք քաղաքական լիկբեզ եւ մեր ցանկացած կառավարությանը մեր իշխանությանն ենք ենթարկեցնում: Սովետը ուրիշների կողմից անգրագիտացված իր ժողովրդի մեջ լիկբեզ անցկացրեց եւ մալադեց իրեն, շատ ճիշտ քայլ էր: Մե՛նք էլ կարող ենք հաջող քաղաքական լիկբեզ անցկացնել: Ստեղծե՛նք մեր վերազգային ռազմավարական դաշինքը քաղաքականապես կրթված ու դաստիարակված ժողովուրդներով: