Ինչպես անդրադարձել ենք, գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանը Շիրակի մարզի Ախուրիկ բնակավայրի հատվածում լուսանկարներ է արել Գյումրի-Կարս երկաթգծից, ինչպես նաև Մարգարայի կամրջից՝ համոզմունք հայտնելով, որ թուրքական կողմին բնավ չի հետաքրքրում Հայաստանի հետ սահմանների բացումը, ճանապարհների ապաշրջափակումն ու տնտեսական կապերի հիմնումը։
Նրանց հետաքրքրող միայն մեկն է․ բացել Զանգեզուրի միջանցքն՝ այսպիսով իրականացնելով «Մեծ թուրանի» ծրագիրը, որը, ըստ Կարապետ Պողոսյանի, նույնիսկ Մեծ եղեռնի գնով չիրականացավ։
Եվ եթե, ըստ Կարապետ Պողոսյանի, Գյումրի-Կարս երկաթգծի հատվածում ոչինչ արված չէ, այն թաղված է գոմաղբի մեջ, ապա Մարգարայի կամրջի մոտ ՀՀ կառավարությունը մեծ գումարներ է ծախսել, թանկարժեք շենք-շինություններ ու անցակետ է կառուցել, որն անիմաստ ծախս է, քանի որ թուրքական կողմից ոչինչ նախաձեռնված չէ (տես լուսանկարներում)։
Կարդացեք նաև
«Հիմնական ցավը նաև այն է, որ բյուջեից անիմաստ գումարներ են ծախսվում էդ օդ ծրագրերի համար, որոնք չեն իրականացնելու։ Տեսեք այդ նույն Մարգարայի կամրջում մեր պետական բյուջեից այնքան գումար է ծախսվել, որ այդ գումարով կարելի էր ամբողջապես մեր առաջնագծի մոտ 30 կիլոմետր հատված ամենաժամանակակից ձևերով կահավորել։ Բացի դրանից ստեղծել այնպիսի ենթակառուցվածքներ և տեխնիկական միջոցներ, որ երկու օր առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքը տեղի չունենար․ զորացրվող զինվորը չմնար ձյան տակ։
Իսկ Գյումրի-Կարս երկաթգիծը նույնիսկ մաքրված չէ անասունների արտաթորանքից։ Այդ երկաթգծին նայելով՝ որևէ պատկերացում չի ստեղծվում, որ հնարավոր է այդտեղ ապագայում որևէ բան գործարկվի։
Թուրքական կողմին հետաքրքիր է միայն մի բան․ Հայաստանը վերցնել ընդհանուր շրջափակման մեջ, թողնել ընդամենը մեկ ճանապարհ դեպի Վրաստան, որը դառնա Հակարի կամուրջի նման մի բան, և տարեցտարի այս տարածքը կմտցնեն արտագաղթի մեջ, փոխարենը դոտացիաներով կբերեն ինչ-որ հնդիկներ կամ այլ ժողովուրդների ներկայացուցիչներ, որոնք ընդամենը կդառնան այս տարածքում աշխատողներ։
Այս տեմպով որպես գործոն՝ ամբողջապես դադարեցնելու ենք մեր գործունեությունը»,- ասում է Կարապետ Պողոսյանը։
Նա վստահ է՝ թուրքական կողմին հետաքրքիր է միայն Հայաստանի հարավային հատվածը՝ Սյունիքի, Վայոց ձորի մարզերը։
«Այս պահին նաև տագնապալի տեղեկություններ ունենք այն մասին, որ Հայաստանի իշխանությունները բանակցում են Ադրբեջանի հետ Երասխի հատվածում որոշակի տարածքներ զիջելու, մասնավորապես խոսքը գնում է երկու կիլոմետրանոց հատվածի մասին, որն անմիջականորեն արդեն թուրքական դիրքերը կմոտեցնի միջպետական ճանապարհին։
Այսինքն՝ այստեղից մեզ համար պարզ է դառնում, որ թուրքական աշխարհն ավելի շատ շահագրգռված է Հայաստանն ամբողջապես վերցնել շրջափակման մեջ, Հայաստանից կտրել, տանել Սյունիքի և Վայոց ձորի մարզերը և արդյունքում մեծ ճանապարհներ ստեղծել «Մեծ թուրանի» երկարամյա գաղափարն իրականացնելու համար։
Իրականում շատ վտանգավոր է այս ամենը, որովհետև մենք վերջին 5 տարում միայն տեսանք անտրամաբանական զիջումներ, որի արդյունքում կորցրեցինք ամբողջական Արցախը և, ցավոք սրտի, այսօր կանգնած ենք հայկական պետականությունը կորցնելու կամ ձևական մակարդակով պետականություն պահպանելու եզրին»,- ասում է Կարապետ Պողոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Մարգարայի կամրջի լուսանկարները՝ Կարապետ Պողոսյանի