Լրահոս
Օրվա լրահոսը

«2-ամյա երեխայի վրա տանը եռման սուրճ են թափել: Ծնողներն անհայտ ծագման քսուք են քսել այրվածքներին և չեն դիմել բժշկի»

Հունվար 15,2024 20:33

Սույն թվականի հունվարի 14-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 1,5 տարեկան երեխա՝ դեմքի, պարանոցի և ձախ վերին վերջույթի շրջանում առաջացած այրվածքային վերքերով՝ հետագա բարդացմամբ:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 8-ին. երեխայի վրա տանը եռման սուրճ են թափել: Ծնողները փորձել են տնային պայմաններում «բուժել»՝ անհայտ ծագման քսուք են քսել այրվածքների վրա և չեն դիմել բժշկի։

Հունվարի 10-ին երեխայի մոտ դիտվել է բարձր ջերմություն՝ տենդ, բազմակի փսխումներ, որի պատճառով դիմել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության մեքենայով փոքրիկին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Երեխայի վիճակը բուժման օրերի ընթացքում Այրվածքաբանության ազգային կենտրոնում գնալով ծանրացել է։ Դիտվել են միզարտադրության հետ կապված խնդիրներ, ունեցել է դժվարաշնչություն, որովայնի փքվածություն, ցավոտություն, ազատ հեղուկ որովայնում և կրծքավանդակում։

Հունվարի 13-ին՝ գիշերը 1:30, երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք, նախապես վիրաբուժության և վերակենդանացման բաժանմունքների վարիչների կողմից զննվելուց ու փոխհամաձայնեցնելուց հետո։

Երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, գիտակցությունը՝ մթագնած, դիտվել է թուլություն, գունատություն, շնչառությունը՝ դժվարացած, հաճախացած, առկա է եղել հևոց, անհանգստություն: Որովայնի խոռոչում հայտնաբերվել է մոտ 500 մլ հեղուկ, իսկ պլևրալ խոռոչներում՝ 150 և 50 մլ հեղուկ։

Կատարվել է սրտաբանի կոնսուլտացիա, հայտնաբերվել է սրտի կծկողական ֆունկցիայի խիստ անկում, 3-4-րդ աստիճանի սրտային անբավարարություն, սեպտիկ միոկարդիտ, կարդիոգեն շոկ։

Ախտորոշված է եղել նաև մոտ 7% ջերմային այրվածք՝ պարանոցի, ձախ վերին վերջույթի շրջանում, այրվածքային հիվանդություն, հիպոալբունիեմիա, ասցիտ, երկկողմանի հիդրոթորաքս, 2-3-րդ աստիճանի շնչական անբավարարություն, սուր երիկամային անբավարարություն, սեպսիս:

Հաջորդ օրը՝ հունվարի 15-ի առավոտյան պացիենտի մոտ դիտվել է վիճակի վատացում՝ սրտի կանգ, կատարված վերակենդանացման միջոցառումների արդյունքում երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել:

Վերջնական կլինիկական ախտորոշում կտրվի դատաբժշկական փորձաքննության արդյունքում։

Եվս մեկ անգամ հորդորում և զգուշացնում ենք բոլոր ծնողներին չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ անհապաղ դիմել համապատասխան մասնագիտացված բուժհաստատություն՝ ցավալի բարդություններից խուսափելու համար:

 

«Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031