Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քիչ Սինատրա՝ բրիտանացիների եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի մեկնաբանությամբ

Հունվար 15,2024 20:20

Հունվարի 13-ին եւ 14-ին «Արամ Խաչատրյան»  համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես եկավ  Christmas Sinatra համերգային ծրագրով, որի ընթացքում Ֆրենկ Սինատրայի սիրված երգերը հնչեցին բրիտանացի ջազային երաժիշտ, կոմպոզիտոր, գործիքավորող, շեփորհար  եւ երգիչ Մարվին Մուոնեկեի կատարմամբ, իսկ համերգի հատուկ հյուրն էր փոփ երգչուհի` Քելլի Յանգը՝ դարձյալ Մեծ Բրիտանիայից: Նվագախումբը ղեկավարում էր ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը:

«Բարի երեկո, բարի…Բարի Ուայթ»,-հայերեն ողջույնով բառախաղի դիմեց Մարվին Մուոնեկեն: Նա եւ Քելլի Յանգը տառացիորեն բոցավառեցին դահլիճը, Նոր տարին ունկնդրի համար հին տոմարով եկավ հենց նրանց երգերով: Վերջում՝ բիս երգելուց հետո, բրիտանացիները հոտընկայս ծափահարություններով ու բրավոների տարափով երախտագիտությունն ու հիացմունքն արտահայտած հանդիսատեսին խոստացան հաջորդ տարի եւս այցելել Հայաստան:

Մարվին Մուոնեկեն, որ բրիտանական «The Voice» և «Got Talent» մրցույթների ամենավառ մասնակիցներից է, համերգից օրեր առաջ կայացած ասուլիսում լրագրողներին ասել էր, որ իր համար մեծ նշանակություն ունի Սինատրայի թողած համաշխարհային ժառանգությունը, քանի որ նա պայքարել է սեւամորթների իրավունքների համար:

Մարվին Մուոնեկեն մեծ պատիվ է համարել նաեւ Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ «Արամ Խաչատրյան»  համերգասրահում հանդես գալը:

Մուոնեկեն եւ Քելլի Յանգն առաջին անգամ էին մեր երկրում, անչափ ոգևորված էին, ինչի մասին հայտնեցին բեմից: Երգչուհու համար հետաքրքիր փորձառություն էր  Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես գալը, քանի որ մինչ այդ նա ելույթ է ունեցել միայն ջազային բենդերի հետ:

Համերգին մասնակցում էր նաեւ Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարը Կարինե Առաքելյանն է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031