7 թեկնածու՝ փետրվարի 7-ի նախագահական ընտրություններում՝ 7-ամյա պաշտոնավարման ժամկետի համար․ Ադրբեջանում մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների քարոզարշավը՝ առանց առաջատար ընդդիմադիր ուժերի մասնակցության, որոնք բոյկոտել են ընտրությունները՝ պնդելով, որ դրանց արդյունքները ևս «կանխորոշված են»։
Իլհամ Ալիևի մրցակիցների ցուցակը, այդուհանդերձ, թափուր չի մնացել: Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 17 գործիչ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, բավարարել է միայն 7-ի մասնակցության ցանկությունը։
Քվեաթերթիկում առաջինը Իլհամ Ալիևի անունն է, որը երկրի նախագահի պաշտոնն զբաղեցնում է 20 տարի։ Անցած տարիներին հենց նրա նախաձեռնությամբ է Սահմանադրությունից անհետացել երկու անգամից ավելի նախագահ ընտրվելու արգելքը, ինչի շնորհիվ Ալիևն արդեն հինգերորդ անգամ է առաջադրվում այդ պաշտոնում այս անգամ որպես «Հաղթանակած Ժողովրդի Հաղթական Առաջնորդը»․ հենց այս կարգախոսն է զարդարում նրա նախընտրական պաստառները։
Քարոզարշավի առաջին օրը թեկնածու Ալիևը սկսել է Բաքվում զինվորական նոր հոսպիտալի հանդիսավոր բացմամբ։ Նախագահի պաշտոնի համար Ադրբեջանի երկարամյա առաջնորդի հետ մրցելու հայտ ներկայացրած թեկնածուները, բացառությամբ Էլշադ Մուսաևի, Իլհամ Ալիևի ավանդական մրցակիցներն են, ովքեր վերջին երկու տասնամյակներին Ադրբեջանում տեղի ունեցած բոլոր նախագահական ընտրություններին մասնակցել են որպես նախագահի թեկնածուներ։ Բոլոր այդ ընտրությունները միջազգային դիտորդները քննադատել են, գնահատել ոչ թափանցիկ և ոչ մրցակցային։
Կարդացեք նաև
Ընդ որում՝ թեկնածուներից Գուդրաթ Հասանգուլիևը հինգերորդ անգամ է առաջադրվում այդ պաշտոնում: Բայց չնայած քաղաքական այդ հավակնությանը՝ Ալիևի վեց մրցակիցներն անխտիր՝ պատգամավորներ Ֆազիլ Մուստաֆան, Զահիդ Օրուջը, Գուդրաթ Հասանգուլիսևը, Ռազի Նուրուլլաևը, նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ Ֆուադ Ալիևը և Էլշադ Մուսաևը, ինչպես նշում է ադրբեջանական անկախ մամուլը, իշխանամետ գործիչներ են, ովքեր աջակցում են երկրի իշխող ընտանիքի քաղաքականությանը, կառավարության գործունեությանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: