Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը պարզաբանեց՝ Արցախից բռնի տեղահանվածներին տրվող ժամանակավոր պաշտպանության վկայականների էությունը։ Ըստ այդմ, տվյալ անձինք նշված վկայականով մեկնում են ՀՀ տարածքից դուրս։ Ըստ բանախոսի, դա վկայական է, որ քաղաքացին գտնվում է ՀՀ պաշտպանության ներքո եւ օգտվում է միջազգային պաշտպանությունից՝ Ժնեւի կոնվենցիաներին համապատասխան, չի կարող փոխանցվել Ադրբեջանին. «Սա լրացուցիչ պաշտպանության միջոց է ճանապարհորդելիս: Նման տեղեկանք արդեն տրվել է ավելի քան 53 հազար քաղաքացու»։
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիություն ստանալուն, ապա, Արմեն Ղազարյանի խոսքով, պարզեցված ընթացակարգեր են կիրառվել. ՀՀ քաղաքացիության 735 դիմում է ներկայացվել։
Ներկայումս իրականացվում է Արցախից բռնի տեղահանվածների գրանցումը ՀՀ հասցեներով. արդեն գրանցված է ավելի քան 40 հազար քաղաքացի։
Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ են նպաստ ստանալու հերթեր գոյանում եւ ինչո՞ւ քաղաքացիներին ժամանակավոր անձնագրեր չեն տրամադրում, Արմեն Ղազարյանն ասաց, որ բռնի տեղահանված քաղաքացիների հաշվառումն իրականացվում է սեպտեմբերի 24-ից, իսկ աջակցության ծրագրերով վճարումները կատարվում են արագ, ոչ թե հասցեների հաշվառման հիմքով, այլ, ելնելով տեղահանված լինելու փաստից: Մշտական վճարումներից՝ նպաստներ, թոշակներ, եթե խնդիրներ են առաջանում, ապա այն պատճառով, որ լիովին թվայնացված համակարգ չկա, հաշվապահական հաշվառման գործընթացը ստիպված են լինում իրականացնել թղթային ձեւով, ինչն էլ դառնում է հերթերի պատճառ։
Կարդացեք նաև
Հաշվառվել է ավելի քան 42 հազար քաղաքացի, առաջնահերթությունը տրվել է 63 տարեկանից բարձր քաղաքացիներին՝ կենսաթոշակների վճարումը չուշացնելու համար։ Ըստ Ղազարյանի, լուծված է արցախցի բոլոր կենսաթոշակառուների հաշվառման հարցը։ Իսկ արցախցիներին ժամանակավոր անձնագրեր տրամադրելու կարիք բանախոսը չի տեսնում, քանի որ նրանք կարող են աշխատանք գտնել՝ օգտագործելով առկա փաստաթղթերը, բացառությամբ այն աշխատատեղերի, որտեղ ՀՀ քաղաքացիություն է պահանջվում։
Մանրամասները տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ