ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը մտադիր է հանդիպել 2021 թվականի սեպտեմբերի 21-ին, Եռաբլուրում «կարմիր բերետավորների» գործողություններից տուժած զոհված զինծառայողների ծնողների հետ. այս մասին, այսօր կայացած ասուլիսում ասաց Վահե Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, որ զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնություն գործադրած ոչ մի ոստիկան չի պատժվել:
Նախարարը ափսոսանք հայտնեց տեղի ունեցածի կապակցությամբ եւ ասաց, որ քանիցս ասել է, հիմա էլ հաստատում է՝ հնարավորության դեպքում կցանկանար հանդիպել զոհվածների հարազատների հետ, որոնք եղել են Եռաբլուրում, երբ տեղի է ունեցել միջադեպը:
Հիշեցնենք, Եռաբլուր զինվորական պանթեոնից, զոհված զինծառայողների 34 ծնող էր բերման ենթարկվել 2021 թվականի սեպտեմբերի 21-ին: Ըստ գործի նյութերի, 439 ոստիկան է եղել դեպքի վայրում, բայց որեւէ ոստիկանի նկատմամբ քրեական վարույթ չի իրականացվի: Հիշեցնենք նաեւ, որ այդ օրը զոհված զինծառայողների ծնողները փակել էին պանթեոնի մուտքը՝ թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր, քանի որ նա պարտության էր տարել պատերազմում հայկական կողմին։ Ծնողները բերման էին ենթարկվել բիրտ ուժի կիրառմամբ:
Վահե Ղազարյանին հարց տրվեց նաեւ վերջերս, Ալավերդիում ավագանու նիստի ժամանակ ոստիկանների պահվածքի մասին, որոնց աջակցությամբ Ալավերդիում իշխանափոխություն տեղի ունեցավ՝ հայտարարելով, թե ահազանգ են ունեցել, որ հնարավոր են բախումներ, այդ պատճառով էլ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել քաղաքապետարանի շենքի մոտ: Վահե Ղազարյանը հստակ պատասխաններ չկարողացավ տալ հարցին, որ ոստիկանները խոչընդոտել են գործող քաղաքապետի մուտքը քաղաքապետարանի շենք:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ