Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 1-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը, ժամը 01:40-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Դավիթաշենի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն Ձոր 1 թաղամասի տներից մեկում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ոստիկանները պարզել են, որ նշված թաղամասի թիվ 14 տան սենյակում վարձակալման հիմունքներով բնակվողներ 34-ամյա Վաչագան Բալայանն ու 41-ամյա Թադևոս Մելքումյանը վիճաբանել են, ապա միմյանց հարվածներ հասցրել։ 2-ն էլ ստացել են մարմնական վնասվածքներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած քաղաքացին քաղաքական գործիչ, ԱԻՄ կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանն է:
«Հրապարակի» հետ զրույցում Պարույր Հայրիկյանը հաստատել է տեղեկությունը և զարմանք հայտնել, թե ինչու են հունվարի 1-ի միջադեպի մասին հիմա բարձրաձայնում․ «Հին բան է, մարդիկ իրար չեն հասկացել՝ այդքան բան։ Ես այնտեղ չեմ եղել, հետո իմացա։ Երբ որ իմացա, որ իմ տանը մնացող արցախցիները խնդիր են ունեցել, ահազանգեցի, որովհետև ես մեր բնակարանում էի։ Բայց ամեն ինչ կարգավորվել է` խնդիր չկա։ Ես խնդրեցի, որ ոստիկանությունն արագ միջամտի, որ սխալ բաներ չլինեն, հետո իմացա, որ ամեն ինչ նորմալ է»։
Կարդացեք նաև
Պարզ ասած` իր տանը բնակվող արցախցիները վիճել են եւ Պարույր Հայրիկյանը զանգահարել է ոստիկանություն, մինչ ոստիկանության գալը վիճաբանողներն արդեն հաշտված են եղել:
Երբ տեղեկացրել են, որ այս գործով Ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, Հայրիկյանը տարակուսանք է հայտնել` եթե բողոք չկա, ինչո՞ւ են ընթացք տալիս․ «Ոստիկաններին ես հարցրի, թե ինչ է կատարվում, ասեցին՝ ոչ մի հարց չկա։ Դա երևի իրենց պարտականությունն է` փաստաթղթեր կազմել ու զեկուցել, որ ինչ արդյունքի են հասել»։