«Ես կարծում եմ՝ նույնքան հավանական է, որ այս տարի գարնանը կլինեն սրացումներ, ինչքան հավանական էր 2023-ի ընթացքում կոնֆլիկտների և սրացումների հավանականությունը»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագան՝ Ալիևի հայտարարությունից հետո» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը։
Նրա հավաստմամբ՝ Ադրբեջանը մեր նկատմամբ միշտ ունենալու է պահանջներ․ «Ադրբեջանի հաջողության պատմությունը Հայաստանին հաղթելն է։ Ալիևը դա է փորձում իր հանրությանը վաճառել։ Մեր դիմադրողականության մակարդակն է այս առումով կարևոր»։
Ըստ Արեգ Քոչինյանի՝ Ադրբեջանին կարևոր է այն՝ ինքն ինչ է շահում ու կորցնում սրացման գնալուց։
Խոսելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ Արեգ Քոչինյանն ասաց․ «Մենք պիտի հարցնենք՝ կա՞ արդյոք որևէ տարբերակ, որին մենք համաձայնենք։ Ադրբեջանցիների ուզած ճանապարհների տրամաբանությունն այն է, որ մարդիկ գնան Նախիջևան, Նախիջևանից Ադրբեջան առանց վերահսկողության և մաքսատուրքերի։ Մի տարբերակ ինձ համար մշակել եմ՝ եթե ՀՀ-ն էլ Թուրքիայի տարածքով նմանատիպ ճանապարհ ստանա դեպի Սև ծով, դրա ափին նավահանգիստ կառուցելու իրավունքով։ Սա դասական հաղթանակ-հաղթանակ իրավիճակն է։
Կարդացեք նաև
ՀՀ-Ադրբեջան երկկողմ բանակցությունների մասին փորձագետն ասաց․ «Բանակցությունների՝ երկկողմ ձևաչափը մինչև այսօր ամենաօպերատիվ մակարդակի վրա է։ Երկկողմ բանակցություններով քաղաքական ձեռքբերումներ չկան։ Կա ռազմագերիների փոխանակում, միջոցառումների անցկացում։ Դրանք օպերատիվ մակարդակի որոշումներ են, սահմանագծման հարցով ևս օպերատիվ գործընթացներ կան։ Երկկողմ բանակցությունների ձևաչափով քաղաքական առաջընթաց կամ բովանդակություն չի եղել։ Միջնորդների հետ կապված կա Մոսկվա և Արևմուտք ուղղություն։ Արևմուտքում կան նրբերանգային տարբերություններ՝ Վաշինգտոնի և Բրյուսելի միջև, բայց առաջնայինը Վաշինգտոնն է։ Այստեղ շեշտադրում անեմ ՌԴ- Ադրբեջան պայմանավորվածության հետ կապված․ դա ավելին է, քան զուտ պայմանավորվածությունը ՌԴ-ի հետ կոմունիկացիաների բացման մասով։ Գործարքը հետևյալն է եղել․ Ռուսաստանը չի միջամտում Ադրբեջանի ռազմական գործողություններին, դրա դիմաց ստանում է երաշխիք, որ չի լինելու ամբողջական կարգավորում։ Այդ ամբողջական կարգավորումը չի վերաբերում միայն կոմունիկացիաներին։ Դա վերաբերում է սահմանազատմանը, զորքերը հետ քաշելուն, խաղաղությանը, քանի որ ՌԴ-ին այս տարածաշրջանում խաղաղություն պետք չէ։ Հայ-ադրբեջանական կարգավորումը, որին կհաջորդի հայ-թուրքականը, ամենավատ սցենարն է։ Տեսնում ենք տելեգրամում տեսանյութեր, որոնցում երևում է, որ ՊԲ նախկին զինամթերքը գնում է դեպի Մախաչկալա, ինչը երկրորդ պայմանավորվածությունն է, որ հայկական բանակի ողջ զենք-զինամթերքը կփոխանցվի ՌԴ-ին, իսկ դա պետք է Ուկրաինայում իր ճակատը պահելու համար»։
Արեգ Քոչինյանի կանխատեսմամբ՝ 2024-ը մեզ համար խնդրահարույց է նաև ընտրությունների տրամաբանության մեջ․ «Եվրոպական խորհրդարանում են ընտրություններ լինելու, Եվրահանձնաժողով փաստացի չի լինելու, նոյեմբերին ԱՄՆ-ում են ընտրություններ։ Բայց փաստ չէ, որ այնտեղ Բայդենի վարչակարգն է հաղթելու։ Եթե Բայդենը մեզ համար նախընտրելի տարբերակ է, քանի որ հայ-ամերիկյան հարաբերությունների ակտիվություն ունենք, ԱՄՆ-ի ներգրավվածության աճ կոնֆլիկտի հանգուցալուծման հարցում, բայց հիշում եք, չէ՞ Թրամփի վարչակարգը։ Դա իզոլյացիոնիստական կառավարություն էր, որը հնարավորինս նվազեցնում էր ԱՄՆ-ի դերակատարությունը։ Դա մեզ համար խնդիր է։ Մի կողմից կա միջազգային կոնյունկտուրայի խնդիր, մյուս կողմից կան մեզ համար հիմնական դերակատարներ, ներքին խնդիրներ։ Այս առումով Ադրբեջանը ժամանակ է ձգում, ինքը շտապելու տեղ չունի, կտեսնի, եթե իր համար ավելի հետաքրքիր ու պահանջված կլինի գնալ խաղաղության ուղղությամբ, կտեսնենք արագ առաջընթաց խաղաղության գործընթացում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի