Այսօր ԱԺ նիստում քննարկվեց «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը՝ բնակարան, անհատական բնակելի տուն ձեռք բերելու, կառուցելու նպատակով եկամտահարկի վերադարձման հետ կապված:
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հիշեցրեց, որ տարեվերջին ամրագրել են ժամանակացույց, ըստ որի՝ աստիճանաբար գոտիավորման սկզբունքով եկամտահարկի վերադարձը դադարելու է Երեւան քաղաքի վարչական սահմանների համար: Սրա նպատակը կառուցապատումը աստիճանաբար մարզեր ուղղորդելն էր: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս որոշման արդյունքում մարդիկ շտապել են ձեռք բերել բնակարաններ, ինչպես կառուցապատողներն են ասել, անգամ ոչ լավ դիրքում գտնվող բնակարանները սպառվել են:
Հիմա նախատեսում են, որ 2027-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձը դադարելու է գործել եւս 4 մարզերում՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր եւ Կոտայք: 2029-ից այն դադարելու է գործել մնացած մարզերում, բացառությամբ սահմանամերձ բնակավայրերի:
2025-ի հունվարի 1-ից հետո եկամտահարկի վերադարձը մեկ եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազարը: Այն քաղաքացիները, որոնք արդեն իսկ ունեն պայմանագրեր, իրենց վրա սա չի անդրադառնալու:
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց, որ նախկինում հիմնավորվում էր, որ երբ Երեւանում փակեն ծրագիրը, շինարարական բումը կտեղափոխվի մարզեր, հիմա հարցնում է՝ ի՞նչ ազդեցություն է թողել իրենց նախագիծը, չեն ասում. «Ակնկալած ազդեցությունը գոնե այս ժամանակագրությամբ մենք չենք տեսնում: Մենք ասում էինք՝ օրենքը փոփոխելով՝ դուք զեղչի էֆեկտ առաջարկեցիք: Դա վարքագծային ֆինանսների տնտեսագիտության մեջ հայտնի երեւույթ է, մարդը ձգտում է խուսափել կորստից, իսկ այս օրենքով դուք կորստի ռիսկ եք առաջացնում: Նա տեսնում է, որ հնարավորությունը էժան վարկ վերցնելու վերանալու է ու տունը լավն է թե չէ՝ վազում է տուն առնելու: Դա բերում է շուկայի գերտաքացման, փուչիկ է փչվում եւ այդ փուչիկը երբ որ պայթի, մենք լուրջ պրոբլեմ ենք ունենալու: Հանրային ֆինանսների կառավարման բնագավառում այս կառավարությունը 2 ական է ներդրել՝ արտաքին պարտք եւ այս շինարարական բումը, որն իրենք առաջացրել են: Ուզում էիք սառեցնել շուկան, ուրիշ բան անեիք, բայց այս ժամանակը, որը դրեցիք, պրոբլեմ է լինելու եւ կտեսնեք այն ցավը, որը մենք, ցավոք, տեսնելու ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ