Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկին նախագահները բանակցել են հայրենիքը զիջելու շուրջ, սա եւ Արցախում տեղի ունեցած իշխանափոխությունը հանգեցրեց Արցախի հայաթափմանը»․ ՔՊ-ական պատգամավոր

Հունվար 15,2024 16:24

«Խաղաղության օրակարգը, որը հռչակվել է իշխանությունների կողմից, պետք է անշեղորեն եւ տրամաբանական առաջ շարժվի։ Այդ ճանապարհին մենք բազմաթիվ դժվարություններ կարող ենք ունենալ, մեզ փորձելու են սադրել, մեզ փորձելու են հետ պահել խաղաղության օրակարգից, բայց քաղաքական առումով մենք անելու ենք ամեն ինչ, որ խաղաղության օրակարգը դառնա իրականություն։ Այլ բան է, որ սա միակողմանի անելը, իհարկե, անհնար է։ Ես ուզում եմ հավաստիացնել եւս մեկ անգամ, որ ՀՀ-ն խաղաղության օրակարգից շեղվելու ոչ մի ցանկություն չունի, մեր պետական շահը պահանջում է, որ մենք խաղաղության օրակարգով շարժվենք՝ հաշվի առնելով բոլոր դժվարությունները, մեզ համար զարմանալի, նաեւ անսպասելի հայտարարությունները»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։

Նա ասաց, որ ՀՀ պետական շահի դեմ ուղղված ոչ մի քայլ չեն անի իշխանությունները․ «Մեր ցանկությունը Հայաստանի 29 800 քկմ տարածքն անվտանգ դարձնելն է։ Եվ այս ճանապարհը բավական բարդ, կնճռոտ է, միգուցե նաեւ կարող է ցավոտ լինել, բայց մենք պետք է այս քայլերը հասցնենք իրենք հանգրվանին, որովհետեւ միայն այդ հանգրվանում ՀՀ-ն կարող է ունենալ այն ապագան, որը մենք երազում ենք»։

Լրագրողները հարց տվեցին Վաղարշակ Հակոբյանին՝ ե՞րբ հանձնվեց Արցախը։ «Իսկ ի՞նչ է նշանակում՝ ե՞րբ հայաթափվեց Արցախը։ 2020 թվականի ծանր պատերազմից, ազգային աղետից, ծանրագույն պարտությունից հետո Արցախը մնացել էր հայկական։ Արցախը մնացել էր հայկական այնքան ժամանակ, քանի դեռ Արցախում քաղաքական պրոցեսները չէին հանգեցրել միգուցե հեղաշրջման, միգուցե իշխանափոխության։ Արցախում տեղի ունեցավ իշխանափոխություն, եւ այդ իշխանափոխությունից 10 օր հետո, երբ Հայաստանի ընդդիմադիր տարբեր շրջանակներ ողջունում էին այդ իշխանափոխությունը եւ նշում էին, որ այժմ նոր դարաշրջան է սկսել արցախահայության եւ Արցախի կյանքում, տեղի ունեցավ Արցախի հայաթափում, տեղի ունեցավ բռնի տեղահանություն։ Եվ ես հիմա ձեզ եմ հարցնում՝ ե՞րբ տեղի ունեցավ Արցախի հայաթափություն։ Իհարկե, Արցախում հայաթափություն տեղի ունեցավ Արցախում իշխանափոխությունից հետո։ Ես կարծում եմ, որ 30 տարվա բանակցային գործընթացը, 30 տարվա քաղաքականությունը, որը շատ հաճախ եղել է ոչ մի թիզական ՀՀ-ում, այսինքն՝ ներքին լսարանի համար, բայց միջազգային բոլոր հարթակներում բանակցվել է հայրենիքը զիջելու շուրջ։ Նախկին նախագահները բանակցել են հայրենիքը զիջելու շուրջ, այս ողջ պրոցեսը, նաեւ Արցախում տեղի ունեցած սեպտեմբերյան իշխանափոխությունը կամ հեղաշրջումը հանգեցրեց նրան, որ մեր քույրերն ու եղբայրները բռնի տեղահանվեցին»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ Փաշինյանը հայտարարել է, թե սեփական կետից է բանակցում, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․ «Իհարկե, վարչապետը հայտարարել է, որ սկսում է սեփական կետից, բայց վարչապետը հայտարարել է, որ սկսում է սեփական կետից մի քանի պատճառով։ Եվ ես կարծում եմ, որ հիմնական պատճառն այն է, որ բանակցությունները մինչեւ թավշյա հեղափոխությունն արդեն մտած են եղել փակուղի։ Եվ այդ փակուղին է ստիպել, որպեսզի վարչապետը սկսի սեփական կետից: Ինչ վերաբերում է նրան, որ մենք՝ այս իշխանությունները հանձնել են Արցախը, սա իրականությանը չի համապատասխանում, դուք դրա մասին շատ լավ գիտեք։ Արցախի հայաթափումը, բռնի տեղահանությունը տեղի է ունեցել մի իրավիճակում, երբ ՀՀ իշխանությունն ուղղակի մասնակցություն չի ունեցել»։

«Առավոտի» հարցին, որ նախորդ տարի, երբ Ադրբեջանը փակեց Բերձորի միջանցքը, ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ չեն խառնվում այդ հարցին, որպեսզի Հայաստանից «Զանգեզուրի միջանցք» չպահանջեն, բայց այսօր Ալիեւն իր հայտարարություններով փաստում է, որ Հայաստանից տարածքային պահանջներ ունեն, արդյոք սա փաստո՞ւմ է, որ այս իշխանությունը մոլորեցրել է հայ հասարակությանը, Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց․ «Իշխանությունը հանրությանը մոլորեցնելու ոչ մի քայլ չի արել, ընդհակառակը, ձեր հարցադրումը հաստատում է, որ մեր իշխանությունը երբեք փորձ չի արել եւ չի մոլորեցրել ՀՀ հանրությանը։ Այլ բան է, որ կարող են լինել քաղաքական տարբեր տեսակետներ, հնչել տարբեր մոտեցումներ, բայց ֆունդամենտալ մոտեցումը հետեւյալն է՝ ՀՀ-ն պարտավոր է եւ պետք է պահպանի եւ ապահովի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ բնակչության անվտանգությունը ՀՀ-ում։ Եվ այդ անվտանգությունն ապահովելու ճանապարհին, իհարկե, մենք կարող ենք հանդես գալ տարբեր հայտարարություններով եւ կատարել տարբեր քայլեր, որոնք կլինեն ոչ հաճելի տարբեր կողմերի կամ քաղաքական տարբեր տեսակետներ ունեցող մարդկանց համար» ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031