Ոստիկանության մարզային ստորաբաժանումները 2024 թվականին վերանալու են. այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը: Ոստիկանության բարեփոխումների շրջանակներում՝ 2024 թվականին շեշտը դրվելու է չորս ուղղությունների զարգացման վրա՝ քրեական ոստիկանություն, համայնքային ոստիկանություն, պարեկային ծառայություն եւ ոստիկանական գվարդիա: Երեւանում եւ մարզերում այս ուղղություններով ծառայություններ են մատուցվելու՝ ուղղաձիգ կառավարմամբ:
Ի դեպ, համայնքային ոստիկանները ևս իրենց ամրակցված տեսախցիկներով կշրջեն:
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ ոստիկանության բարեփոխումների արդյունքում 629 հաստիք կտնտեսվի, այսինքն, այդքան մարդ կազատվի աշխատանքից:
Փոխնախարարը խոսեց համակարգում ատեստացիայի մասին. 1119 ոստիկանության ծառայող է մասնակցել ատեստացիային, նրանցից 189-ն է, որ հաղթահարել են քննությունը՝ 18-ը՝ գերազանց, 101-ը՝ լավ, արդյունքներով: Ոստիկանության երեք ծառայողներ, թմրանյութի օգտագործման դրական թեսթով, հեռացվել են համակարգից:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն էլ ներկայացրեց 2023 թվականի հանցագործությունների վիճակագրությունը՝ 11 ամիսների կտրվածքով. ըստ այդմ, հանրապետությունում արձանագրված հանցագործություններն աճել են 5,3 տոկոսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ըստ բանախոսի՝ աճել են հանկարծամահության դեպքերը, իսկ իրական սպանությունների դեպքերը մոտ 7 տոկոսով նվազել են: Աճել են նաեւ խարդախության դեպքերը՝ մոտ 350-ով, 2354-ով էլ աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը, 340-ով՝ կաշառքի:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ