Թիվ 124 մանկապարտեզ հաճախած երեխայի նկատմամբ ենթադրյալ բռնություններ կատարելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է ապացույցների անբավարարության հիմքով:
Այս մասին Aravot.am-ին ասաց տուժող երեխայի ներկայացուցիչ Ինեսա Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ 2022 թվականին մեծ աղմուկ էր բարձրացրել այս մանկապարտեզում տեղի ունեցած դեպքի մասին բարձրաձայնումը երեխայի մոր կողմից, ըստ որի, երեխային մանկապարտեզում ստիպել են կղանք ու հող ուտել, բռնության են ենթարկել:
Փաստաբանի խոսքով, անցած տարեվերջին են ստացել դատախազի որոշումը՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, ինչն արդեն բողոքարկել են:
Կարդացեք նաև
«Նշվում էր՝ ապացույցների անբավարարություն, որ անչափահաս երեխայի ցուցմունքներն է հիմքում դրված եղել եւ դրանից բխող երեխայի մոր ու մեծ քույրիկի: Մինչդեռ, ամեն դեպքում, մի շարք կարեւոր հանգամանքներ հաշվի չէին առել, որ առկա էր դատահոգեբանական փորձաքննության եզրակացություն, որի համաձայն՝ երեխան ամբողջությամբ ունակ էր ճիշտ ընկալել ու վերարտադրել իր հետ կապված դեպքերը: Կար նաեւ փորձաքննության եզրակացություն երեխայի մաշկի վրա այրման հետքի հետ կապված եւ կային բազմաթիվ տվյալներ, որոնք, մեր կարծիքով, կարող էին հիմք հանդիսանալ, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվեր ու գործը մտներ դատարան: Ստացվեց վերադաս դատախազի կողմից կայացրած որոշումը, որը մեր կողմից բողոքարկվել է դատարան»,- Aravot.am-ին ասաց փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
Մեր զրուցակցի խոսքով, այս վարույթով պարբերաբար քննիչ է փոխվել ու իր համոզմամբ, ժամկետներով պայմանավորված են վարույթը արագ ավարտել ու դրա շրջանակում հապճեպ որոշումներ կայացրել. «Առնվազն երեք քննիչ է փոխվել, վերջին քննիչը ավարտ տվեց այս գործին: Միանշանակ է, որ գործով ձգձգումներ էին տեղի ունենում, անհասկանալի երեւույթներ, քննիչներ էին փոփոխվում: Որպես տուժող կողմ՝ մենք նաեւ անընդհատ գրություններ էինք ուղարկում, ու, ըստ էության, կոնկրետ արձագանքներ էլ չէին լինում: Ի վերջո, կարծում եմ, որոշակի ժամկետներով պայմանավորված այսպիսի հապճեպ որոշում կայացրին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ