ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում «Գոյ» թատրոնը լուծարելու եւ Սունդուկյանի անվան թատրոնին միացնելու ծրագրի մասին ասաց. «Գիտե՞ք թատրոնը փակելու հիմնավորումը որն է: Տնտեսական արդյունավետությունը: Եվ սա ասում է այն կառավարությունը, որը Սնուփ Դոգի չկայացած համերգի համար ծախսել է 2,1 միլիարդ դրամ: Այդ գումարը Հայաստանի բոլոր թատրոնների մի քանի տարվա ծախս է: Կամ մանկական Եվրատեսիլը: Եվրոպական հեռարձակողների ընկերությունը որոշել է տարին մեկ հատ շոու ծրագիր անել: Եվ Հայաստանի հյուրընկալությունը, կարծեմ, 5 միլիարդ դրամ է արժեցել: Ընդ որում, ծախսերի մեծամասնությունը գնացել է տեխնիկայի վարձակալությանը: Վարձակալություն, ոչ թե գնել են, որ մնա մեր երկրին: Հսկայական տեխնիկա բերել՝ տրանսպորտ մաքսազերծում, հետո հետ են տարել: Էլ չեմ խոսում աշխատավարձերի մասին: Այն էլ ինչպիսի՜ աշխատավարձերի մասին: Ու հիմա այդ ծախսերն անողը, փակում է «Գոյ» թատրոնը, որն անկախ Հայաստանում ստեղծված բացառիկ թատրոններից մեկն է: Մեր հիմնական թատրոնները Խորհրդային Միությունում են ստեղծվել, ինչը շատ մեծ ձեռքբերում է: Եվ կան մի քանի թատրոններ, որոնք ստեղծվել են անկախ Հայաստանում: Մեր անկախ Հայաստանում ստեղծված թատրոնը, որը փոքր կոլեկտիվ ունի, բայց շատ պահանջված է, ընդամենը քաղաքական հայացքների համար փակվում է:
Հիմա էլ անցնում են բուհերին: Բրյուսովի անվան համալսարանը միացնում են մանկավարժականին, բայց բուհերից մեկի գող ռեկտորին մինչեւ հիմա չեն հեռացնում: Մինչեւ դա նաեւ հաստատվել էր նրա գրագողությունը, որի փաստն արձանագրել է Բարձրագույն որակավորման կոմիտեն, այսինքն, մասնագիտացված կառույցը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ