ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ն արդեն երեք տարի է իրականացնում է «Ինքնության դարբնոց» ծրագիրը: Այն կրում է շարունակական բնույթ և 2024 գարնանը կտրվի ծրագրի մեկնարկը:
«Ինքնության դարբնոց» ծրագրի շրջանակում ժողովրդական արվեստին նվիրված անվճար դասընթացներ են անցկացվում հասարակության մի շարք խոցելի խմբերի համար։
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը պատրաստ է հնարավորության սահմաններում ծրագրի շահառուներին, համագործակցող կազմակերպություններին ներառել իր հետագա ծրագրերում և աջակցել արհեստների ոլորտում իրենց առաջին քայլերն անող վարպետներին: Այժմ թանգարանում անցկացվում են տարբեր արհեստների դասընթացներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։
Տեղեկացնենք, որ 2023 թ. «Ինքնության դարբնոց» ծրագիրն իրականացվել է Երևանում, Վայոց ձորի և Տավուշի մարզերում։ Ծրագրի շրջանակում անցկացվել են «Ստվերների թատրոնի», փայտարվեստի, կարպետագործության և ասեղնագործության, թաղիքագործության դասընթացներ:
2023 թվականին «Ստվերների տիկնիկային թատրոնի» դասընթացները ներառվել են ծրագրում՝ հաշվի առնելով, որ այն ընդգրկված է ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։ Թանգարանը համագործակցել է «Այրոգի» ստվերների թատրոնի հետ։ Դասընթացի արդյունքում ձևավորվել է 4 թատերական խումբ, որոնք «Ստվերախաղքի ազգային երրորդ փառատոնին» տարբեր անվանակարգերում արժանացել են մրցանակների։
Փայտարվեստի դասընթացներն անցկացվել են Երևանում՝ թանգարանի փայտարվեստի ցուցասրահում և Վայոց ձորում՝ «Փայտփորիկ» նախաձեռնության համագործակցությամբ: Մասնակիցները պատրաստել են գդալ-շերեփներ, թիակ-խառնիչներ, գաթանախշիչներ, դաղդղաններ և կախազարդեր, ծանոթացել են Ժողովրդական արվեստների թանգարանի փայտարվեստի լավագույն նմուշների զարդանախշերին:
Կարպետագործության դասընթացներն անցկացվել են Իջևան քաղաքում «Թելիկ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Դասընթացների առանցքում է եղել շուլալ կարպետը, որը ևս ընդգրկված է ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։ Մասնակիցները նշված տեխնիկայով գործել են փոքրիկ կարպետներ:
«Ինքնության դարբնոց» ծրագրի շրջանակում «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում երեխաները ծանոթացել են հայկական գորգագործության և կարպետագործության հիմնական զարդանախշերին: Կարպետագործության դասընթացներ են անցկացվել նաև «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում» և «Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը»: Ժողովրդական արվեստի հետ շփումից զատ, այս դասընթացները բարերար ազդեցություն ունեն մեծահասակների և հատուկ կարիքներ ունեցող երեխաների առողջության, ժամանցի արդյունավետ կազմակերպման գործում:
Ծրագրի շրջանակում «Ջերմիկ անկյուն» խմբային տան Առինջի մասնաճյուղի հաշմանդամություն ունեցող անձինք զբաղվել են թաղիքագործությամբ, որը ևս ընդգրկված է ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։ Դասերն անցկացվել են «Կենաց տուն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:
Ծրագիրն այս երեք տարիների ընթացքում իրականացվել է Երևանում, Տավուշի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում: Ծրագրի իրականացման ընթացքում աշխատանքով ապահովվել են ժողովրդական արվեստի ոլորտի ութ մասնագետ։ Ծրագրի միջոցով շուրջ 200 շահառու ծանոթացել է ժողովրդական արվեստին, հանդես եկել որպես ստեղծագործող:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ