Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւն ամեն ինչ անում է՝ իր բանակը հզորացնելու համար, իսկ մեր երկրի ղեկավարությունը խոսում է սպառազինությունների վերահսկման մեխանիզմի մասին»․ Սեյրան Օհանյան

Հունվար 15,2024 14:57

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններին։

«Վերջին տարիների մեր եւ խմբակցության, եւ դաշինքի, եւ դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերի հնչեցրած միտքն այսօր հաստատվում է։ Հաստատվում է այն առումով, որ Ադրբեջանը, նաեւ թուրք-ադրբեջանական տանդեմը, հաջողության հասնելով՝ 2020 թվականի պատերազմից հետո իրենց ճնշումները, ՀՀ նկատմամբ պարտադրանքի լեզվով խոսելը շարունակում են։ Դա շարունակական էլ լինելու է, որովհետեւ այդ խաղաղության օրակարգը կեղծ է, խաղաղության օրակարգը ՀՀ իշխանությունները լավ չեն պատկերացնում։ Այն խաբկանք է ՀՀ համար։ Խաղաղության պայմանագիր չի կարող լինել, որովհետեւ պատերազմում պարտված իշխանությունները միշտ գտնվում են ճնշման եւ պարտադրանքի ներքո։ Այդ օրակարգը միակողմանի օրակարգ է, մեր կողմից դա խաղաղություն մուրալ է, իսկ հակառակորդի կողմից խաղաղության պարտադրանք։ Դրա համար Ալիեւի հռետորաբանությունը, կարելի է ասել, չի փոխվել, որովհետեւ ինքը շարունակական ձեւով յուրաքանչյուր փուլում նոր պահանջ է ներկայացնում ՀՀ նկատմամբ։ Մենք հասկանում ենք, որ իրենք ամբողջությամբ հայաթափելով Արցախը, ըստ էության ցեղասպանություն իրականացնելով Արցախի եւ Արցախի ժողովրդի նկատմամբ, հիմա արդեն անցել են Հայաստանի նկատմամբ իրենց ճնշումները շարունակելուն։ Հիմա եւ Ադրբեջանը, եւ Թուրքիայի համար այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, այսպես կոչված ենթակառուցվածքների բացումը, իսկ մեզ համար ամբողջ Սյունյաց աշխարհը, անվտանգության երաշխիք են հանդիսանում, որպեսզի իրենք կարողանան կապ ունենալ միմյանց միջեւ՝ միմյանց աջակցելու համար»,- ասաց նա։

Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ԱԳՆ-ում ծանոթացել են «խաղաղության պայմանագրի» նախագծին։ Ըստ նրա՝ դրանում որեւէ խոսք չկա այն պարտավորությունների մասին, որոնք պետք է իր վրա վերցնի նաեւ Ադրբեջանը։ «Ես նկատի ունեմ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը, սահմանազատում ու սահմանագծում իրականացնելը եւ նաեւ կոնկրետացումները տարբեր խնդիրներում, ես նկատի ունեմ՝ եւ սահմանային հարցերում, եւ քարտեզները։ Ես կարող եմ ընդհանրացված ասել, որ այսօր Ադրբեջանի հետ խաղաղության գնալու պայման մենք չունենք։ Ամենավատ իրադրությունը, որն այսօր կա, ինքը մեր հայրենիքի մի մասի նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել։ Եվ չեմ կարծում, որ նորմալ երկրի նորմալ իշխանությունները պետք է այդ իրավիճակում ձեռք մեկնեն, ասեն՝ մենք գնում ենք խաղաղության։ Ես նկատի ունեմ Արցախի հայաթափումը եւ Արցախի ժողովրդի, հայոց մեր երկրի մի մասի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելը»,- ասաց նա։

Սեյրան Օհանյանը հավելեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը նորմալ կառույցներ ունենար, որոնք ժամանակին կգնահատեին ռազմաքաղաքական իրավիճակը եւ նաեւ կորոշեին այն գերակայությունները, որոնք կան մեզ համար, կտեսնեին, որ խաղաղության վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը խաբկանք է մեզ համար։ «Ինքն ուշացումով է դա հասկանում, եւ այսօրվա մեր իրականության մեջ տեսնում ենք, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ ուշացումով են անում։ Ես նկատի ունեմ եւ պատերազմի ժամանակ պատերազմական գործողություները կանխելը, եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելը՝ պաշտպանություն իրականացնելու համար, եւ պատերազմական գործողությունները կանգնեցնելու հետո իրավիճակը, երբ իրենք բանավոր հրաման տվեցին զորքերը հետ քաշելու մասին՝ չհասկանալով, որ յուրաքանչյուր թիզ հող հետագայում հիմք է հանդիսանալու՝ դելիմիտացիա-դեմարկացիա իրականացնելու, բանակցային գործընթացում մեր շահերն առաջ տանելու համար։ Երբ պատերազմը կանգնեց, իրենք չհասկացան, որ ամենակարեւոր խնդիրները մեր սահմանների պաշտպանությունն է, պետք է բանակն արագ համալրել, մեր երկրի ամբողջ ներուժն օգտագործել, որպեսզի մեր սահմանների պաշտպանությունն իրականացվի։ Այսօր էլ նույն բանը մենք տեսնում ենք նաեւ արտաքին քաղաքական ոլորտում»,- հավելեց նա։

Անդրադառնալով հարցին, թե պատերազմի վերսկսման հավանականությունն ինչքա՞ն է գնահատում, Օհանյանը նշեց․ «Ես այսօր չէի ուզենա մեր ժողովրդին վախեցնել, բայց մենք այնպիսի իրավիճակում ենք, որ մշտապես պատրաստ պետք է լինենք մեր երկրի պաշտպանությանը։ Այնտեղ, որտեղ ավարտվում են բանակցությունները, այնտեղ սկսվում են պատերազմական գործողությունները։ Դրա համար մենք մեր երկրի անվտանգության ապահովման խնդիրներում երկու առաջնահերթություն պետք է տեսնենք, առաջինն ազգային երաշխիքների ձեւավորումն է։ Դա բանակն է, մեր համախմբվածությունն է, ժամանակին մեր սահմանների պաշտպանությունն ամրապնդելն է։ Այսօր որոշակի չափով աշխատանքներ այդ ուղղությամբ իրականացվում են, բայց ուշացած։ Եթե ուշացած չլինեին, այսօր վստահ կլինեինք, որ մենք կարող են հակառակորդին դիմադրել։ Եվ, իհարկե, կարեւոր է նաեւ միջազգային երաշխիքների ձեւավորումը, դա արտաքին քաղաքականությունն է, խելացի բանակցային գործողությունները»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ սպառազինությունների վերահսկման մասին, Սեյրան Օհանյանը նշեց, որ այդպիսի մեխանիզմներ գոյություն ունեն աշխարհում, եւ դրանից դուրս այլ վերահսկման մեխանիզմներ չպետք է փնտրել։ Յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ինքն է որոշում, թե ինչպիսի բանակ ունենա, եւ այդ բանակն ինչպիսի սպառազինություն պետք է ունենա։

«Ալիեւն ամեն ինչ անում է՝ իր բանակը հզորացնելու համար, իսկ մեր երկրի ղեկավարությունը խոսում է սպառազինությունների վերահսկման մեխանիզմի մասին։ Միջազգային մեխանիզմներ գոյություն ունեն, եւ մեր երկրի ղեկավարությունը լուրջ ուշադրություն պետք է դարձնի ոչ թե ոստիկանական ուժերի ուռճացմանն ու ավելացմանը, այլ բանակի համալրմանը, համապատասխան թվաքանակի բերմանը եւ նաեւ մեր սպառազինության, ռազմական տեխնիկայի ծրագրի իրականացմանը»,- նշեց նա։

Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչո՞ւ ընդդիմությունն առաջարկների փաթեթ չի ներկայացնում, այդ թվում՝ Արցախի հարցով, որպեսզի հանրությունը տեսնի ընդդիմության եւ իշխանության առաջարկների տարբերությունը։ Նրա խոսքով՝ այսօր ՀՀ-ում որոշումներ կարող են ընդունել եւ իրականացնել այն մարդիկ, որոնք լծակներ ունեն։ Այսօր լծակներ ունեն ՀՀ իշխանությունները, իրենք են կարողանում համապարփակ, համակողմանի գնահատման արդյունքում որոշումներ կայացնել, որովհետեւ իրենք են տիրապետում իրական իրադրությանը։ Նա հավելեց, որ ընդդիմությունը գործիքների պակաս ունի, բայց նախընտրական ծրագրերում բոլոր առաջարկություններն արել է։

«Ինչ վերաբերում է Արցախի հետ կապված խնդրին, այսօրվա իշխանությունները, ընդհանուր առմամբ, ձեռքերը լվացել են եւ Արցախի ճակատագրի վերաբերյալ որեւիցե որոշում չեն ընդունում։ Անձամբ ես հարց եմ տվել Նիկոլ Փաշինյանին, ինքը տարիներ առաջ՝ սկսած 2018 թվականից ասում էր՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ, ինքը պատասխանատու է անվտանգության երաշխավորն է, եւ այդ ամենն ամրագրված է մեր երկրի ռազմավարական եւ նախընտրական փաստաթղթերում, այսօր ինքն ասաց, որ պատասխանատու է միայն Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ զարգացման համար՝ առանց հասկանալու հետեւյալը, որ նախ Արցախը մեր հայոց աշխարհի մի մասն է։ Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է, Արցախի ժողովուրդն իրավունք ունի իր տարածքում անվտանգ ապրելու ու կայուն զարգանալու։ Ի վերջո, երբ Խորհրդային միությունը փլուզվել է, Արցախը դե ֆակտո ինքնորոշվել է այնպես, ինչպես Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը»,- ասաց նա։

Արցախի այսօրվա ճակատագրի ու հետագա քայլերի համար երեք կետ պետք է ֆիքսել, որն էլ պետք է Արցախի վերաբերյալ մեր ռազմավարության հիմք հանդիսանա։ «Առաջինը, հակամարտություն ավարտված չէ, Ադրբեջանն իր հանցագործ կեցվածքով ցեղասպանություն իրականացրեց Արցախի ժողովրդի նկատմամբ, եւ ինքը միջազգային հարթակներում դրա համար պետք է պատասխան տա։ Երկրորդ, եթե Արցախի ճակատագրի մասին ենք խոսում, նշանակում է, որ Արցախի սուբյեկտայնությունը պետք է պահպանվի, Արցախի իշխանությունները, բոլոր ինստիտուտները պետք է գործեն, իսկ այդ գործելու միակ վայրը որտե՞ղ կարող է լինել, եթե ոչ մայր Հայաստանում։ Հնարավորություն պետք է ստեղծվի, որպեսի մայր Հայաստանում Արցախի ինստիտուտները գործեն, եւ դա որեւիցե վտանգ չի կարող ներկայացնել Հայաստանի անվտանգության համար։ Դրանք կեղծ խոսքերն են, որի մասին Հայաստանի այսօրվա իշխանություններն ասում են։ Այս պայմաններում միջազգային հարթակում բանակցային գործընթացն այլընտրանք չունի՝ որեւիցե ձեւաչափով, կամ հին, կամ նոր ձեւաչափով։ Այս երեք կետերը պետք է հիմք ընդունել եւ դրա համար ռազմավարություն մշակել։ Իսկ այդ ռազմավարություն ո՞վ կարող է մշակել, կարող են մշակել միայն ՀՀ իշխանությունները Արցախի Հանրապետության իշխանությունների հետ մեկտեղ։ Ես անձամբ իմ կողմից որոշակի առաջարկներ արել եմ, դրանք նաեւ որոշակի գաղտնիություն են պարունակում։ Իրենք, ես նկատի ունեմ Արցախի իշխանությունները, հետագա իրենց գործունեության համար կօգտագործեն»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031