Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Թմրանյութերի անցումը կատարվել է ոչ թե մաքսակետով, այլ կետի վրայով՝ նետման միջոցով». Ռուստամ Բադասյան

Հունվար 15,2024 14:46

Այսօր ԱԺ նիստում քննարկվեց «Մաքսային կարգավորման մասին օրենքում» լրացումներ անելու նախագիծը, որով նախատեսվում է մաքսային հսկողության գոտում որեւէ գործունեություն ծավալելու, որեւէ բան վաճառելու համար պետք է ունենան մաքսայինի թույլտվությունը: Անմաքս առեւտրի ծառայություններ մատուցող ընկերությունների համար պետք է նախաորակավորում անցնեն, հետո կազմակերպվի մրցույթ՝ համապատասխան տարածք զբաղեցնելու համար:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին հարցրեց. «Վերջերս շատացել են առանց ակցիզ, անօրինական ծխախոտներն ու ոգելից խմիչքները, ի՞նչ պայքար է տարվում դրա դեմ: Եվ ապօրինի թմրանյութերի շրջանառության հետ կապված ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որ դրանք չներթափանցեն ՀՀ: Պարզ է, որ դրանք անցել են սահմանով եւ ոչ պատշաճ վերահսկողության արդյունքում հայտնվում ՀՀ-ում, աղետալի պատկեր է»:

Բադասյանը պատասխանեց. «Վերջին բոլոր խոշոր բացահայտումները եղել են Հարավային սահմանին եւ անցումը կատարվել է ոչ թե մաքսակետով, այլ կետի վրայով՝ նետման միջոցով: Մետամֆետամինի խոշոր դեպքեր են եղել, մասնավորապես, երեք-չորս վերջին դեպքերը, մենք միշտ մոնիտորինգ ենք արել՝ տեսնելու՝ դա մաքսակետո՞վ է անցել: Բայց սա չի նշանակում, որ մաքսակետում ռիսկ չունենք, կամ ամեն օր ՀՀ ուղարկվող փոստային առաքանիներում ռիսկ չունենք: Պարզ է, որ որոշ ծավալ չի հայտնաբերվում»:

Ինչ վերաբերվում է ծխախոտին, նա նշեց, որ անցյալ տարի ունեցել են առանց ակցիզ ծխախոտի առգրավման դեպքեր:

Գառնիկ Դանիելյանն արձագանքեց. «Երբ տոննաներով կոկաին է մտնում ՀՀ, պարզ է չէ՞, թե ոնց է մտնում՝ մաքսային սահմանով է մտնում: Խայտառակ վիճակ է եւ այն լուծումները, որոնք առկա են, դրա դեմն առնելու հնարավորություն այդ լուծումներով ես չեմ տեսնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031