Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական օրակարգից միջանցքի հարցը դուրս չի եկել»․ Արմեն Պետրոսյան

Հունվար 15,2024 14:31

«Մեկ հայտարարությամբ, կամ մեկ մամուլի ասուլիսով բանակցությունները փակուղի չեն մտնում,- հարցին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններից հետո կարելի՞ է ենթադրել, որ բանակցային գործընթացը փակուղի է մտնում, «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագան՝ Ալիևի հայտարարությունից հետո» թեմայով քննարկման ժամանակ այսպես պատասխանեց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը։ Նրա կարծիքով՝ ընդհանուր առմամբ՝ Ալիևի հայտարարությունները վնասում են բանակցային գործընթացը։

Ըստ նրա՝ Իլհամ Ալիևի հարցազրույցում խնդրահարույց հատվածը սահմանների հետ կապված հատվածն էր, երբ նա խոսում էր Երևանի՝ ադրբեջանական լինելու, Սյունիքի՝ ադրբեջանական լինելու մասին, հետո 40-50-ականների քարտեզներով սահմանազատման մասին։

Արեգ Քոչինյանը որոշակի առաջընթաց է տեսնում․ «Եթե նախկինում Ադրբեջանի նախագահը սպառնում էր Հայաստանին ուժային կարգավորմամբ ստանալու այդ միջանցքը, հիմա ասում է՝ չտաք, մենք էլ մեր սահմանները չենք բացի։ Սա պետք է հաշվի առնել․ սա քայլ առա՞ջ է, թե՝ ոչ։ Քայլ առաջ է, բայց ասել, որ բավարար է՝ ոչ»։

Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել Ադրբեջանում այսօրվանից մեկնարկած նախագահական ընտրությունների քարոզարշավի տրամաբանությունը․ «Երբ ՀՀ-ում քարոզարշավ էր, խորհրդարանական ընտրությունների թոհուբոհն էր, հնչում էին հայտարարություններ էլ «անջատում հանուն փրկության» մասին, մարդիկ կային՝ Շուշին ու Հադրութն էին հետ բերում, էլ ռևանշ, թե ընդդիմության կողմից, թե օրվա իշխանության կողմից»։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը համակարծիք է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ազդելու են բանակցային գործընթացի վրա, բայց գործընթացը դժվար թե փակուղի գնա․ «Այդ հայտարարությունները Ալիևին պետք են առավելագույնս Ադրբեջանի վարքագիծը կառավարելի պահելու համար, Ադրբեջանին անհրաժեշտ է իր համար հատկապես միջազգային հանրության հետ շփումներում խնդիրների առաջացման պարագայում մանևրի տեղ ունենալու համար։ Պարզ է և ակնհայտ, որ հարցազրույցի հիմնական շեշտադրումները, դրա առանցքը Ադրբեջանում ընթացող ընտրական գործընթացն է։ Հիմքն ամբողջ գաղափարախոսական և քաղաքական իրողություններն են, որոնք Ադրբեջանի գործող վարչակարգի կողմից անցյալ տասնամյակների ընթացքում արձանագրվել են՝ պայմանավորված արցախյան հիմնահարցով, կոնֆլիկտի մասով։ Հարցազրույցում որևէ տեքստ չկար երկրում եղած սոցիալ-տնտեսական խնդիրների, մարդու իրավունքների հետ կապված խնդիրների վերաբերյալ, Ադրբեջանի և այլ խաղացողների՝ մասնավորապես Իրանի հետ խնդրահարույց հարաբերությունների մասին։ Ադրբեջանի նախագահին դա պետք էր տեքստային քաղաքական հայտարարությունների և քարոզչական նպատակներով կապիտալիզացնել այն ամբողջ ձեռքբերումների փաթեթը, որն արձանագրվել է նրա կառավարման շրջանում»։

«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված Իլհամ Ալիևի հայտարարությունների մասին էլ Արմեն Պետրոսյանը նշեց․ «Ես երբևէ չեմ մտածել, որ ադրբեջանական օրակարգից միջանցքի հարցը դուրս է եկել․ չկա նման բան։ Եթե ճանապարհը լինելու է նույն սկզբունքներով, ինչպես հայկական կողմն է մշտապես բարձրացնում՝ ինչպես Իրանի հետ սահմանի անցման կանոններն են, ապա այդ եղանակով միջանցքը չի հետաքրքրում Ադրբեջանին, քանի որ նրան անհրաժեշտ է շատ ավելի դյուրինացված ամբողջովին միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ՝ ըստ Ադրբեջանի նախագահի։ Այսինքն, եթե կլինի նման ճանապարհ, ապա այդ դեպքում Ադրբեջանը կհամաձայնի իր բոլոր մարդկային և բեռների տեղափոխման հարցում՝ որպես ճանապարհ օգտագործել ՀՀ-ի տարածքով, այդ նույն միջանցքի ամբողջ ծրագիրը իրականացնել ՀՀ տարածքում, ոչ թե Իրանի, հակառակ պարագայում ընդհանրապես ճանապարհ չի լինի։ Իհարկե, նա որոշակի ճշգրտումներ անում է, որ այդ ազատ անցումը պետք է լինի բացառապես Ադրբեջանի քաղաքացիների ու ադրբեջանական բեռների համար՝ անգամ Թուրքիայից Ադրբեջան կամ այլ երկրներից դեպի Ադրբեջան, Թուրքիա անցման դեպքում այլ կանոններ պիտի գործեն, բայց ճանապարհի բացման և դրա հնարավորության օգտագործումը կարող է լինել բացառապես այն դեպքում, երբ ՀՀ-ն համաձայնի միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ տալ Ադրբեջանին»։

Հարցին՝ ՀՀ-ն կհամաձայնի՞ դրան, Արեգ Քոչինյանը պատասխանեց․ «Դժվարանում եմ ասել, թե ՀՀ-ի իշխանության տրամաբանության մեջ որն է միջանցքային տրամաբանությունը։ Այս թեմայով շատ են իրարամերժ տեղեկությունները։ Ցանկացած ճանապարհ, որը կտարբերվի ՀՀ տարածքում գործող որևէ այլ ճանապարհից իր տրամաբանությամբ, բովանդակությամբ, ձևով, մենք դա կկոչենք միջանցք։ Ի սկզբանե խոսակցությունն այս ճանապարհի մասին այլ էր։ Այս պահի դրությամբ Ադրբեջանի ուզածն այն է, որ մայրցամաքային Ադրբեջանից Նախիջևան մեկնող բեռներն ու մարդիկ պետք է չստուգվեն, պետք է որոշակի դյուրացված ռեժիմով այդ առևտուրն ու տեղաշարժերն իրականացվեն։ Սա լրիվ այլ խոսակցություն է, քան եղել է առաջ։ Առաջ ասում էին, որ այդ ճանապարհը պետք է բետոնապատ ձևով անջատված լինի մնացածից, այդ ճանապարհի անվտանգությունը պետք է ռուսներն ապահովեն, ով ոնց ուզի, ինչ ուզի՝ այդ ճանապարհով պետք է տանի, բերի։ Այստեղ էլ կա որոշակի առաջընթաց։ Սա կարող է մարդկանց մոտ ժպիտ առաջացնել, բայց ամեն դեպքում շատ վատի ու վատի միջև առաջընթաց կա։ Այս ամենը նշանակո՞ւմ է արդյոք, որ պատերազմի հավանականությունը նվազում է, ոչ։ Նույնքան հավանական է, որ այս տարվա ընթացքում գարնանը կլինեն որոշակի սրացումներ, ինչքան հավանական էր 2023-ի ընթացքում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031