Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավտոմեքենաների ներկրման ոլորտը ծանր դրության մեջ է հայտնվել». Բադասյանը վստահեցնում է, որ ՊԵԿ-ը կապ չունի

Հունվար 15,2024 14:21

Այսօր ԱԺ-ում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրեց «Պետական  տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով Գյումրիի մաքսատան ծանրաբեռնվածությունն են ուզում թուլացնել՝ տուրքերի բարձրացման միջոցով: Մաքսատանը ներկրված մեքենան պահելու համար օրական 1600 դրամի փոխարեն կգանձվի 5000 դրամ, այն էլ ժամանակավոր պահպանության 2-րդ օրվանից սկսած: Առաջին օրվա համար պետական տուրք չի գանձվի՝ դրանով խրախուսելով ավտոմեքենաների մաքսազերծումը մեկօրյա ժամկետում իրականացնելը:

ՔՊ պատգամավոր Գեւորգ Պապոյանն ասաց, որ սրա նպատակն է մեր երկրի մաքսատունը չվերածել ավտոկայանատեղիի:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասաց, որ տարիներ շարունակ այս ոլորտը միլիարդների մուտք է ապահովել բյուջե, բայց այսօր անզեն աչքով երեւում է, որ այս ոլորտում աշխատող մարդիկ իրենց կապիտալը դուրս են հանում: Գնում են այն երկրներ, որտեղ ավելի լավ պայմաններ են առաջարկում. «Մենք պիտի հարեւան պետության հաջողված փորձը վերցնենք, Վրաստանը ավելի գրավիչ պայման է առաջարկում: Կարող է մեքենան մի քանի շաբաթ չէ մի քանի ամիս էլ մնա, եթե դա լրացուցիչ գումար է ապահովելու, որ մտնի բյուջե, մարդիկ գալիս են` գումարներ են բերում իրենց հետ, այդ հարցերը պետք է լուծում ստանան»:

Բադասյանը պատասխանեց, որ ՊԵԿ-ը ոչինչ չի արել՝ ոլորտը վնասելու համար. «Անցյալ տարվա օգոստոսի 1-ից ուտիլիզացիոն վճարումների կարգավորում է ուժի մեջ մտել ՌԴ-ում եւ նաեւ որոշակի լոգիստիկ խնդիրներ են առաջացել աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված, որի արդյունքում ոլորտը ծանր դրության մեջ է հայտնվել: ՊԵԿ-ը որեւէ գործողություն չի արել, մենք, իհարկե, արել ենք մեր պարտականությունը այս ոլորտում տեղ գտած խիստ չարաշահումների դեմն առնելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031