«Այս ողջ պատմության մեջ ամենացավեցնողը նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանի տմարդի կեցվածքն է, ով մեր ոլորտից է, ճանաչում է մեր թատրոնի անձնակազմից շատերին, շփում ունի, անգամ ընկերական հարաբերություններ կան: Ստանալով տեղեկություն, որ ինքը մեզ մոտ տնօրեն է նշանակվում, ինքը չեկավ, մեր տղաներից ոչ մեկին չտեսավ, որ ասի՝ տղաներ ջան, ուրախացեք, ես նշանակվել եմ ձեր թատրոնի տնօրեն, դուք ինձ ճանաչում եք, մենք շատ լավ բաներ ենք անելու միասին, «Գոյ» թատրոնին կանաչ ճանապարհ է սպասվում… Չնայած պարզ էր, թե ինչու խուսափեց այդ հանդիպումից»,-ԿԳՄՍ նախարարության մոտ «Գոյ» թատրոնի միավորման դեմ ցույցի ժամանակ լրագրողներին ասաց «Գոյ» թատրոնի դերասան Արսեն Ազիզյանը։
Դերասանի խոսքով, ավելի ուշ հանդիպում է կայացել նորանշանակ տնօրենի հետ. «Իրենից լսեցինք հետեւյալ կարծիքը, թե թատրոնի ընդունման-հանձնման հետ կապված իր հետ զրույց չի եղել… Ասաց՝ ես չեմ եկել, որպեսզի թատրոնը փակեմ, ես չեմ ստորագրելու ոչ մի թուղթ… Իսկ այն հարցին, որ մեր տնօրեն Սարգիս Չոլոյանին հեռացրին ու քեզ նշանակեցին, որովհետեւ Սարգիսը չստորագրեց փաստաթուղթը, ուրեմն քեզանից են դա ակնկալում, ասաց, որ իր հետ նման թեմայով չեն խոսել»:
Արսեն Ազիզյանը հավելեց, որ նորանշանակ տնօրենը սկզբում իրենց հավաստիացրել է, թե միավորման մասին որեւէ թուղթ չի ստորագրի, սակայն երկու օր անց այլ բան է ասել. «Ես պետք է ստորագրեմ, չեմ կարող չստորագրել, ես ստիպված եմ ստորագրել: Ինքը կարիերա է ուզում անել եւ այդ պատճառով ստորագրելու է… Երեւի իրեն գոհացնում է այն փաստը, որ մի շաբաթով ուզում է դառնալ տնօրեն, որ հետո մեր անձնակազմի փոխարեն ուրիշ անձնակազմով խմբակի ղեկավար դառնա…»:
«Գոյ» թատրոնի դերասանն ասում է, որ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի հետ իրենք որեւէ խնդիր չունեն. «Այնտեղ շատերը մեր ընկերներն են, Սունդուկյան թատրոնից որոշ դերասաններ զբաղված են մեզ մոտ, եւ եթե առաջարկ լինի Սունդուկյան թատրոնից ինձ հրավիրելու, ես կմտածեմ, ու այդտեղ ոչ մի արտառոց բան չի լինի… Իսկ մեր թատրոնների վերամիավորման արդյունքում չկան այն երաշխիքները, որ 2 ամիս կամ 3 տարի հետո ուրիշ անակնկալներ չեն լինելու…»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Արսեն Ազիզյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից